ԵՐԲ ՀԻՇԱՏԱԿՆ ԷԼ ԹԱՌԱՄԻ…

Սիսիանի տարածաշրջանից աֆղանական պատերազմին (1979-1989թ.թ.) մասնակցած շուրջ 40 զինվորներից տուն չվերադարձավ միայն Մարատ Մաթեւոսյանը: Նա մեր համաքաղաքացին էր, ում հարկ է ճանաչել ու հիշել, նա մարտիկ էր, որ զոհվեց  հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ինքը չէր ընտրել իր ճանապարհը, բայց նրան էր բաժին հասել իր ծառայությունը Աֆղանստանում անցկացնելու եւ ծննդավայրից այդքան հեռու զոհվելու ճակատագիրը:

Աֆղանական պատերազմը Մարատի մոր` տիկին Ջեմմայի համար  լոկ պատմության շրջած էջ չէ, այլ` հոգում խրված սեպ ու անթեղված մորմոք. մինչ օրս շարունակվող պատերազմ: Մի կողմից` մայրական խոցված ու վշտահար  սիրտ , մյուս կողմից`  հիշողություններ,  անդառնալի  ցավ, որդու ընդհատված կյանք: Ցավն ամեն անգամ հառնում ու նորովի մորմոքում է  մայրական հոգին, մշտապես տանջող հարցի պատասխանը չգտնելու անզորությունից. ինչո՞ւ եւ հանուն ինչի՞ զոհվեց որդին, ինչո՞ւ, …  անցածը ետ չես բերի, գոնե` հիշեն, գոնե` ճանաչեն, նա էլ էր հայրենիքի մարտիկ, ծաղկուն երիտասարդ, որը այլեւս հուշ է, անջինջ մի հուշ մոր համար:
Տիկին Ջեմմայի հետ մեր հանդիպմանը երկար պատրաստվեցի, միգուցե իմ այցը բորբոքի ցավը, միգուցե հուշերի մասին խոսելը ավելորդ անգամ հուզմունք պատճառի նրան, բայց նպատակս պետք է իրականացնեի, հարգանքի տուրք մատուցել այն մորը, ում որդին  աֆղանական պատերազմից տուն չվերադարձավ:
Հանդիպելով տիկին Ջեմմային /շատերը նրան գիտեն նաեւ որպես Ջանյա/ ասացի այցիս նպատակը, հուզվեց, տուն հրավիրեց ու կերկեր ձայնով  շնորհակալություն հայտնեց, հիշեց, որ Մարատի մասին մեկ էլ գրվել է… զոհվելու ժամանակ, ու` դարձյալ «Որոտանում»:  Հասկացա, որ ճիշտ պահին եմ գնացել, որ նա խոսելու, կիսվելու ու միգուցե վերստին հիշելու կարիք ունի: Տուն մտնելուն պես նկատեցի պատից  կախված նկարը` զինվորական համազգեստով, մեղմ ժպիտը դեմքին, բարի հայացքով մի երիտասարդ էր. «Մարատս է»,- ասաց տիկին Ջեմման, ու մի պահ մոր եւ որդու հայացքները խաչվեցին. մտովի զրուցում էր որդու հետ: Անցած 23 տարիները չէին մեղմել տիկին Ջեմմայի ցավը:
1986 թվականին Մարատը 18 տարեկան էր, երբ զորակոչվեց Սովետական բանակ: Ծնողները հանգիստ էին, հասուն ու կայացած տղամարդ են ճանապարհում բանակ: Մարատը ծառայում էր Աշխաբադում, հաճախ էր նամակներ գրում` միշտ լավատեսական ու լուսավոր, օրերից մեկ օր նամակներից մեկում գրեց, որ իրեն տանում են Աֆղանստան.
«Մենք չգիտեինք, որ այնտեղ պատերազմ է,- պատմում է մայրը,- ոչ մի տեղեկատվություն  չկար, այդ ժամանակ մեծ տղաս` Միքայելը, սովորում էր Ռոստովում, նրանից իմացանք, որ Աֆղանստանում պատերազմական վիճակ է»: Ի՞նչ անել, ամեն կերպ պետք էր կասեցնել Մարատի տեղափոխումը, Միքայելը  հոգացել էր այդ մասին, տեղի հայերից մեկը, ով  նախկին զինվորական էր, խոստացել էր օգնել Մարատին Աֆղանստան չտեղափոխելու հարցում, բայց  ճակատագրի դաժան հեգնանքով այն մարդը, ով միգուցե Մարատի կյանքը փրկողը պիտի դառնար, առողջական լուրջ խնդիրների պատճառով չկարողացավ օգնել, եւ ահա  զանգ Մարատից. «Մամ ջան, էլ ինձ նամակ չգրեք, եթե հարմար լինի, ես ինքս կգրեմ»: Բառերն այս մինչ օրս արձագանքում են տիկին Ջեմմայի ականջներում, որդին ասես հրաժեշտ էր տալիս իրենց: Հետո Աֆղանստանից եւս նամակներ եղան ու նորից այնպիսի բովանդակությամբ, որ մայրը, հայրը հանկարծ չմտահոգվեն.«Այնպես էր գրում,-ասում է տիկին Ջեմման, -որ կարելի էր կարծել, թե հանգստյան տուն ենք ուղարկել»: Այն պայմանները, որտեղ ծառայում էր Մարատը, դժվար թե կոչվեր «հանգստյան տուն», դժոխք էր, որտեղ եւ վճռվեց նրա ճակատագիրը:
«Բեռներ տեղափոխող ավտոշարասյան  առջեւից ընթացել է  Մարատիս մեքենան,-պատմում է տիկի Ջեմման,- շարասյունը կանգնեցնելու նպատակով թշնամին գնդակն արձակել է դեպի որդիս, ու մահաբեր գնդակը գտավ Մարատին, նա գլխից վիրավորվեց: Մինչեւ ամուսնուս հետ գնացինք, նրան Քաբուլում արդեն վիրահատել էին եւ տեղափոխել Տաշկենդ,- մերթընդմերթ աչքերը սրբելով պատմում էր տիկին Ջեմման,- նրան գտանք արդեն անգիտակից վիճակում, երբեմն ուշքի էր գալիս, բայց ոչինչ չէր խոսում»: 1988 հունվարի 17-ին Մարատը մահացավ, մահացավ նաեւ ծնողների` որդուն թեկուզ անդամալույծ տուն վերադարձնելու  վերջին հույսը: Մարատին հետմահու շնորհվել է «Կարմիր աստղ» շքանշան եւ Արիության մեդալ, որոնք խնամքով փակցված են Մարատի նկարի կողքին:
Պատմում էր տիկին Ջեմման ու անդադար նայում որդու նկարին, երբեմն լռում, հոգոց հանում, ձեռքերը թաց աչքերին տանելով` շարունակում պատմությունը: – Մարատս բարի ու հոգատար զավակ էր, նրան բոլորն էին սիրում, շատ տաղանդավոր էր, լավ վարպետ էր, լավ վարորդ ու ինքնուս լավ երաժիշտ: Մինչ օրս տիկին Ջեմման պահում է Մարատի կիթառը, որ եղբայրն էր կրթաթոշակով գնել: Կիթառից բացի Մարատին նվիրված, Մարատին հիշեցնող մի ողջ հուշերի «արկղիկ» է պահում տիկին Ջեմման, այնտեղ որդու նամակներն են, հրամանատարության կողմից ուղարկված գովասանագրերը, պատվոգրերը, հուշեր, որ  Մարատի կարճ,  բայց եւ շատ պայծառ ու լուսավոր կյանքի պատմության էջերն են: Խնդրեցի տիկին Ջեմմային նրա նամակներից մեկը կարդալ, չուզեց, այդ մեկը միշտ դժվարանում է անել:
Թեկուզ տարիներ անց, բայց մայրական սիրտը հանգիստ չի գտնում: Այսօր Մաթեւոսյան ամուսինների եւ նրանց հարազատների ցավը այլ է, ուզում են, որ իրենց որդու զոհաբերված կյանքն էլ գնահատվի:
Մարտի 8 է, սպասում է, ապրիլի 7 է, սպասում է,  Մայիսի 9 է, Ամանոր է, սպասում է, ամեն օր սպասում է, որ մեկը, մի պաշտոնյա, մի պատասխանատու մարդ դուռը բախի, մայրական ցավը հասկանա, վիշտը կիսի, մխիթարի, ամոքի, ախր նա  էլ զոհվածի մայր է, եւ ասի, որ Մարատի կյանքն էլ հայրենիքին էր զոհաբերված, այն ժամանակվա հայրենիքին, իսկ հայրենիքը չեն ընտրում:
«Խորհրդային միության փլուզման հետ մեկտեղ մոռացվեցինք եւ մենք,- ասում է տիկին Ջեմման,- մինչեւ 2007 թվականը լռել եմ, այդ ժամանակ միայն որոշեցի հետաքրքրվել, թե որպես զոհվածի ծնողներ` ինչ իրավունքներ ունենք, ինչ կարելի է անել, որ  տղայիս անունը մոռացության չմատնվի: Անկեղծ ասած, ամաչում էի որեւէ մեկին դիմել, մտածում, թե` կկարծեն ֆինանսական աջակցություն եմ խնդրում, ամենեւին, թեպետ պաշտոնյաներից ոմանք հենց այդպես էլ ընկալում էին իմ դիմումները, միշտ ասում էի, որ ես ոչ թե նյութական, այլ` բարոյական աջակցության կարիք եմ զգում»:
Ընդառաջելով մոր խնդրանքին` 2007թ.-ին  Մարատի անունն ընդգրկվեց երկրապահ կամավորականների միության ցուցակում, սակայն,  ինչպես պատմում է տիկին Ջեմման,  սկզբում կար որոշակի ուշադրություն, այնուհետ, նախկինի պես` քար անտարբերություն ու լռություն: «Մեզ իսկապես դրամական ոչ մի օգնություն պետք չէ,- չէր դադարում կրկնել տիկին Ջեմման,- ամուսիններով թոշակառու ենք, տղաս եւ աղջիկս արտերկրում են բնակվում, կարողանում ենք մեր կենցաղը, լավ թե վատ, ապահովել, միայն վախենում եմ, որ մեր մահից հետո Մարատիս անունը այլեւս չեն հիշի, որ նա կմոռացվի: Ի վերջո, նրան եւս ռազմաճակատ էր մղել հայրենիքի գաղափարը, նա իր կամքով չգնաց զոհվելու, մի՞թե արժանի չէ, որ իրեն էլ հիշեն ու մեծարեն»:
Մարատի անունը կրում է նրա եղբորորդին, որ արդեն 17 ամյա պատանի է, գիտի հորեղբոր մասին, «ճանաչում» է նրան, գիտի, որ լավ որդի, լավ եղբայր  եւ օրինակելի մարդ է եղել: Մարատի ծննդյան օրը միշտ նշվում է Մաթեւոսյանների ընտանիքում, նա ապրում է, քանի ապրում ու այսչափ սրբորեն են պահվում նրա մասին հուշերը:
Մենք եւս ճանաչեցինք ու պարտավոր  ենք հիշել քեզ, սիրելի՛ Մարատ, ու ո՞վ գիտե, միգուցե  մի օր Մաթեւոսյանների ընտանիքը ապրիլի 11 ին` քո ծննդյան օրը, եւ հունվարի 17-ին` քո զոհվելու օրը, միայնակ չայցելի քո գերեզմանին, այլ` պաշտոնյա այրերի ուղեկցությամբ , ովքեր կգան հարգելու քո հիշատակը, ապացուցելու ծնողներիդ , որ անցյալը հարգել գիտեն: Եւ ո՞վ գիտե, միգուցե  օրերից մի օր պատին այն տան, որտեղ դու ապրել ես, որեւէ  ցուցատախտակ կամ հուշատախտակ ամրացվի` նշվելով, որ այդ տանը ծնվել եւ ապրել է լուսավոր մի հայորդի` Մարատ Մաթեւոսյանը, որի կյանքի թելը կտրվեց  աֆղանական  անհասկանալի պատերազմում, ինչը այն ժամանակ նույնպես հանուն հայրենիքի էր…Իսկ Հայրենիքը չեն ընտրում…

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *