ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ

Սիսիանցի երիտասարդ կամավորների մի խումբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, նախկին «Որոտան» կինոթատրոնի հրապարակում հիմնում է «Երկխոսության պուրակ»: Ծրագրի նպատակը Սիսիանի համայնքի բնակիչների եւ համայնքային իշխանությունների՝ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների հանդիպումներն են ոչ ֆորմալ պայմաններում, «առանց պաշտոնական հայեցակարգերի ու փողկապների»՝ քննարկելու, վեր հանելու համայնքային հիմնախնդիրներն ու մտահոգող հարցերը, ինչպես նաեւ համայնքի բնակիչներին ներգրավելու համայնքային խնդիրների լուծմանն ու որոշումների կայացմանը:

Ծրագրի պատասխանատու Լուսինե Հարությունյանը կարեւորում է նաեւ թե տեղական ինքնակառավարման մարմինների, թե բնակչության պատասխանատվության բարձրացումը, ինչին կնպաստի հանրային քննարկումների ոչ ֆորմալ հարթակը, որը պատկերավոր անվանել են երկխոսության պուրակ: Պուրակում տղադրվել է տեղեկատվական անկյուն, որտեղ կփակցվեն հայտարարություններ, ավագանու որոշումների պատճեներ, ինչը պարբերաբար կթարմացվի: Տեղադրվել է այսպես կոչված գաղափարների արկղ, որտեղ ցանկացած քաղաքացի կարող է ներկայացնել համայնքային հիմնախնդիրներ եւ դրանց լուծման առաջարկներ: Եղած առաջարկներն ու գաղափարները կներկայացվեն համայնքային իշխանություններին:

«Որոտան» կինոթատրոնի հրապարակում այսօր տեղի ունեցավ Սիսիանի բնակիչների եւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի՝ առաջին ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները հնչեցրեցին տարաբնույթ հարցեր, որոնց գերակշիռ մասը վերաբերում էր քաղաքի կանաչապատմանն ու բարեկարգմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը, մայթերին եւ փողոցներում մսի՝ բացօթյա վաճառքի արգելմանը: Հանդիպման մասնակիցները մասնավորաբար մեծ մտահոգություն հայտնեցին Մայր կամրջի հարակից հատվածի կոյուղաջրերի պատճառով առաջացած ճահճուտի եւ այնտեղից տարածվող գարշահոտության մասին: Որոտան 4 բազմաբնակարան շենքի վթարված կոյուղագծերի եւ շենքը քայքայող կոյուղաջրերի խնդիրը հնչեցրեց նույն շենքի բնակիչ Արթուր Հարությունյանը, որին ի պատասխան համայնքի ղեկավարն անմիջապես ձեռնամուխ եղավ խնդրի լուծմանը: Ներկաներին ամենաշատ հուզող հարցերից էին աշխատատեղերի, մանկական խաղահրապարակների, հանգստի գոտիների, զբոսայգիների բացակայությունը: Համայնքի ղեկավարը հավաստիացրեց, որ շատ շուտով այդ խնդիրները լուծում կստանան, եւ մոտ ապագայում համայնքի բնակիչները կտեսնեն ու կզգան այդ փոփոխությունները:

«Թեեւ իմ աշխատասենյակի դուռը բաց է բոլորի առջեւ, բայց նման հանդիպումները նույնպես կարեւոր են,-ասաց Արթուր Սարգսյանը,- քանի որ նման շփումները ավելի անկաշկանդ եւ անկեղծ են լինում»,-ապա ծրագրի պատասխանատու Լուսինե Հարությունյանին հորդորեց հաջորդ հանդիպումները կազմակերպել ոչ միայն «Որոտան» կինոթատրոնի հրապարակում, այլեւ՝ քաղաքի բոլոր թաղամասերում:

Ծրագրի պատասխանատուն նշեց, որ եռամսյակը մեկ կազմակերպվող այս հանդիպումները կակտիվացնեն համայնքի բնակչությանը, հատկապես՝ երիտասարդներին, ովքեր ավելի պասիվ են եւ քիչ են ներգրավված համայնքային կյանքին: Իսկ երիտասարդների պասիվությունն ու հանդիպմանը չմասնակցելը Հենրիկ Ղեւոնդյանը պայմանավորեց ոչ թե ցանկության բացակայությամբ, այլ՝ արտագաղթի հետեւանքով Սիսիանում նրանց թվի կտրուկ պակասով:

Ինչպես շատ ու շատ ծրագրեր, այս մեկը եւս թիթեռի կյանք չի՞ ունենա հարցմանն ի պատասխան Լուսինե Հարությունյանը նշեց, որ առաջին հանդիպման ակնկալիքներն ավելի համեստ էին, բայց այն սպասածից ավելի ակտիվ ու մարդաշատ էր, եւ հույս հայտնեց արդարացնել բոլոր սպասելիքներն ու իրողություն դարձնել ծրագրի բոլոր նպատակները:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *