ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ՝ ՎԱՂԱՏԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ

Շահեն Գրիգորյանը Սիսիանի տարածաշրջանի Վաղատին համայնքը ղեկավարում է 2005 թվականից: Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ նա եղել է Թալիշի դիրքերում մարտնչող սիսիանցի կամավորականների կողքին եւ մեծ աջակցություն ցուցաբերել նրանց: Թալիշում զոհված սիսիանցիների հիշատակին կանգնեցված խաչքարի բացմանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է անհատական հուշանվերով:

Սակայն ընթացիկ տարում դա Շահեն Գրիգորյանի միակ եւ վերջին պարգեւը չէր: Տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 20 ամյակի կապակցությամբ նրան հաճելի անակնկալ  էր սպասում. Արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքի համար Շահեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով: «Յուրաքանչյուր մարդու համար էլ հաճելի է իր աշխատանքը գնահատված տեսնելը: Այս պարգեւը առավել պարտավորեցնող է, առավել ոգեւորող: Իսկ երբ վերադարձա գյուղ, համագյուղացիներս մեծ խանդավառությամբ հենց գյուղամիջում դիմավերեցին ինձ, շնորհավորեցին բարձր պարգեւի արժանանալու համար, ինձ էլ երախտագիտության զգացումով համակելով իրենց նկատմամբ,-ասաց Շահեն Գրգորյանը՝ հավաստիացնելով, որ իր դժվարություններով, ծանր կորուստներով հանդերձ՝ 2016 թ. նաեւ հաջողությունների տարի էր իր համար,-Արցախյան քառօրյայում մեր զինվորների ցուցաբերած արիությունը եւ թշնամուն մեր դիրքերից ետ շպրտելը մեր ոգու հաղթանակն էր, որը պիտի նոր հաղթանակներ կռի»,-հավելեց նա:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *