Երանի Շաքեի ջրվեժն ամեն օր ջրվեժի դերում լինի, ոչ թե՝ սիսիանցիների պատկերավոր խոսքով՝ քարվեժի, կամ՝ չորվեժի…

Ամռան ամիսներին թեեւ մարդաշատ է Շաքեի ջրվեժ տանող ճանապարհը, բայց շաբաթ օրը ձորն առավել «աղմկոտ էր». Շաքեի գեղուհի ջրվեժը մի քանի ժամով ջրվեժ էր «աշխատում», ու ջրի շառաչին խառնվել էին մեծ թվով այցելուների աշխույժ ձայները, զինվորական եռուզեռը: Զինվորները բահերով, քլունգներով հարթեցնում, լայնացնում, բարեկարգում էին ջրվեժ տանող այծոտն ճանապարհը: Սիսիանի զորամասի զինվորներն էին՝ հրամանատարական կազմի ղեկավարությամբ:

Զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանն ասաց, որ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը զորամասում հայտարարված է սանիտարական օր, ինչն իր մեջ ներառում է ոչ միայն զորամասի, մշտական տեղակայման վայրի, շենքերի տարածքների, օժանդակ օբյեկտների եւ ընդհանրապես ենթակառուցվածքների սանիտարական մշակում եւ բարեկարգում, այլեւ՝ զորամասին հարակից տարածքների պատմամշակութային եւ ճարտարապետական կոթողների սպասարկումը, եւ այդ շրջանակներում իրենք իրականացնում են ջրվեժ տանող դժվարանց, որոշ հատվածներում՝ վտանգավոր արահետի բարեկարգման եւ լայնացման աշխատանքներ: «Այս որոշումը կայացվեց մոտ 2 ամիս առաջ, երբ կոլումբացի սեւամորթ մի տուրիստ իր երեխայի հետ ընկավ ձորը, եւ ես դրա ակնատեսը եղա: Լեզուն չէի հասկանում, բայց հասկացա, որ արահետն այսպես թողնելն ուղղակի պատվաբեր չէ մեզ համար, եւ որոշեցի բարեկարգել ու առավել անվտանգ դարձնել այն: Մյուս կողմից՝ չկա Սիսիան՝ իր զինվորին տեսակցելու եկած որեւէ ծնող, որ չօգտվի բնության հրաշալիք Շաքեի ջրվեժը տեսնելու պատեհությունից եւ չգնա այնտեղ: Ասեմ, որ նորակոչիկներին նույնպես բերում ենք, եւ ինձ, որպես հրամանատարի, նախ դա է հուզում, ու հենց դա խթանեց արահետը լայնացնելու, DSC04731բարեկարգելու եւ վտանգները նվազեցնելու աշխատանքների իրականացումը»: Հրամանատարը նշեց, որ հետիոտնի ճանապարհի լայնացումն ու բարեկարգումը ոչ միայն կխթանի այցելուների աճին, այլեւ՝ առավել անվտանգ կդարձնի առանց այն էլ թեք ու լանջն ի վեր բարձրացող կածանը: «Այսօր ջրվեժն իր տարերքի մեջ էր եւ՝ չքնաղ: Կուզենայի, որ այն միջտ այդպիսին լիներ: Թե ինչու այդպես չէ, ինձ չեմ վեապահում այն գնահատելը, բայց, կարծում եմ, ցանկալի կլինի այս բավականությունը եւ վայելքը մեր հյուրերին եւ տուրիստներին պարգեւել մշտապես»,-ասաց հրամանատարիը:

Անդրադառնալով տարածքի՝ բնապահպանական խնդիրներին, հրամանատարը նշեց. «Բնական միջավայրի խախտման մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետեւ այն արահետը, որ տանում է ջրվեժ, ջրվեժի համայնապատկերի մեջ չի, այն ընդամենը ջրվեժ տանող ուղի է: Ունենալ միայն մի ոտնաչափ տեղ, կարծում եմ՝ նախ մեզ չի սազում, ավելի շուտ պետք է արվեր, բայց՝ լավ է ուշ, քան՝ երբեք: Ասեմ ավելին՝ պետք է ավելի լայնացնել արահետը, ձախից՝ գետին հարող կողմը ցանկապատել, որպեսզի մարդիկ, հատկապես, սահմանափակ շարժունակություն ունեցողները, կարողանան անվտանգ քայլել եւ հասնել ջրվեժ»:

Այնտեղ էր նաեւ Շաքեի համայնքի ղեկավար Վահան Ղազարյանը: «Շաքեի ջրվեժը գտնվում է  Շաքեի համայնքի վարչական տարածքում՝ իր գեղատեսիլ ձորով: Քանի որ համայնքի միջոցները սուղ են, խնդրել ենք Սիսիանի զորամասի հրամանատարին՝ իրականացնել հետիոտնի ճանապարհի հարթեցման, բաերկարգման, լայնացման աշխատանքները: Տեղանքը խիստ թեքություն ունի, շատ վտանգավոր է մանավանդ անծանոթ տուրիստների եւ երեխաների համար: Ճանապարհը անցանելի, անվտանգ դարձնելու խնդրանքով մեզ դիմել էին բազմաթիվ հասարակական, տուրիստական կազմակերպություններ, հաշմանդամներիDSC04740՝ «Խարիսխ» ՀԿ-ն, որ իրենց էլ ջրվեժին հասնելու հնարավորություն տրվի: Խնդրի կարեւորությունը հաշվի առնելով՝  դիմել ենք երկրապահներին, Սիսիանի զորամասի հրամանատարությանը, եւ զորամասի ու համայնքի համատեղ ուժերով հետիոտնի ճանապարհը լայնացվում է մոտ 90 սմ, որ կարողանան սայլակներով անցնել: Բայց տեղանքն այնքան բարդ է ու դժվարին, որ նույնիսկ դա էլ հնարավոր չէ առանց տեխնիկայի, սակայն տեխնիկա չենք բանեցնում, աշխատում են քլունգներով, լոմերով եւ բահերով, քանի որ փորձում ենք պահպանել արահետի նախկին տեսքը»:

Խոսելով բնական միջավայրը պահպանելու, բնապահպանական խնդիրներ չառաջացնելու, բնական հուշարձանին որեւէ վնաս չպատճառելու հարցերից, Շաքեի համայնքի ղեկավարն ասաց. «Չեմ կարծում, որ որեւէ բնապահպանական շեղում է տեղի ունեցել ջրվեժ տանող ճանապարհին, ընդամենը՝ բահերով, լոմով եւ քլունգով մոտ 90 սմ լայնացվում, հարթեցվում է կածանը, որ տուրիստը եւ այցելուն կարողանա ազատ DSC04728շարժվել: Դժբախտ պատահարներ, բարեբախտաբար, չեն եղել, բայց ջրվեժին մոտեցող դժվարանցանելի քերծի տակ դեպքեր եղել են, նույնիսկ մի հոլանդացի տուրիստի Սիսիանի երիտասրադներն են փրկել, ով սահել-ընկել էր ջուրը եւ ուշագնաց եղել: Պիտի խնդրենք հրամանատարին, որ այդ հատվածում ճանապարհը 90-ի փոխարեն, գոնե, 60 սմ լայնացնի»:

Հարցին, թե ճանապարհի բարեկարգումը կխթա՞նի տուրիստների թվի աճին, համայնքապետն ասաց. «Շաբաթ օրով էր պայմանավորված, թե՝ այլ բանի, բայց այսօր տուրիստների մեծ հոսք կա, նաեւ՝ տեղացիների, երեխաների… հիմա նրանք կարող են առավել անվտանգ եւ բարեկարգ արահետով հասնել ջրվեժ՝ զերծ մնալով անցանկալի դեպքից: Նախատեսում ենք նաեւ սանիտարական, բուսականության ձեւավորման աշխատանքներ իրականացնել, որովհտեւ տուրիստական սեզոնը դեռեւս շարունակվում է»:  

Մեզ հետ զրույցում Հայկուհի անունով մի կին ասաց, որ եկել է Եւրեւանից՝ իր հարսի հող ու ջուրը, նրա ծննդյան օրն են նշում, եւ գոհունակություն հայտնեց, որ այն համընկավ ջրվեժ տանող ճանապարհի կարգավորման աշխատանքներին: «Հաճելի էր, որ մեր զինվորները բարեկարգում են արահետը, բարի ու օգտակար աշխատանք են կարատրում, որ մարդիկ կարողանան տեսնել, թե ինչ հրաշք բնություն ունենք եւ Շաքեի նման ի՜նչ գեղեցկություն»:

Բայց՝ երանի, որ Շաքեի՝ շքեղաշուք ջրվեժը ամեն օր իր նախաստեղծ՝ ջրվեժի դերում լինի, ոչ թե՝ սիսիանցիների պատկերավոր խոսքով՝ քարվեժի, կամ՝ չորվեժի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

 

Մեկ Արձագանքման Երանի Շաքեի ջրվեժն ամեն օր ջրվեժի դերում լինի, ոչ թե՝ սիսիանցիների պատկերավոր խոսքով՝ քարվեժի, կամ՝ չորվեժի… համար

  1. Արա says:

    Շնորհակալություն զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանին հայրենանվեր գործունեության համար:
    Մնում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր տեղում լինի և ձերբազատի՝ Շաքեի ջրվեժը հինգ հազար դրամանոց ապօրինի բիզնես ծրագիր դարձնելու աղասիական մոլուցքից: Կարծում եմ վարչապետն այդքան կամք և կարողություն կդրսևորի՝ բնության հրաշալիքը փրկելու համար:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *