ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ԳՏԱ ՆՐԱՆ

Մանկական տպավորությունները երկար են մնում մարդու հիշողության մեջ: Իսկ երբ դրանք կապված են քո ճակատագրի հետ, աշխարհը, մարդկանց ճանաչելու վերաբերմունքի ձեւավորման հետ, դառնում են կյանքիդ մի մասնիկը, եւ ուղեկցում ողջ կյանքիդ ընթացքում:
Ինը տարեկանից ինձ ուղեկցում է մի զգացում, մի պատմություն, որը մշտարթուն է  իմ ամեն օրվա, ամեն պահի մեջ եւ ամեն տեսակ ապրումի ու հոգեվիճակի ժամանակ:

Ինը տարեկանից ինձ ուղեկցող այդ պատմությունն արդեն «երեսունհինգ տարեկան է»: Ոմանց համար՝ գուցե՝ հավանական, ոմանց համար՝ անհավանական: Բայց ինձ համար՝ իմ կենսագրության ու ճակատագրի շարունակությունը…
vorotan26042014-1Շատերի նման ես էլ լսել էի, որ փոխվել է Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը: Լսել էի՝ առանց որեւէ վերաբերմունքի, առանց որեւէ կարծիքի: Չէի հետաքրքրվել անգամ, թե ով է նշանակվել նոր տնօրեն: Ի՞նչ կա որ, ամեն օր ամեն տեղ պաշտոնյաներ են փոխվում, մեկը գնում է, մեկը՝ գալիս:
Եւ ամիսներ հետո եմ պատահականորեն իմանում Սիսիանի բժշկական կենտրոնի նոր տնօրենի անուն-ազգանունը…
Շատ սիսիանցիների համար, գուցե, այդ անուն-ազգանունը ինչ-որ բան նշանակել է, ինչ-որ հիշողություններ արթնացրել, ինձ համար, սակայն, բոլորովին ուրիշ զգացում էր, երբ առաջին անգամ լսեցի, որ Սիսիանի բժշկական կետնրոնի նոր տնօրենի անուն-ազգանունը Լեւոն Մանասյան է…
Երեսունհինգ տարի փնտրել եմ նրան: Երեսունհինգ տարի այդ անուն-ազգանունը ապրում է իմ մեջ, ինձ հետ, ու երեսունհինգ տարի շարունակ նրա լուսանկարը պահում եմ իմ ծոցագրպանում, որը դարձել է իմ թալիսմանը:
Եվ անհավանական էր թվում, որ նրան՝ 35 տարի առաջ ինձ կյանք վերադարձրած բժշկին, ում փնտրել եմ ամեն օր, կգտնեմ այդքան «հեշտ» ու այդքան… «մոտիկ»
Գնացի Սիսիանի հիվանդանոց: Գլխավոր բժշկի մոտ ներս մտնելու թույլտվություն խնդրեցի:
Իմ առջեւ նստած էր ոչ թե 35 տարի առաջվա իմ «փրկիչը», այլեւ՝ բոլորովին նոր մարդ: Բայց միանգամից նույն ջերմությունը, նույն հարազատությունը, նույն մտերմությունը զգացի: Բժիշկը, բնական է, չէր կարող ճանաչել ինձ՝ 35 տարի առաջվա այն իննամյա տղային, ում ջարդուփշուր եղած ազդրը  չէր թողել հեռացնեին, զարմանահարշ վիրահատություն էր արել՝ պահպանելով նրա թե ոտքը, թե առողջությունը, այսինքն՝ ինձ ազատելով ողջ կյանքում հաշմանդամ մնալու դառնությունից եւ հաշմանդամի բարդույթից:
Ներկայացա: Չհիշեց: Ծոցագրպանիցս հանեցի խնամքով պահպանված իր 35 տարի առաջ՝ ինձ նվիրած նկարը եւ ցույց տվեցի: Ապշելու եւ տարակուսելու հերթը հիմա էլ նրանն էր: Ու հնչեց առաջին հարցը՝ «որտեղի՞ց այս նկարը քեզ»: Մանրամասնորեն հիշեցրեցի 35 տարի առաջվա՝ ջարդուփշուր ազդրով հիվանդանոց տեղափոխված տղայի՝ իմ պատմությունը: Հիշեց: Ո՞վ չէր զգացվի: Զգացվեց: Ես էլ: Հետո մանրամասներ ու մանրուքներ վերհիշեցինք: Հետո հիշեցրեցի, որ անքան էի սիրել իմ բժշկին, այնքան կապվել նրա հետ, ու նա այնքան հաճելի, այնքան լուսավոր, բարի, ազնիվ պտպավորություն էր թողել ինձ վրա, որ խնդրել էի իր նկարը նվիրել ինձ: Երիտասարդ, գեղեցիկ, առինքնող: Հրաշալի վիրաբույժ, հրաշալի մարդ, իրեն նմանվելու մեծագույն երազանք…
Ետ կծկեցինք 35 տարի առաջվա մեր կենսագրությունը՝ ես՝ ջարդուխուրդ իննամյա մի տղա, նա՝ նորավարտ մի բժիշկ, որ Սիսիանում էր ստանում իր մասնագիտական մկրտությունը:
Հիմա կրկնակի ուրախ եմ, որ նա իր մասնագիտությամբ կրկին ծառայում է Սիսիանին եւ սիսիանցիներին:
Երեսունհինգ տարի անց՝ ես գտա իմ սիրելի բժշկին: Մի օր դա պիտի լիներ: Կյանքը հետաքրքիր է: Կյանքը անակնկալներով է գեղեցիկ: Թեպետ իմ մանկության տարիներին ծնողներս եւ ես երախտապարտ ենք եղել երիտասարդ, Սիսիանում իր բժշկական կենսագրությունը նոր-նոր սկսած Լեւոն Մանասյանին, բայց մի ուրիշ ակնածանքով ու խոնարհումով արդեն կյանքը ճանաչած ու կյանքը հասկացած մարդու իմ ընկալումով կրկին ասում եմ՝ շնորհակալ եմ, բժիշկ, որ դուք կաք, եւ շնորհակալ եմ ճակատագրից, որ այդքան երկար փնտրելուց հետո ձեզ գտա հենց Սիսիանում:

Արթուր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Սիսիան
26.04.2014

2 մեկնաբանություն ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ԳՏԱ ՆՐԱՆ հոդվածին

  1. Anahit Stepanyan says:

    Բժիշկը սրբություն է, հատկապես այն բժիշկը,որին շատ են հավատում: Մայրս միշտ մնում էր այն կարծիքին, որ, եթե Սիսիանի մյուս բժիշկները թույլ տային դեռևս այն տարիներին երիտասարդ բժիշկ Մանասյանին `վիրահատելու հորս, ապա նա կենդանի կմնար: Երեխա էի, բայց մինչև հիմա այդ խոսքերը չեմ մոռացել:
    Շնորհակալություն գեղեցիկ հոդվածի համար :

  2. Arus Karagozyan says:

    Մեր նոր բժիշկը ոչ միայն լավ վիրաբույժ է, այլև շատ լավ մարդ է , պահանջկոտ ու հմուտ ղեկավար:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *