ԵՐԲ ՀՈՒՇԵՐԸ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ ԿԵՍԴԱՐՅԱ ՀԵՌՈՒՆԵՐԻՑ…

Հայկուհի Միքայելյանը Մոսկվայից Սիսիան էր եկել՝ մասնակցելու դպրոցն ավարտելու 50 ամյակի հավաքույթին: Խանդավառ էր, հուզախով, կարոտած ու … իմաստավորված: Երբ Սիսիանից ընկերները զանգահարել ու տեղեկացրել են հավաքույթի մասին, նորից մանկացել է, նորից մեկիկ-մեկիկ ետ է կծկել 50 տարիները, նորից հուշիկ-հուշիկ թերթել է հիշողության ծալքերը, ու կյանքն ավելի գեղեցիկ է դարձել, ու մոսկվաների փողոցները լցվել են Սիսիանով, անսիսիան օրերը՝ սիրելի դասընկերների դեմքերով ու անմոռաց, անմոռաց հիշողություններով: Թեեւ տուն-տեղ, ընտանիք, թոռներ ու հոգսեր ունի, բայց մի պահ իրեն պատկերացրել է 50 տարի առաջվա այն անհոգ աղջիկը, ով վարսերին ժապավեն էր կապում ու դպրոցական պայուսակ կրում: «Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտել ենք 1966 թ.-ին: Յուրաքանչյուր 5 տարին մեկ համադասարանցիներով հավաքվել եւ նշել ենք մեր օրը: Ինձ համար դա եղել է շատ նշանակալից, հուզումնալից պահ, որովհետեւ այդ տարիները իմ կյանքում տպավորվել են ավելի խորը, քան՝ մնացած տարիները»,-ասում է Հայկուհի Միքայելյանը ու խոնավ աչքերով հավելում, որ երբ իր շրջապատում լսել են, որ գնում է Հայաստան՝ դասընկերների հավաքին մասնակցելու, զարմացել են, որ 50 ամյակ են նշում, զարմացել են, որ երկրից երկիր կարելի է գնալ՝ դասարանի ավանդույթը չխախտելու, ընկերներին տեսնելու, հին-հեռավոր, բայց անմոռաց հուշերին կրկին հանդիպելու համար: Շնորհակալ էր՝DSC04691 հավաքը կազմակերպելու համար, եւ մաղթեց, որ բոլոր տարիների շրջանավարտներն այնպես սիրեն ու կարոտեն, գնահատեն ու արժեւորեն իրենց դպրոցական կյանքը, ինչպես որ՝ իրենք: Շնորհակալ էր, քանի որ նման հանդիպումների ժամանակ է, որ թվում է՝ չես մեծացել, թվում է՝ կյանքը քեզ չի տարել քո մանկության աշխարհից դուրս, թվում է՝  նույն խենթ ու խելառ, անմեղ-մեղավոր աշակերտն ես՝ քո ուսուցիչների համար, կանաչ-կարմիր երազների ետեւից վազող նույն անփույթ պատանին ես, ում դեռ անհայտ են ու անծանոթ կյանքի դժվարություններն ու հոգսերը… Հարցին՝ ինչն է, որ անփոփոխ ու անխաթար է մնացել իրենց համար այս 50 տարիների ընթացքում, ասում է՝ հիշողությունները… դրանք այնքան վառ են ու անմոռաց, այնքան լուսեղեն ու ոգեղեն, որ ոչինչ չի կարող ջնջել, մարել, խամրեցնել, որովհետեւ դրանք հենց իրենք ենք… «Փոխվե՞լ եք այս տարիների ընթացքում» հարցին էլ պատասխանում է՝ «Փոխվել եմ, բայց միշտ կարոտով եմ սպասում այս հանդիպմանը: Դասընկերները փոխվե՞լ են…-Փոխվել են, բայց՝ միայն դեպի լավը»: Ասաց, որ բնավորությամբ, էությամբ էլ գրեթե չեն փոխվել, եւ դա իրեն շատ է ուրախացնում, որովհետեւ պահպանել են այն լավ ու գեղեցիկ մարդկային որակներն ու հատկությունները, որ ունեին:

Զրույցին միացած Անժիկ Մաթեւոսյանն էլ ասաց, որ ամբողջ գիշեր չի քնել, հույզերն ու հիշողություններն էին այցի եկել, ու մի տեսակ անհանգստություն կար՝ հանկարծ չուշանա… այս դասից… Իր հույզերն ու ապրումները Սահյանի չքնաղ տողերով ինքնաարտահայտեց մարզիկ Վռամ Սահակյանը: 67- ամյա այրը՝ Գագիկ Ռաթեւոսյանն էլ այնպես էր հուզվել, ասես քննության էր եկել եւ, հուզմունքը զսպել չկարողանալով, ու, գաղտնի արցունքը սրբելով, հայացքով հասկացրեց, որ զրուցեմ դիմացը կանգնած գեղեցկադեմ, բարեհամբույր դասընկերուհու՝ Արշալույս Փափազյանի DSC04689հետ: Տիկին Փափազյանը Սյունիքի մարզային արխիվի տնօրենն է«Սիսիանի թիվ 1 դպրոցի կյանքում բացառիկ էին հատկապես 1965-66 ուստարվա շրջանավարտները: Մեր դասարանում 11 մեդալակիր կար, 90 % -ն ընդունվել են բուհեր: Նրանցից շատերն այսօր հանրապետությունում եւ մարզում վարում են պատասխանատու աշխատանքներ, ղեկավարում են հիմնարկ-ձեռնարկություններ, ամենակարեւորը՝ հասարակության համար պիտանի մարդիկ են՝ անկախ պաշտոն ունենալ-չունենալուց: Ես սա համարում եմ ընտանեկան դաստիարակության, շրջապատի եւ միջավայրի բարերար ազդեցության, դպրոցի, մանակավարժական կոլեկտիվի լավագույն աշխատանքի արդյունք՝ տնօրեն Խաժակ Հակոբյանի գլխավորությամբ»,-ասաց նա:

Տիկին Արշալույսը թեեւ 45-50 տարի ապրում եւ աշխատում է Կապանում, բայց նշեց, որ իրեն սիսիանցի է համարում, եւ դա բոլորը գիտեն, որովհետեւ ինչի հասել է կյանքում, համարում է իր դպրոցի, իր ուսուցիչների, իր ընկերների, եւ այն հոգեւոր միջավայրի արդյունքը, որտեղ ձեւավորվել ու կայացել է որպես անհատականություն, մարդ ու քաղաքացի: Եվ երանի այն ուսուցչին, եւ երանի այն մանկավարժին, այն տնօրենին, ում սաները 50 տարի անց էլ նույն հարգանքով, պատկառանքով, սիրով եւ երկյուղածորեն կխոսեն իրենց մասին: Ու այդ անթաքույց հիացմունքմնով ու շնորհապարտությամբ տիկին Արշալույսը խոսեց իրենց դպրոցի երջանկահիշատակ տնօրեն Խաժակ Հակոբյանի, ուսուցիչներ Ջիվան Դավթյանի, Սամվել Ամիրխանյանի, Սիսիանի մշակութային կյանքի մեծ երախտավոր Արծրունի Նավասարդյանի մասին, ով պատմության ուսուցիչ լինելով, նաեւ պարի խումբ ուներ, ու նրա սաները հանրապետությունից դուրս էին գնում ելույթների: Ապա անասելի սիրով խոսեց եւ երկար կյանք ու արեւշատություն մաղթեց սիրելի ուսուցիչներ Բորիս Իվանյանին, Նինել Աղասյանին, Աննա Կաֆյանին, բոլորին, ովքեր մեծ դեր են խաղացել իրենց կյանքում:

«Անկրկնելի եւ անփոխարինել է եղել այն ամենը, ինչ ստացել եմ Սիանում եւ Սիսիանից: Կուզենամ Սիսիանը տեսնել ավելի առաջադեմ, ավելի մշակութային, գիտական, համախմբաված եւ ավելի շատ ժպիտ՝ մարդկանց դեմքերին: Բայց ես հիմա տխրության դրոշմ եմ տեսնում: Թեեւ ամեն տեղ է այդպես, չէի ուզենա, որ դա լիներ նաեւ Սիսիանում, որովհետեւ սիսիանցին իր հպարտության եւ արժանապատվության շնորհիվ պիտի ավելի լավ ապրի: Ինձ համար Սիսիանը մանկության ու պատանեկության այն մաքուր ղողանջն է, որը սկսվել ու երբեք չի ավարտվում…»: Անքակտելի ու անխաթար է մնացել մանկության աշխարհի հետ կապը, քանի որ այն հոգեւոր է, եւ յուրաքնչյուր մարդ այդ հոգեւոր կապի մեջ պետք է լինի: Միայն դպրոցը, ընտանիքը, միջավայրը կարող են մարդուն մարդ պահել եւ ապրեցնել:

Ապա, ինչպես յուրաքանչյուր հոգեւոր սիսիանցի, պիտի որ տիկին Արշալույսն էլ իր խոսքը համեմեր մեծն պոետի՝ երբեք բացակա չդնելու հորդորով եւ սերունդներին դրանով վարակելու խորհրդով:

Կեսդարյա հավաքից նրանք բացակա չդրեցին նաեւ երկրային կյանքն ավարտած իրենց 27 համադասարանցիներին, DSC04701«ներողամիտ գտնվեցին» 25-ի՝ հարգելի բացակայության համար:

«Գիտե՞ք՝ ինչն է ամենահետաքրքիրը եւ անհավանականը՝ երբ իրար հանդիպում ենք, միմյանց դիմում ենք՝ «երեխեք ջա՜ն» ասելով՝ ինչպես որ ասում էինք այն հեռու-հեռավոր, բայց մեզանից երբեք չհեռացող տարիներին, ու կրկին մեզ երեխա ենք զգում…Մենք միմյանց համար շարունակում ենք մնալ նույն «երեխեք ջա՜նը»,-ասաց Պալինա Բաղդասարյանը, ով, ինչպես այն ժամանակ, նաեւ՝ հիմա, կանացի իր փխրուն ուսերին է վերցրել բոլոր հանդիպումների կազմակերպման պատասխանատվությունը ու պատվով կրել… «Ամուսնական զույգ չունեցանք, բայց ի՜նչ ջերմությամբ ու լուսավառ ենք հիշում անգամ, թե ով ում նկատմամբ անտարբեր չէր, ով էր ում թաքուն սիրահարված… դրանք էլ իրենց հմայքն ու հրապույն ունեն, եւ այդ՝ թվացյալ փոքրիկ հույզերն ու խռովքներն են, որ անշեջ ու անմոռաց են մնում՝  հարստացնելով մեր կյանքը: Ամեն անգամ հանդիպելիս մի նոր բան ենք հայտնաբերում, հուշի մի թերթ, ու դա խնամքով, սիրով պահում-պահպանում ենք մինչեւ հաջորդ հանդիպում… Նման հավաքները կազմակերպելը շատ դժվար է, մարդիկ ապրում են տարբեր վայրերում, Մոսկվայից, Կապանից, շատերը՝ Երեւանից, Ալինան՝ Գյումրիից, Սլավիկը՝ Օմսկից, եկել-մասնակցում են: Մեր 87 շրջանավարտից 75-ը ունեն բարձրագույն կրություն, ունենք բժիշկներ, մանկավարժներ, ինժեներներ, գիտական աշխատողներ, գյուղատնտեսության, արտադրության առաջավորներ: Կոմբայնավար Վարուժան Մանուկյանը փնտրված է ամբողջ շրջանում, Արցախում: Բոլորն ունեն լավ ընտանիքներ, լավ երեխաներ, թոռներ»,- ասում է տիկին Պալինան:

Այս հավաքին նրանք «խախտեցին» իրենց կեսդարյա՝ 5 տարին մեկ հանդիպելու ավանդույթը եւ որոշեցին, որ հաջորդ հավաքը կլինի 3 տարի հետո, երբ կդառնան արդեն… 70 տարեկան…

Հուշերը… 67 ամյա այս մեծ երեխաները ի՜նչ անթաքույց բերկրանքով էին 3-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների խմբանկարներում փնտրում իրենց, ճանաչում միմյանց, մանկորեն ժպտում ու այդ պայծառ ժպիտով հեգնում մազերի ճերմակը, ճակատի խորշոմը, տարիքի բեռը… եւ ցանկանում, որ բոլորն ապրեն այն նույն բերկրանքը, ինչ-որ իրենք ապրեցին հուշերի կեսդարյա հեռավորությունից…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Մեկ Արձագանքման ԵՐԲ ՀՈՒՇԵՐԸ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ ԿԵՍԴԱՐՅԱ ՀԵՌՈՒՆԵՐԻՑ… համար

  1. Ashxen says:

    Shat apsos, vor <> dzez het chen(((

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *