ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ

«Մեր օրերի խրոնիկան» շարքից


Առավոտյան երթուղայինն անցնում էր զինկոմիսարիատի կողքով, և մենք` ուղևորներս, նորակոչիկներին արտասվելով զինվորական ծառայության ճանապարհող հարազատների տխուր բազմության ակամա ականատեսը դարձանք:
-Սա էլ նոր սովորություն է. բոլոր հարազատներվ հավաքվում-լցվում են այստեղ, որ այսպիսի տեսարաններ սարքե՞ն,-դժգոհությամբ ասաց վարորդը:
-Իսկ ի՞նչ անեն, կամ ինչպե՞ս չգան, երբ ծառայության ժամկետն օրենքով արդեն 2 տարի 8 ամիս է դարձել: Եվ ինչո՞ւ պետք է խեղճ երեխաները այդքան ծառայեն, որ  վերջում էլ, ո՞վ գիտի, կամ ետ կգան, կամ էլ` ետ կբերվեն,-դժգոհ տոնով զրույցին խառնվոց մի բարետես տիկին:
-Որովհետև սա մեր հայրենիքն է, որը միշտ էլ զոհերի գնով ենք պաշտպանել` Հայրենական և Արցախյան պատերազմներում մեր ոգուն հավատարիմ մնացինք, ինչո՞ւ հիմա չպետք է սկզբունքային լինենք և պահպանենք այն, ինչ ունենք,- միջամտեց բաց գույնի  ակնոցավոր մի ուղևոր:
-Հեշտ եք խոսում, բայց երբ որ ամուսին ու քսան տարեկան որդի ես կորցրել պատերազմում և զինծառայության ժամանակ, չես կարող նույն բանն ասել,-շարունակեց բարետես տիկինը:
-Մենք էլ ենք զոհեր ունեցել, բայց այդպես չենք մտածում և խոսում,-միջամտեց  արեւային ակնոց կրող մի տղամարդ:
-Դուք  այդպես եք մտածում և խոսում, որովհետև տղամարդիկ կանանց պես զգացմունքային չեն, բայց հաստատ Ձեր տանը կլինի մի կին, ով ինձ պես կմտածի և կխոսի,-պատասխանեց  բարետես տիկինը:
-Ի վերջո, հայրենասիրությունն այնպիսի  զգացմունք է, որ չպետք է հայրենիքին  վերապահումով վերաբերվել,-ասաց վարորդը:
-Իսկ ի՞նչ անենք, երբ ուր գնում ենք, ոչ մի տեղ հաշվի չեն առնում, որ զոհված ազատամարտիկի ընտանիք ենք ու կաշառք են ակնկալում ինչ-որ բան անելու համար: Գերմանիայում 6 ժամ աշխատելով` օրը  250 եվրո գումար էի վաստակում, իսկ այստեղ առավոտից երեկո պետք է տանջվեմ, որ ամբողջ ամսվա համար հարյուր հազար դրամ ստանում:
-Դե հարյուր հազար դու կստանաս, մի այդքան` որդիդ, նույնքան էլ` դուստրդ,  դա արդեն քիչ չէ, էլի մի բան կստացվի, չէ՞,-ասաց վարորդը:
-Իսկ մեծահարուստները, դղյակներում ապրելով, մեզ առավոտից երեկո էշի պես աշխատեցնե՞ն,-վրդովված հարցրեց բարետես տիկինը:
-Ձեր ասած այդ մեծահարուստները մեզնից երջանիկ չեն: Ի վերջո, եթե երեկոյան իրենք իրենց դղյակում չգիտեմ ինչեր են ուտում, իսկ ես ընկերներիս հետ իմ ավտոտնակում` հաց ու պանիր, դա  դեռ ոչինչ  չի նշանակում,-պատասխանեց վարորդը:
-Դուք ձեր մասին մի խոսեք, այլ ձեր երեխաների և թոռների, որ հաստատ կուզենային ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Կարուսելներից օգտվելը դարձրել են 500 դրամ, հնարավո՞ր է այդ գնով ամեն անգամ այս  պայմաններում երեխա տանել կարուսել: Արդյունքում էլի հարուստների երեխաներն են օգտվում նման բարիքներից,-պնդեց բարետես տիկինը:
-Այսպիսի մի պատմություն գիտեմ. թագավորի աղջիկը սիրում էր մի տղայի, ում թագավորի հրամանով գլխատեցին: Արքայադուստրը վշտից կծկվեց, հիվանդ ու դժբախտ դարձավ: Կարծում եմ` նույն պատմությունը տեղի չէր ունենա Ձեր կամ մեր վարորդի զավակների կյանքում, ուստի հարուստները մեզանից երջանիկ չեն,-ասաց մուգ գույնի ակնոց և վերնաշապիկի գրպանում գրիչ կրող մի տարեց ուղևոր:
– Երեխաներս երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեն, բայց աշխատանք չկա, ի՞նչ երջանկության մասին է խոսքը,-նույն վիրավորված տոնով շարունակեց  բարետես տիկինը:
-Ճիշտ է, ես էլ կարմիր դիպլոմով եմ ավարտել, բայց տաքսի եմ վարում,-տիկնոջ խոսքն ընդհատեց մի երիտասարդ ուղևոր:
-Այդ դեպքում ինչո՞ւԳերմանիայից եկաք Հայաստան,-բարետես ու դժգոհ տիկնոջը հարցրեց մի կին, ով ամբողջ ժամանակ լուռ լսում էր:
-Մեր վարորդի ասած հայրենասիրությունը և հայրենիքի կարոտը ստիպեցին,-պատասխանեց բարետես տիկինը:
-Տեսնո՞ւմ եք` Դուք Ձեր հարցերին պատասխանեցիք,-ասաց մուգ գույնի ակնոցով ալեհեր ուղևորը:
-Այդ մենք ենք այսպես մտածում, բայց մի մոռացեք, որ ոչ բոլորն են հակված հայրենասիրության գաղափարին. հայ աղջիկը, բարեկեցիկ կյանքով ապրելու համար, դավանափոխ է լինում ու ամուսնանում մուսուլմանի հետ:
-Այդ բացառությունների մասին եկեք չխոսենք, երեկ մեկն էլ Կիևյան կամրջից իրեն վար գցեց, բայց հո ամբողջ ազգն այդպիսին չէ՞,-ասաց վարորդը:
Հենց այդ կանգառում ես իջա երթուղայինից և չիմացա, թե հետագա ինչ ընթացք ունեցավ հայրենասիրական թեմայով բուռն զրույցը: Բայց երբ ոտքս դրեցի գետնին, զգացի, թե ինչքան ինքնավստահ եմ մայր հողի վրա: Զգացի նաև, որ այսօր տրամադրությունս անսովոր կերպով բարձր էր. հետո հասկացա պատճառը…պատճառը երթուղայինում հանդիպած վարորդի ու մի խումբ ուղևորների զրույցին ակամա ունկնդիր դառնալն էր…

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *