ԵՐԵԽԱՆ ԱՄԵՆ ՕՐ ԽՈՐՈՎԱԾ ՉԻ ՈՒՏԻ ԿԱՄ` ԿՐՔԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՈՒՐՋ

Էջմիածին եւ Սիսիան քաղաքների մրցապայքարը, որն սկսվել է «Երիտասարդության մայրաքաղաք-2014» տիտղոսի համար, օրեցօր թեժանում է: Էջմիածնից մի խումբ երիտասարդներ արշավ են սկսել ընդդեմ Սիսիանի եւ նամակներով ռմբակոծում են թերթերն ու կայքերը, այդ թվում նաեւ «Հրապարակը»: Այնքան կտրուկ են նրանց գնահատականները, որ մի պահ կարող է թվալ, թե սիսիանցուն «կլյաուզնիկի» եւ «թուղթ սեւացնողի» անուն կպցնողը խառնել է մի բան եւ կամ երբեք Էջմիածնում չի եղել: Էջմիածինցի երիտասարդներ Լիլիթ Դանիելյանն ու Արտակ Ղազարյանը Սիսիանի քաղաքապետին մեղադրում են կեղծիք կատարելու մեջ: Շարադրանքից երեւում է, որ խոսքը 2012 թվականին Սյունիքի մարզպետարանի ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական թերությունների մասին է, որոնց վերաբերյալ նյութերն ուղարկվեցին դատախազություն, սակայն քրեական գործ չհարուցվեց: «Նախ, Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյաները չեն, որ դատապարտվում են կեղծիքների եւ չարաշահումների համար,- գրում են երիտասարդները սուրբ քաղաքից,- Էջմիածնի քաղաքապետարանի ու քաղաքապետի գործերը չեն, որ այս պահին գտնվում են դատախազությունում: Կեղծիքներով առաջնորդվելը հավանաբար դարձել է մարդկանց ապրելու ու գործելու միակ ուղին: Հետեւելով թեմայի շուրջ հրապարակումներին, ակնհայտ է դառնում, որ մրցույթը միտումնավոր  քաղաքականացնում են հենց Սիսիանի քաղաքապետն ու իր ենթակաները, իսկ Կարեն Գրիգորյանը լուռ է: Սիսիանի քաղաքապետը, չկարողանալով կառավարության հայացքն ուղղել դեպի Սիսիան, ցանկանում է կեղծիքների միջոցով հասնել իր նպատակին»: Էջմիածինցի երիտասարդները նույնիսկ փորփրել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջին չինովնիկների անձնական կյանքը` փորձելով մրցույթի կազմակերպիչների կողմնակալության ապացույցներ պեղել: Պարզել են, որ սպորտի նախարարության քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը, որն օրնիբուն մարզից մարզ է սլանում եւ համակարգում մրցույթի կազմակերպման աշխատանքները, նախկինում եղել է «սիսիանցու փեսա» եւ երկար տարիներ աշխատել է Սիսիանում: Իմանալով այս նամակի մասին` Արմեն Պապյանն սկսեց «վալերիանկա» խմել: Նա ասաց, որ, իրոք, երկար տարիներ աշխատել է Սիսիանում եւ այս քաղաքի հետ կապված անձնական հիշողություններ ունի, բայց չէր հասկանում, թե ինչ կապ ունի այս ամենը մրցույթի հետ, մանավանդ, որ ինքը մրցույթի բազմանդամ կազմկոմիտեից ընդամենը մեկն է: Էջմիածնի քաղաքապետարանի երիտասարդության հարցերի պատասխանատու Անահիտ Նահապետյանը, լսելով նամակի մասին, խորապես վիրավորվեց Արմեն Պապյանի համար, որից աշխատանքի ընթացքում միայն լավն էր տեսել: Տեղեկանալով իր համաքաղաքացիների վարքին, Անահիտ Նահապետյանը բորբոքվեց. «Ո՞նց կարելի է նման անհիմն ձեւով մեղադրել ազնիվ մարդու: Մենք նրա անաչառությանը չենք կասկածում: Նա որ եկավ Էջմիածին, ասպետական մոտեցում ցուցաբերեց մեր երիտասարդներին: Իհարկե, գյուղ չկա, որ շուն չլինի, բայց ես 90 տոկոսով վստահ եմ, որ այդ գրողները մեր քաղաքից չեն, եւ դա արվում է Էջմիածնի դեմ, գեներալ Մանվելի անունն անտեղի շահարկելու համար»: Ավելի օրինաչափ կլիներ եւ մեր օրերի տրամաբանության մեջ, եթե ոչ թե Էջմիածինը, այլ Սիսիանը կասկածեր «ժյուրիի» անաչառությանը, զգուշանալով, որ գեներալ Մանվելի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, օգտագործելով իր կապերը, կհասնի հաղթանակի: Բայց արի ու տես, որ հենց Էջմիածինն է ավելի վատատես: Մեր տվյալներով, Էջմիածնի քաղաքապետն իրեն հեռու է պահում մրցույթի հետ կապված հարցերից, կանխատեսելով իր հոր անվան շուրջ շահարկումները: Ավելին, պարզվեց, որ երիտասարդական մայրաքաղաք դառնալու երկու թեկնածուները՝ Էջմիածինն ու Սիսիանը, ընտրվել են ոչ թե մրցույթով, ընտրության արդյունքում, այլ որովհետեւ Հայաստանի մյուս քաղաքապետարանները պարզապես չեն ցանկացել մասնակցել մրցույթին եւ հայտեր չեն ներկայացրել: Թեեւ սպորտի նախարարությունը մարզպետարանների միջոցով տեղեկացրել է բոլոր քաղաքապետարաններին, նաեւ պարզաբանել, թե ինչ օգտակար է երիտասարդության մայրաքաղաք լինելը, եւ ինչ մեծ առաջընթաց կունենա հաղթող  քաղաքը, սակայն միայն երկու համայնք է արձագանքել: Եղել են քաղաքներ, որոնց ղեկավարներն ասել են, որ իրենց պետք չէ այս մրցույթը: Իսկ երբ թեկնածու համայնքներն արդեն ընտրվել են, նույնիսկ նեղացողներ են եղել: Խոսքը նախեւառաջ Վանաձորի եւ հատկապես Գյումրիի մասին է, որը սպորտի նախարար Յուրի Վարդանյանի քաղաքն է համարվում: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը թեթեւ է տանում էջմիածինցիների մեղադրանքներն իր հասցեին: «Մի բուռ հայ ենք, բոլորս էլ իրար ճանաչում ենք: Մենք դուրս ենք եկել այդ պայքարից, դա արդեն երիտասարդների պայքարն է: Երեք-չորս տարի է` ստուգումները գնում են, բայց քրեական գործ չհարուցվեց: Դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, պատվիրակված նամակներ են դրանք»: Ինչեւէ, պետք է ընդունել, որ «Երիտասարդական մայրաքաղաք-2014»-ից սիսիանցիներն ու Էջմիածնի բնակչությունը միանշանակ շահում են: Ընդ որում` ոչ միայն ջահելները: Օրինակ, դժվար է Հայաստանում նշել մի քաղաք, որի ռեստորանները, բարերն ու ճաշարանները ուսանողների գրպանին հարմար լինեն: Մինչդեռ մրցույթի կազմկոմիտեի պահանջներից մեկը վերաբերում էր քաղաքի սննդի օբյեկտների մատչելիությանը երիտասարդության համար: Երեկ իմացանք նաեւ, որ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, հուրախություն Սիսիանի սրճարանասեր հանրությանը, մի քանի օբյեկտների տերերից պահանջել է էժան գներով առեւտուր անել: Քաղաքապետը հաստատեց, որ իրենց քաղաքում սրճարաններն ու հյուրանոցներն էժան են, բայց վստահեցրեց, որ ինքը չի միջամտում դրանց գործունեությանը:
– Օրինակ, կարո՞ղ է ուսանողը սոված մտնել սրճարան, ասենք, 1000 դրամ ծախսել եւ կուշտ դուրս գալ:
– Մի հոգի՞ն: Դուք ի նկատի ունեք բուտերբրոդ, գավաթ սո՞ւրճ: Այո, իհարկե:
– Դե, ես նկատի չունեմ խորովածը:
– Խորոված ես էլ խորհուրդ չէի տա: Հո ամեն օր երեխաները չե՞ն կարող խորոված ուտել: Բացի դա, նման կարգի սրճարաններում չեմ կարծում, որ նորմալ խորոված լինի:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
30.08.2013
hraparak.am

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *