ԵՐԿԻՐՍ, ՈՐ… ՆԵՐՍԻՑ Է ՓՈՔՐԱՆՈՒՄ

Բնունիսի համայնքապետարանում մի տեսակ աշխուժություն էր: Ասացին՝ նոր համայնքապետի օրոք՝ ամեն օր այդպես է: Հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո համայնքի նոր ղեկավար Ալիկ Մկրտչյանը «կադրային ջարդ» չի արել, թեեւ՝ ոչ բոլորն են իրեն ընտրել, ավելին՝ համակարգչային օպերատորի նոր հաստիք է ավելացրել: Երիտասարդ տղա է, բանակ գնացած-եկած, գյուղին կապված, նոր աշխատանքն էլ նրան կպահի գյուղում: Նոր համայնքապետն էլ  երիտասարդ է՝ 33 տարեկան: Թվում է՝ կյանքի փորձառությունը քիչ է, բայց անմիջական է ու բաց: Համ էլ՝ մերօրյա գյուղի երիտասարդը շուտ է հոգսի տակ մտնում, արագ է հմտանում, արագ էլ ստեղծում իր աշխատանքային միջավայրը: Միանգամից զգացվեց համայնքապետարանի աշխատակիցների հետ փոխվստահության մթնոլորտը: Տանջալիորեն երկար ձմեռվանից ու ցրտերից հետո էլ հազիվ արեւ էր բացվել, ու արեւկող Բնունիսը, թեք լանջին թիկնած, վայելում էր գարնան ջերմությունը:

Համայնքապետն ասաց՝ թեեւ գարունն իր իրավունքների մեջ է, եւ սկսվել են գարնանացանի աշխատանքները, բայց գյուղում կատարվել է ընդամենը 60-65 հեկտար ցանք, երբ կարելի էր 250-300 հեկտար կատարել: Պատճառները, ասում է, համընդհանուր են՝ վառելանյութի, սերմացուի, գյուղտեխնիկայի, պարարտանյութի բացակայությունը կամ՝  թանկությունը: Մեկ հեկտար ցորեն-գարի ցանելու համար 120-130 հազար դրամ գումար է պետք գյուղացուն: Մեկ հեկտարի հունձը արժե 13 հազար դրամ եւ 30 լիտր վառելիք, մեկ հեկտարի վարը՝ 15 հազար դրամ եւ 30 լիտր վառելիք, մեկ հեկտարից ստանում են, ասենք, 1,5 տոննա բերք, որը շատ քիչ է, սերմը գնում 160-180 դրամով, բայց վաճառում 90-95 դրամով: Ու բազում, բազում այսպիսի խնդիրներ, որ առկա են: Ու գյուղացին՝ ինքն է՝ իր հոգսը, ինքը՝ իր դաշտ ու արտը: Ով կարողանում է՝ քչից-շատից վարում-ցանում է, ով՝ չէ, դաշտերը դնում է խոտհարքի տակ:

Բնունիսի բյուջեն փոքր է՝ 5,6 միլիոն դրամ, որից 3,5-ը դոտացիան է, մնացածը՝ սեփական եկամուտները: Եվ այդ բյուջեով ի17952979_1056816431129625_8392263356742357304_n՞նչ խնդիրներ լուծեն, ո՞ր մեկը լուծեն, ինչպե՞ս լուծեն…

Անցյալ տարի Բնունիսում 4 երեխա է ծնվել: Ուրախանում են ամեն մի ծննդի համար, բայց ցավում, որ գյուղի գեղեցիկ, նորակառույց, տիպային դպրոցում սովորում է ընդամենը 12 աշակերտ: Իսկ դպրոցը կառուցվել է գյուղը ամուր եւ կայուն պահելու հեռանկարով…

«Հին դպրոցում ավելի շատ աշակերտ ունեինք՝ 30, իսկ նորակառույցում ընդամենը՝ 12»,- դառնությամբ ասում է դպրոցի տնօրեն Գոհար Նազարյանը եւ տրտնջում, որ դասարանները կոմպլեկտավորված են, որ 0,25 ժամի համար ոչ ոք չի համաձայնվում գալ-աշխատել այստեղ, եւ ստիված մեկ առարկայի ուսուցիչը մի քանի առարկա է պարապում, որ գոնե նորմալ աշխատավարձ ստանա: Ապա նշում է, որ դպրոցն ունի համակարգչային նոր տեխնիկայի կարիք, քանի որ ծրագրերը փոխվել են, եւ հին տեխնիկան DSC05642այլեւս չի բավարարում, որ կա լաբորատոր գույքի պահանջ, որ երթեւեկող ուսուցիչների համար չկա տրանսպորտային միջոց, որ… գյուղի սիրտը, գյուղի շնչառությունը եւ գյուղի զարկերակը դպրոցն է. դպրոց չեղավ, գյուղը չի լինի: Հենց այդպես էլ գրված է նորակառույց դպրոցի պատին փակցված մի ցուցանակի վրա, որը, կարծես, հատուկ էս օրվա ու էս պահի համար էր՝ «Հայրական օջախիս տարածքը սիրով նվիրել եմ դպրոցի կառուցմանը. եթե դպրոցը կա, գյուղս կապրի: Պավլիկ Մկրտչյան»:

Հետո համայնքապետը, ասես փարատելու համար բոլորիս մտատանջող ցավը, ուղեկցում է դպրոցի մի դասասենյակում գործող մանկապարտեզի սենյակ: «Քայլ առ քայլ» ծրագիրն այն ապահովել է բավարար գույքով, խաղալիքներով, մոտ 3 ժամ երեխաները զբաղվում են, խաղում, իրենց օրը հետաքրքիր դարձնում, բայց, ափսոս, որ գյուղում մանկապարտեզահասակ միայն 2 երեխա կա, այն էլ՝ համայնքի ղեկավարի երեխաներն են: «Լավ է սա էլ կա, մանկապարտեզ հաճախելու հոգեբանությունը փոխում է երեխային, դարձնում շփվող, հաղորդակցվող»,-ասում է 6 զավակների մայր Լիլիթ Սողոմոնյանը, ով իր նորածին երեխային նույնպես բերել էր այստեղ, ապա անթաքույց ուրախությամբ ասում, որ իր ընտանիքն էլ շուտով տեղափոխվելու է գյուղից՝ էստեղ մնամ ի՞նչ անեմ, նույնիսկ բազմազավակ մոր իրավունքներից չեմ օգտվում…

Հետո համայնքի ղեկավարի հետ խոսում ենք համայնքի հիմնախնդիրներից, լուծման կարոտ հարցերից, որոնք շատ ու շատ են՝ լուսավորությունից մինչեւ կոյուղագծերի ներքին ցանցի կառուցում, Այրի (Գիժ) գետի գարնանային վարարումներից հարակից 10 հեկտար հողատարածքի հեղեղում, գետի վրայի կամուրջների վնասվելուց մինչեւ ձնհալի եւ անձրեւաջրերի հեղեղումներից վթարված գյուղի առուների մաքրում, ոռոգման ջրի նոր ջրագծի անցկացումից մինչեւ մշակույթի տան եւ գրադարանի խոնավ պատDSC05641եր, ծառատունկից, համագյուղացիների ուժերով գյուղի սանիտարական վիճակը բարելավող շաբաթօրյակից մինչեւ գյուղամիջում, հենց գյուղապետարանի քթի տակ «հաղթականորեն» դիզված աթարաշեղջի հեռացում ու էլի հազար ու մի խնդիրներ:

Ու այս խնդիրների մեջ՝ համայնքի նոր ղեկավարի անկեղծ, անմիջական ու բաց աշխատաոճն է եւ համայնքը մեկ ընտանիք դարձնելու բարի ցանկությունը, որովհետեւ առանց այն էլ հոգսաշատ ու խնդրաշատ գյուղում, գոնե, մարդկային հարաբերությունները մարդավարի լինեն… Երիտասարդ համայնքապետի ակտիվությունը, փնտրտելու ջիղն ու կամքը, իրավիճակը գնահատելու կարողությունը, լավատեսությունը, 17 տարի համայնքը ղեկավարած նախկին համայնքապետին ընդամենը 8 վճռորոշ ձայնով հաղթելու իրողությունը գյուղացիներին վստահությամբ են համակել Ալիկ Մկրտչյանի նկատմամբ, հույսով, որ նոր գյուղապետը դրական փոփոխություններ կանի:

«Չեմ տրտնջում եւ չեմ փոշմանում, որ հանգիստ աշխատանքս թողել եկել-մտել եմ համայնքային այս մեծ հոգսի տակ: Մտածում եմ՝ օգտակար լինեմ գյուղիս, համագյուղացիներիս,- ասում է համայնքապետը ու հակադարձում իմ՝ բոլորն են այդպես ասում ակնարկին,-Սիսիանում էլ տուն ունեմ, Երեւանում էլ, բայց իմ հոգեբանությամբ ես գյուղի, հողի մարդ եմ, ու հենց դրա համար էլ մնացել եմ այստեղ»: Հետո ցավով ասում է՝ բոլորը չեն իր նման մտածում, ասում են՝ գյուղում ապագա չկա, ու իրենց երեխաների ապագան կառուցելու համար տեղափոխվում են, գնում Սիսիան, Երեւան, Ռուսաստան, թեեւ ցավով է ասում, բայց իրեն իրավունք չի վերապահում մեղադրել նրանց:

Հետո գյուղի գլխից՝ բարձունքից, նայում ենք մինչեւ Այրի գետի բերանը փռված բնության չքնաղ այս կտորին, որտեղ իր գարնանային օրն է վայելում գյուղը, ու միասին ասում՝ չէ, բայց ի՜նչ սիրուն է Բնունիսը… հավանաբար դրա համար էլ եղել է Օրբելյան իշխանների ամառանոցային հանգստավայրը: Սակայն՝ սիրուն լինելը ե՛ւ ծննդավայր լինելը ե՛ւ հայրական ու պապենական լինելը, կարծես, դեռ քիչ են, որ Բնունիսը պահել կարողանա հեռանալ ցանկացողներին…

Այս ահռելի խնդիրները, որ տարիների անուշադրության եւ անտարբերության պատճառով կուտակվել են գյուղական համայնքներում, հազիվ թե հնարավոր լինի շուտ եւ արագ լուծել, եթե երկրիս կառավարությունը լրջորեն չմտահոգվի գյուղական բնակավայրերով: Իսկ եթե հույսը պիտի դնի, ինչպես ասում են, աշնանը կայանալիք՝ համայնքների խոշորացման արդյուքնում դրանց լուծմանը, մեղմ ասած, հավատ չի ընծայում: Իսկ հողը գյուղն է, իսկ հողը՝ հայրենիքն է: Սակայն արի ու տես, որ հայրենիքը ներսից է փոքրացել, դարձել ափաչափ ու սրտաչափ… եւ դրանով նաեւ՝ ավելի սիրելի, որին, սակայն, այսօր կորցնողի տագնապով ու երկյուղով ենք սիրում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *