Երիտասարդական մայրաքաղաքի բանալին հանձնվեց Ստեփանավանին

Դեկտեմբերի 24-ին 2014 թ-ի երիտասարդական մայրաքաղաք Սիսիանն իր բանալին հանձնեց 2015 թ-ի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանին:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2013 թվականից նախաձեռնել եւ իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը:Մրցույթի կազմակերպման գաղափարն առաջացավ ՀՀ Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստում եւ արդեն իսկ 2013 թվականի մայիսի 23-ին սպորտի եւ երիտասարդության նախարարի հրամանով հաստատվեց Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի կանոնակարգը, կազմկոմիտեի կազմը եւ հայտի ձեւը:
Մրցույթի նպատակներն են՝
ա) խթանել ՀՀ մարզերի համաչափ զարգացումը,
բ) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ եւ գործընկերային հարաբերությունները ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում,
գ) խրախուսել ՀՀ քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել,
դ) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների զարգացմանը:

Մրցույթի առաջին փուլի արդյունքներով հայտեր էին ներկայացրել Հայաստանի երկու քաղաքներ՝ Սիսիանը եւ Էջմիածինը: Արդյունքում այսօր ՀՀ 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքն ամփոփեց իր երիտասարդական տարին:Մեկ տարվա ընթացքում ահռելի փոփոխություններ իրականացվեցին Սիսիանում: Կարելի է ասել, որ Սիսիանն այն բացառիկ քաղաքներից էր, ուր փոքրաթիվ ՀԿ-ներ էին գործում: Այսօր արդեն Սիսիանում գործում է 9 երիտասարդական հասարակական կազմակերպություն: Հիմնվել է երիտասարդական այգի: Քաղաքն այժմ ունի իր օրհներգը, որի երաժշտության եւ բառերի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է: Բացվել է աշխատանքի տոնավաճառ: Կարեւորագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստն իրականացվել է Սիսիանում, ինչպես նաեւ՝ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագրի ազգային երկու աշխատաժողովներ:«Եթե Սիսիանի հաջողված օրինակը չլիներ, ապա 2015թ. երիտասարդական մայրաքաղաքի մրցույթին չէինք ունենա երկու անգամ ավելի շատ հավակնորդներ»,- ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:Նա Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության անունից շնորհակալագիր հանձնեց Սիսիանի քաղաքապետարանի Կազմակերպչական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանին:

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը միջոցառման ընթացքում խրախուսական պատվոգրեր հանձնեց քաղաքի մշակութային եւ հասարակական կյանքի ակտիվացման գործում ներդրում ունեցած գործիչներին:

Տոնական համերգով եւ փակման արարողությամբ տարվա երիտասարդական մայրաքաղաք Սիսիանն էստաֆետը հանձնեց արդեն 2015թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանին: Ստեփանավանն էլ իր հերթին Սիսիան քաղաքին նվիրեց Սոս Սարգսյանի նկարը՝ որպես հուշանվեր:

2015թ. նոր ավյունով ու երիտասարդական շնչով կտոգորվի արդեն տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանը:

աղբյուրը՝ http://www.erit.am/index.php?id=27926&lang=1

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *