Երբ շնորհակալության խոսքերը սոսկական բառեր չեն…

Հուսահատության մեջ հայտնված մարդը առավել անօգնական է դառնում, երբ դրան գումարվում են տագնապն ու գիշերային մթությունը… Բայց, ինչպես ասում են, նման դեպքերում մարդու, առավել եւս` ծնողի մոտ անհայտ, անբացատրելի զորություն, ուժ ու կամք է ի հայտ գալիս` իր զավակին փրկելու անխուսափելիից… Գուցե նաեւ աստծո կամքով է, որ քո կողքին, քո շենքում, քո հարեւանությամբ այնպիսի մարդիկ են ապրում, ովքեր դառնում են քո վերջին` աստծո պարգեւած հույսը… ու նրանց հասցեին հնչեցրած շնորհակալության խոսքերը սոսկական բառեր չեն դառնում…

Ու հենց այդ նախախնամությամբ Որոտան 7-ի իմ հարեւանները դարձան այն հույս-ապավենը, ովքեր երկամյա Նարեկիս կրկին կյանք պարգեւեցին, կրկին ժպիտ եւ ուրախություն լցրեցին իմ հուսամար տան պատերից ներս…

Ընդամենը երկու տարեկան որդիս` Նարեկը, գիշերը միանգամից վատացել էր, գիտակցության կորուստ, կենդանության ոչ մի նշան… Ահաբեկված թակել եմ հարեւանիս` Նունե Կիրակոսյանի դուռը` օգնության աղերսանքով: Առանց վարանելու եւ վայրկյան իսկ կորցնելու նա էլ ոտքի է հանել դրկից մյուս հարեւաններին… եւ գերագույն ջանքերի ու մասնագիտական օգնություն ցուցաբերելուց հետո որդիս կենդանության նշաններ է ցույց տվել, վերադարձել է գիտակցությունը: Երբ ամեն ինչ հաղթահարվել էր, եւ Նարեկիս կյանքին այլեւս արդեն վտանգ չէր սպառնում, զանգահարել ենք շտապօգնություն եւ նրան տեղափոխել Սիսիանի բժշկական կենտրոն…

Փառք աստծո, ամեն ինչ անցյալում է: Որդիս վերադարձրեց մեր ժպիտը, մեր ուրախությունը, կյանքի իմաստը…

Այո, ամեն ինչ անցյալում է, բայց անցյալում չեն իմ հարեւանները… Ուստի պատահական չէ ժողովրդական իմաստությունը, որ ասում է` լավ հարեւանը հեռու բարեկամից լավ է…

Եւ ես խորին երախտագիտությամբ ու մայրական շնորհապարտությամբ ուզում եմ իմ շնորհակալության խոսքերն ուղղել նեղությանս եւ հուսահատությանս պահին մեզ օգնության հասած ու երկու տարեկան տղայիս կյանքը փրկած մարդկանց` Նունե Կիրակոսյանին եւ երիտասարդ բժիշկներ Արամ Գեւորգյանին ու Դավիթ Հայրապետյանին, ովքեր աշխատում են Աղիտուի զինվորական հոսպիտալում:

Երիտասարդ բժիշկները իրենց ծառայությունը կավարտեն-կվերադառնան տուն, բայց մարդկային եւ մասնագիտական այն վերաբերմունքը, որ նրանք ցուցաբերեցին, երբեւէ չի մոռացվի…

Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Սիսիան

30.10.2015

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *