ԵՏԵՎՈՒՄ… ԾՆՆԴԱՎԱՅՐՆ Է

2010_23

«Արտադրվում է Սիսիանում» մեր խորագրի համար թեմա էինք փնտրում: «Սիսիանի թթվասեր», «Սիսիանի մածուն», «Սիսիանի պանիր» ապրանքանիշը ավելի քան բնութագրող էր: Մեծ էր մեր խանադավառությունը՝ Սիսիանի պանրի, մածունի, կաթի երբեմնի համբավն ու հռչակը վերականգնելու համար երիտասարդ գործարար Հուսիկ Ստեփանյանի կատարած առաջին քայլերը տեսնելիս:

Սիսիանի պանիրն ու մածունը ինքնին արդեն  ճանապարհ հարթած, ընդունված, գնահատված ու ժամանակի փորձություններին դիմակայած բնամթերքի համբավ ունեն, եւ ահա այս հանգամանքը հաշվի առնելով, կաթի ինժեներ-տեխնոլոգի մասնագիտությամբ զանազան ընկերություններում աշխատանքային ու մասնագիտական փորձ ու հմտություններ ձեռք բերած, Երեւանում եւ այլուր ուրիշ բիզնեսների մեջ հաջողած՝ Հուսիկ Ստեփանյանը Սիսիանում նույնպես փորձել է արտադրություն հիմնել: Իսկ թե հատկապես ինչու կաթնամթերքի, իր բացատրությունն ու մեկնաբանությունն ունի: Ասում է, որ նախ դա իր մասնագիտությունն է, հետո՝ Սիսիանի կաթը տարբեր տեղերից տանում են, ինչու տեղում չարտադրել եւ վերականգնել Սիսիանի պանրի ու կաթի արտադրությունը հենց Սիսիանում ու այն դարձնել հայտնի բրենդ՝ մեծ շուկայում, ինչպես որ նախկինում էր: «Այն, ինչ արել ենք մինչ հիմա,- ասում է Հուսիկ Ստեփանյանը,- մեր մեծ նպատակի միայն փոքր մոդելն է, հետագայում, երբ ամեն բան բարեհաջող կընթանա, սրա հիման վրա կկառուցենք տիպային մեծ գործարան: Կրասնոդարի երկրամասում, ուր նույնպես մեծ բիզնես ենք կազմակերպում, նպատակը Սիսիանում այս բիզնեսի զարգացմանը խթանելն ու հզորացնելն է»:
2007-ին է Սիսիանում գրանցվել «Սիս-Ալպ» համատեղ ՍՊԸ-ն: 2008-ին զբաղվել են միայն շինարարությամբ՝ Նելսոն Ստեփանյան փողոցում գնելով ընդամենը 4 պատ ունեցող կիսակառույց: Կառուցվել է արտադրամասը, պահեստամասերը, պանրի պահպանության եւ հասունացման ավազանները, տեղադրվել են վերամշակման սարքավորումները, կատարվել է մոտ 100 հազար դ2010_24ոլարի ներդրում: Առայժմ չնայած մեծ չեն արտադրանքի ծավալները, բայց, ինչպես հավաստիացնում է  Հուսիկ Ստեփանյանը, այն իր շուկան ունի ոչ միայն Սիսիանում, այլեւ Երեւանում: Առաջիկայում նախատեսվում է 1.5-2 անգամ մեծացնել մթերվող կաթի ծավալը, բնականաբար մեծացնելով նաեւ արտադրանքի ծավալն ու տեսականին: Պատմում է, որ հետադարձ տարաների մեջ գնորդն իրենց է ուղարկել նաեւ շնորհակալական երկտողեր, ինչն ավելի է պարտավորեցրել եւ պատասխանատու դարձրել իրնեց: «Մեր նպատակներից կարեւորագույնը նաեւ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությունն է սանիտարահիգիենիկ մաքուր պայմաններում եւ արտադրված բարեխղճորեն»,- հավելում է Հուսիկ Ստեփանյանը, հետո վստահաբար ավելացնում, որ իր ընտանիքը նույնպես խանութից է գնում իրենց արտադրանքը: Սա արտադրողի հեղինակության խնդիրն էլ է:
Հե՞շտ է Սիսիանում բիզնես սկսելը եւ՝ ինչու՞ Սիսիանում, հարցնում ենք Հուսիկ Ստեփանյանին, այն դեպքում, երբ Երեւանում, Կրասնոդարում ունեն մի քանի բիզնես, փորձում են շուկա գտնել նաեւ Վրաստանում: Հուսիկի պատասխանն ավելի քան պարզ էր ու բնական. «Բոլոր հնարավորությունները կային կաթի արտադրությամբ զբաղվել, ասենք, Կոտայքի մարզում, ուր եւ շուկան է մոտիկ, ուր եւ պայմաններն են նպաստավոր, ուր եւ արտադրանքն է շատ, բայց Սիսիանն է իմ ծննդավայրը (չնայած Գորայքում եմ ծնվել), այստեղ եմ ապրել, սովորել: Եթե ուրիշ արտադրություն լիներ, կարելի էր եւ ուրիշ տեղ, բայց քանի որ Սիսիանում կաթնամթեքի մեծածավալ արտադրություն չկա, գուցե նաեւ դրա համար: Վաղ է շահույթի մասին խոսելը, չնայած, ինչ խոսք, շահույթ հետապնդելու համար է ամենն արվում, բայց նաեւ աշխատատեղեր կստեղծվեն, գյուղացիների արտադրանքը կգնվի, անասնապահությունն էլ կզարգանա, շրջաններն ու գյուղերն էլ կկայունանան, մարզային, գյուղական կյանքն էլ կբարելավվի»: Ամեն ոք կկարողանա՞ վերցնել ու բիզնես սկսել, հարցնում ենք Հուսիկին, եթե դրա համար գոնե անհրաժեշտ գումարը ունի, եւ ի՞նչ խոչընդոտներ կան: «Խոչընդոտներ, դժվարություններ շատ կան,- ասում է Հուսիկը,- բայց մեկ-երկու անհաջողությունից ետ կանգնելը գործարար մարդուն բնորոշող չէ: Եթե այդպես լինե~ր… Չնայած կարծում եմ, որ մարզում, հեռավոր քաղաքում գործարարությամբ զբաղվող ցանկացած մեկին պիտի օգնել, խրախուսել, առնվազն երեք տարով ազատել հարկերից, որ մարդիկ ներդրումներ անեն, աշխատատեղ բացեն, մարզերը պիտի տնտեսական ազատ գոտի հայտարարվեն, հարկային, վարկային արտոնություններ սահմանվեն: Միայն այս դեպքում կկանխվի արտագաղթը, կկայունանա տնտեսությունը, կավելանա արտադրանքը»:
«Արտադրվում է Սիսիանում». չէ՛, սա նեղ հայրենասիրական սնապարծություն չէ, ոչ էլ՝ հեղինակություն ու համբավ ձեռք բերելու հեշտ ճանապարհ: Դա պատասխանատվություն է կրելու այն ժառանգությունը, որ տասնամյակներով ստեղծվել-ճանապարհ է անցել, դա պատասխանատվություն է այն նորովի, նոր ժամանակներին ու պահաջներին համապատասխանեցնելու:
Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, մի ժամանակ, երբ ետ նայելու պահանջն ու կարիքը իրենք իրենց են գլուխ բարձրացնում, հիշեցնելու, որ դու սկսվում ես մի կետից, որը կոչվում է… ծննդավայր, այս դեպքում՝ Սիսիան…

Դիաննա ԲԱԽՇՅԱՆ

 

385 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *