ԵՐԲ ՆՊԱՏԱԿԴ ԲՈԼՈՐԱՆՎԵՐ Է

Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Անահիտ Ստեփանյանն իր կյանքն ամբողջությամբ նվիրել է իր սաներին եւ իր աշխատանքին: Սակայն նրա նվիրումի սահմանները դրանով չեն ավարտվել: Նա հրաշալի պատկերացրել է, որ այսօրվա դպրոցը, այսօրվա սերնդի կրթամակարդակը անհնարին է պատկերացնել առանց տեխնիկական ժամանակակից միջոցների տիրապետման, յուրացման: Ու երազանք է փայփայել. սկզբում` միայն իր համար, հետո, երբ զգացել է, որ դա հնարավոր է իրականություն դարձնել, իր երազանքի մասին բարձրաձայնել է եւ ահա… Դպրոցում ստեղծել է անգլերենի ուսուցման լաբորատորիա: Իսկ թե ինչպես, պատմում է ինքը` Անահիտ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ.

-Երբ ինտերնետային ցանցից տեղեկացա, թե անգլերենի ուսուցման ի~նչ հրաշալի հնարավորություններ կան, ինչից, սակայն, զրկված են մեր երեխաները, նպատակ դրեցի մեր դպրոցում էլ ստեղծել այնպիսի մի կենտրոն, որը ճիշտ եւ ճիշտ նման կլինի ամերիկյան դասարանին, ուր թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների աշխատանքն ավելի կազմակերպված է, արդյունավետ եւ նպատակային: Ուսուցիչը համակարգչով է վարում դասը, նրա համակարգիչը միացված է աշակերտների համակարգչին: Կազմված է ուսուցման այնպիսի մեխանիզմ, որ աշակերտը դպրոցից տուն է գնում արդեն օրվա թեման լրիվ պատրաստած: Տարվում է անհատական աշխատանք: Կփորձենք հասնել նրան, որ աշակերտը տիրապետի նաեւ արագ տպելու տեխնիկային` առանց ստեղնաշարին նայելու:
Նպատակս իրականություն դարձնելու համար պահանջվել է 3 տարվա համառ աշխատանք ու մեծագույն ջանք: Իմ երազանքն իրականություն դարձնելուն շատ են օգնել ամերիկյան «Խաղաղության կորպուսի» կամավորները, Բեթին, դպրոցի տնօրինությունը եւ նրանց օգնությամբ քայլ առ քայլ մշակվեց այն ծրագիրը, որն այսօր իրականություն է: Իսկ ես համոզվեցի, որ երբ հավատում ես ու ջանք չես խնայում, նպատակդ անպայման կատարվում է: Ծրագիրը կյանքի կոչելու համար 5 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել USID- ին, 2 հազարը սպասում ենք այլ կազմակերպությունից` լաբորատորիան ամբողջական դարձնելու համար:
Հիմա ես չափազանց ուրախ եմ եւ գոհ, որ մեր երեխաներն էլ ունցան ժամանակակից պահանջներին համապատասխան, լավ կահավորված դասարան-լաբորատորիա: Սա այն դեպքն է, երբ հաճելին եւ արդյունավետը համադրվում են: Սրանով, կարծում եմ, չենք սահմանափակվի: Պիտի փորձենք հասնել նրան, որ համակարգչային ցանցին միացված լինի ոչ միայն մեկ դասարանը, այլեւ դառնա համադպրոցային ցանց: Մի օր էլ դրան կհասնենք…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *