ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ «ՄԱՏ ԱՐԵՑԻՆ» ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Հուլիսի 20-ին Հ. Սահյանի անվան մշակույթի կենտրոնում Աղասի Հակոբջանյանը հանդիպում էր կազմակերպել ուսանողության եւ երիտասարդության հետ` ինչպես ինքն ասաց` 4 տարվա ընթացքում իր կատարած աշխատանքների մասին նրանց հաշվետվություն տալու, նրանց, իբրեւ թե, համայնքի ղեկավարման, կառավարման գործընթացներին մասնակից դարձնելու, եւ, ամենակարեւորը, ի տարբերություն այլ քաղաքների, իր «թափանցիկ» գործունեությանը նրանց ծանոթացնելու նպատակով:
Որքան էլ քաղաքապետը փորձում էր կիսադատարկ դահլիճում հավաքված երիտասարդների եւ ուսանողների հետ կազմակերպած հանդիպումը, իր խոսքով ասած, զերծ պահել քաղաքականությունից եւ կուսակցականությունից, դժվար չէր կռահել նախընտրական  շրջանում նրա` քաղաքապետի ու սեփականատիրոջ իր «տիեզերական բարձունքներից» իջնելու եւ ջահելներին «բանի տեղ դնելու» միտումները` «նրանց ուղեղը լվանալու» պարզ նպատակով, գուցե թե նրանք Սիսիանում չեն ապրում, եւ, ըստ Աղասու, հավանաբար, տեղեկացված չեն սիսիանյան` Աղասի Հակոբջանյանի հանդեպ ձեւավորված հանրային մերժողական կարծիքից:
Մյուս կողմից` ամբողջությամբ կորցրած լինելով Սիսիանի` 18-20 տարեկանից բարձր տարիք ունեցեղ ընտրազանգվածի վստահությունն ու աջակցությունը, առաջիկա ընտրություններում միակ ակնկալիքը այս տարիքի երիտասարդների «համակրանքը շահելու» պարզունակ ձեւն է մնացել` նրանց «հզոր ուժ եւ հզոր հենարան» համարելու քծնախառն ինտոնացիայով:
Ինչպես բնորոշ է այսօրինակ «լղոզված» հանդիպումներին, սկզբում հնչեցին կենացանման շնարհակալական, գովեստի խոսքեր քաղաքապետի մասին, իսկ քաղաքապետարանի ընդունարանի գործավարուհու տեգոր դստեր` Բռնակոթից հանդիպման եկած Թամարա Անդրեասյանի` «կոմունիզմի ժամանակահատվածում ապրած մեծ սերնդի ներկայացուցիչներին չլսելու եւ նրանց դժգոհություններով ու բողոքներով չառաջնորդվելու, երիտասարդությանը միավորելու եւ երկրի կառավարմանը մասնակցելու» պաթետիկ հորդոր-կոչը ամբողջությամբ քողազերծ արեց երիտասարդների «ուղեղը լվանալու»` վատ նախապատրաստված «թատերականացումը»:
Մայրաքաղաքում կրթություն ստացող, երեւանյան միջավայրերում շփվող ու կայացող, ժամանակակից տեխնիկական միջոցներին փայլուն տիրապետող, ի վերջո, անկաշառ, անկաշկանդ, քծնախառն կոմպլեքսներից ձերբազատ, սեփական դատողություն եւ մտածողություն ունեցող ոչ բոլոր երիտասարդներն ու ուսանողներն էին հակված «իրենց ուղեղը լվանալ թույլ տալու» մտքին, ինչը, վերջնական արդյունքում ափերից հանեց մինչ այդ նրանց քվեն շինծու խոսքերով ու կեղծ գնահատողի մանեւրներով շահել փորձող քաղաքապետին:
Մերի Գրիգորյանը, Ռուզաննա Հովհաննիսյանը, Աննա Հակոբյանը, Մարիամ Թորոսյանը, Շուշան Ավչյանը, մյուսները որեւէ կապանքով չկաշկանդված, երիտասարդին եւ ուսանողին բնորոշ համարձակությամբ քաղաքապետին հղեցին տարաբնույթ հարցեր` հիմնական շեշտը դնելով երեխաների, երիտասարդների զբաղվածության, ժամանցի վայրերի բացակայության, զբոսայգիների, մասնավորաբար` Երեւանյան, կռվի վայր դարձած լինելու, քաղաքի մաքրության, ասֆալտապատման, կանաչապատման, աղբահանության, երիտասարդներին աշխատանքով ապահովելու եւ այլ հարցերի վրա:
Սպասելի՞ էր Աղասու համար հանդիպման` նախապես սարքած սցենսրի շրջանակներից այդպես  դուրս գալու ընթացքը, սիսիանյան հիմնախնդիրների` երիտասարդության այդքան խորը ու քաջատեղյակ իմացությունը, վերլուծությունները, իր հանդեպ անվստահության այդքան մեծ դրսեւորումը անգամ` երիտասարդության շրջանում, թող ինքը եզրակացնի, քանի որ «իր լավ աշխատանքով նրանց ուղեղները լվանալու համար» կազմակերպած հանդիպումը ամբողջությամբ շուռ եկավ իր դեմ` նրանց «բանի տեղ դրած լինելու համար» անասելի փոշմանության ու վրդովմունքի հացնելով նրան:
Երիտասարդներին հուզող եւ մտահոգող գրեթե բոլոր հարցերի հիմնական պատասխանը անճարի, անզորի, չկայացած, չստացված ղեկավարի պատասխան էր` ամենատարբեր, անգամ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդարացումներով, որը, չգիտես թե ինչ կապ ունի մանավանդ Սիսիանի հետ` «Իմ պաշտոնավարումը զուգադիպեց այն ժամանակի հետ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը, որը չէր կարող չազդել նաեւ Սիսիանի տնտեսության վրա» ասելով: Բայց, քիչ անց, մոռանալով իր ասածը, մեկ ուրիշ` աշխատատեղեր բացելու հարցի շուրջ խոսելիս, ասաց` «Մենք ի՞նչ ունենք, ընդամենը` մի բազալտ քար, ջուր` հէկեր կառուցելու համար», եւ այս պարագայում, երբ Սիսիանում, իր ասելով, գրեթե տնտեսություն չկա, համաշխարհային ճգնաժամը նրա տնտեսության վրա ո՞նց պիտի անդրադառնար, որ Աղասու «լավ» աշխատանքին այդպես «դաժանաբար» խանգարել է:
Անդրադառնալով երիտասարդների` Սիսիանում զբոսայգիներ ու այգիներ չլինելու հարցին  եւ անբարո համարելով դրանք 90 տարով վարձակալության տալը ու համայնքապետի խորհրդով դրանք համայնքին չվերադարձնելու` սեփականատերերի կեցվածքը, ասաց` «դրանք մասնավորեցված տարածք են, մենք իրավունքներ չունենք, տեղական ինքնակառավարման մարմինը տուգանելու իրավունք անգամ չունի, քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող: Ի՞նչ անեմ», որը ուրիշ ոչինչ չի նշանակում, բացի իր` քաղաքապետի դերում եւ տեղում չլինելուց եւ սիսիանյան հանրային հարցեր ու խնդիրներ լուծելու անճարությունից ու անզորությունից: Բա մեզ պե՞տք է էսքան խղճալի վիճակում գտնվող համայնքապետը: Տեսնես այդքանից հետո ի՞նչ էր ակնկալում, երբ հարց տվողին նույն անճարությամբ, իբրեւ թե` մտերմիկ, հարցրեց` «գոհացրե՞ց իմ պատասխանը Ձեզ»` ստանալով միանշանակ կտրուկ «Ո՛չ» արձագանքը:
Այս շոկային վիճակից դեռեւս դուրս չեկած` հետեւեց շատ ավելի անսպասելի, բայց` Աղասուն շատ ավելի բնութագրող, նրա որակն ու կերպարը ամբողջությամբ բացահայտող եւ նախընտրական քծնախառն այս հանդիպման նպատակը մերկացնող իրավիճակը, ինչը, գուցե, անսպասելի էր նաեւ դահլիճում գտնվող երիտասարդներից շատերի համար, ովքեր ապշախառն «հըը˜ըմ» արեցին:
Ամենաակտիվ երիտասարդներից մեկը` Մարիամ Թորոսայնը հարց տվեց քաղաքապետին` նորավարտներին աշխատանքով ապահովելու մասին, այլապես նրանք հեռանում են երկրից, շրջանից, իսկ «պայծառ ապագայի հույսով այստեղ զոռով մնում են միայն նրանք, ովքեր գնալու հնարավորություն չունեն»:
Քաղաքապետը, քծնախառն, (ընտրաձայն է պետք) նախ սկսեց հայրենասիրական ճառ ասել երկրից չհեռանալու, Սիսիանը չլքելու մասին, հետո ջերմորեն դիմեց Մարիամին` ասելով` «Ու՞ր եք գնում, մի՛ գնացեք, վաղը արի քաղաքապետարան, տեսնենք` ի՞նչ ենք անում»: Նրա խոսքին անմիջապես հետեւեց Մարիամի` «Մեկ անգամ եկել եմ, մերժել եք» պատասխանը, որը, դահլիճի քմծիծաղի պատճառով, լսելի չեղավ քաղաքապետի համար, եւ նա նորից հարցրեց` «Ի՞նչ»: Աղջիկը, անշփոթ ու հանգիստ կրկնեց. «Մեկ անգամ եկել եմ, ինձ ուղարկել եք «ուրիշ տեղ»: Ընտրաշրջան է, Աղասին պատրաստ է «կուլ տալ» հնարավոր ամեն քվեի հնարավոր բոլոր «նսեմացումները», ուստի ասաց` նորից արի: Գնա՞ց Մարիամը քաղաքապետարան, չգնա՞ց, հիմա դա արդեն էական չէ, «ձայնի դիմաց` խոստում» սովոր եղանակով «խաբե՞ց» քաղաքապետը նրան, դա էլ էական չէ, բայց որ նման «փոքր» էպիզոդներով ու միջադեպերով է «կոմունիզմի ժամանակահատված ապրած մեծ սերնդի ներկայացուցիչների համար» բացահայտվել Աղասու իսկական կերպարը, հիմա էլ բացահայտվում է երիտասարդների ու ուսանողների համար, որոնք արդեն ոչ թե` մեծերի, ոչ թե` Թամարա Անդրեասյանի պաթետիկ հորդորով, այլ` սեփական օրինակով են իրենց համար բացահայտում Սիսիանի քաղաքապետին:
Բայց սա դեռ` հե՛չ այն ամենի համեմատ, ինչը հետո տեղի ունեցավ` Աղասուն ամբողջությամբ դնելով «մատային» վիճակի մեջ:
Որպես համայնքապետ` Աղասի Հակոբջանյանը որքան էլ խուսափում է նման հանդիպումներում Շաքեի ջրվեժի մասին խոսելուց, որքան էլ հաճելի չէ նրա համար այդ թեման, քանի որ, որպես չկայացած քաղաքապետ, մի մինուսով եւս ստվերում է իրեն, այնուամենայնիվ, դա ամենաանխուսափելի թեմաներից էր, ինչից զերծ չմնաց նաեւ այս հանդիպումը, քանի որ քաղաքապետը նաեւ Շաքեի հէկ-ի համասեփականատերերից մեկն է:
Ներկայացնում ենք Աղասի Հակոբջանյան-Շուշան Ավչյան  երկխոսությունը` առանց խմբագրման եւ ընդհատման.
Շուշան.-Աշխարհի բոլոր վայրերից գալիս են Շաքեի ջրվեժի գեղեցկությունը տեսնելու: Ես 17 տարեկան եմ: Ինձ համար շատ ցավալի է, որ, լինելով սիսիանցի, ապրելով Սիսիանում, Շաքեի ջրվեժը իր ողջ գեղեցկությամբ տեսել եմ միայն մեկ անգամ` մի քանի օր առաջ ու չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այն բացվում միայն արտառոց հյուրերի համար:
Աղասի.-Որպես քաղաքապե՞տ պատասխանեմ Ձեր հարցին, թե՞` որպես Շաքե հէկի սեփականատեր: Ո՞րն է ճիշտ:
Շուշան.-Որպես Սիսիանի քաղաքացի: (Դահլիճը հիացական բացականչությամբ ընդունեց Շուշանի այս օրիգինալ պատասխանը, Աղասին` անակնկալ` շոկով):
Աղասի.- Սիսիանի քաղաքացի՞…
Շուշան.-Այո՛: Պարզապե՛ս` սիսիանցի…
Աղասի.-( մի կերպ տիրապետելով իրեն).- Ես էլ եմ մտահոգված: (հետո`մեղադրանքի ու զայրույթի տոնով).-Ես ամենեւին պատասխանատու չեմ Ձեզ համար` ինչո՛ւ 17 տարին մեկ եք գնում Շաքի:
Շուշան.- (շատ հանգիստ, շատ` հավասարակշիռ ու անվրդով).-Չէ՛, ո՛չ թե 17 տարին մեկ եմ գնում, շուտ-շուտ եմ գնում, բայց հազվադեպ կարելի է այն ողջ գեղեցկությամբ տեսնել: Ապահովեք նորմալ ջրվեժ:
Աղասի (ինքնատիրապետումը կորցրած ու արհամարհական տոնով` առ տաքսու վարորդը, ով ամենաշատն է այդ հարցի մասին գրում). -Հարցը բարձրացվեց վարչապետի այցելության ժամանակ` տաքսու վարորդի հարցադրմամբ, ով ծագումով սիսիանցի չի, բայց «մտահոգ է» Սիսիանի հարցերով (իռոնիան վերածվեց ծամածռված միմիկայի` առ տաքսու վարորոդը, հետո մի կերպ հավաքեց իրեն` հիշելով, որ դահլիճում նստած են լուրջ, խոհեմ, ինքնուրույն մարդիկ, ումից ընտրաձայնի մեծ ակնկալիքներ ունի եւ տոնը մեղմացրած` շարունակեց).-Որպես քաղաքացի, որպես Սիսիանի քաղաքապետ, իրոք, մտահոգ եմ, բայց…պարտավորված չեմ:
Հետո սկսեց երկար-բարակ բացատրել, թե ինչու պետք է ինքը ֆինանսապես տուժի, որովհետեւ հէկը սեփականացրել է 1997 թ.-ին, եւ փակեց թեման` ասելով` «Ես բարոյապես եմ պարտավորված, ուրիշ…ոչինչ»:
Աղասի Հակոբջանյանի` սիսիանցիների հանդեպ միայն «բարոյապես պարտավորվածությանը» Շուշան Ավչյանը հղեց նրան բարոյապես ոչնչացնող հաջորդ հարցը` ասելով`
-Հենց Դուք Ձեր օրինակով ետ վերադարձրեք Ձեր սեփականությունը եւ օրինակ ծառայեք մյուս սեփականատերերի համար…
Մեկնաբանություններ, եզրակացություններ այսքանից հետո իմաստ ունի՞… իհարկե` ո՛չ:
Բայց` մի նկատառում, իսկապես, չենք կարող չավելացնել:
Ըստ Ա.Հակոբջանյանի` մարդը, երեւի, լինում է 3 տեսակի` քաղաքապետ, սեփականատեր եւ… «տաքսու վարորդ», որը, մյուս երկուսի համեմատ, նվաստ բան է, եւ «տաքսու վարորդները»  «քաղաքապետ ու սեփականատեր` իր մեծության» մասին կարծիք ունենալու, կարծիք հայտնելու քաղաքակրթությունից դուրս են հայտարարված: Նրա համար մարդ, քաղաքացի, անահատ հասկացություններ գոյություն չունեն: Ինքը իրեն նույնպես այդ հասկացություններից դուրս է դիտում: Հանրությանը ներկայանալու եւ ներկայանալի լինելու ուրիշ այլ արժանիք չունի, դրանից բացի: Ու չգոյության` նրա վախը միայն ու միայն դրանք կորցնելու սարսափից է:
Մյուս կողմից, ըստ նրա, սիսիանցիների հարցերի մասին միայն սիսիանցիները պիտի խոսեն, այն էլ` «ոչ տաքսու վարորդ» կատեգորիայից: Ապշելու մտածողություն, որին պիտի որ հետեւեր «Ազատություն Շաքեի ջրվեժին» նախաձեռնության հեղինակ Մարիետա Խաչատրյանի` «Շաքեն միայն Սիսիանինը չի, Շաքեն համահայկական է եւ բնապահպանական ու էկոլոգիական լուրջ խնդիր է նաեւ» անհամաձայնությունը:
Չստացվեց քաղաքապետի` ուսանողների եւ երիտասարդների «ուղեղները լվանալու» միսսիան: Հակառակը, հանդիպման վերջում դահլիճում տիրում էր մռայլ, տխուր, անբացատրելի ծանր ու ճնշող մթնոլորտ, քաղաքապետի համար` մատ եղածի` կրկնակի ծանր իրավիճակ:

Հ.Գ. Փառք ու պատիվ այսօրվա սիսիանցի ուսանողին ու երիտասարդին, ով զերծ է նյութականությունից, հաշվենկատությունից, իրեն առաջարկված առեւտրա-վաշխառուական  մտածողությունից եւ իր քաղաքի տերը լինելու վճռական հայտը ներկայացրեց «կոմունիզմի ժամանակահատվածում ապրած մեծ սերնդի ներկայացուցիչ» քաղաքապետին` «մատ» հայտարարելով նրան…  

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *