ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՀԱՍՏԱ՛Տ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ

Աշնան երանգ հագնող Սիսական փողոցով քայլերս տարան սիսիանցիների խորհրդանիշ` Աղջկա արձանի ուղղությամբ: Տներից մեկի բաց դուռը թակելու կարիք չեղավ: Գրիշա հայրիկենց տանը ջերմ ընդունեցին: Էդ ո՛ր սիսիանցու դռնով մտնես, որ` ջերմ չընդունեն: Իմ անսպասելի այցելությունը չզարմացրեց տանտերերին. հյուրը աստծունն է: Զրույցն էլ միանգամից ստացվեց: 87-ամյա Գրիշա Դավթյանը եւ նրա հարեւան 73-ամյա Գուրգեն հայրիկը բակում ինչ-որ գործ էին անում: Եվ մինչ հարս Կարինեն սուրճ կհյուրասիրեր, հասցրեցի այս մարդկանց տրամադրվածությունն ու վերաբերմունքն իմանալ քաղաքապետի ընտրությունների, թեկնածուների մասին: Ասացին, որ իրենց մտահոգությունը նույնպես դա է: Շատ ու շատ ընտրությունների են մասնակցել, եղել է, որ ընտրել ու փոշմանել են, եղել է, որ իրենց սրտով են ընտրել, եղել է, որ փոշմանել են չընտրածի համար, բայց` անցածն անցած է, ու հիմա նրանք այսօրվա վիճակով են մտահոգ: Հարցրեցի` գիտե՞ն թե ովքեր են թեկնածուները: «Երկուսին հաստատ գիտենք. մեկին, որ ձայն չենք տալու, մեկին էլ, որ ձայն ենք տալու»: Առանձնապես ջանք չթափեցի իմանալու, թե ո՛ւմ հատկապես ձայն չեն տալու, որովհետեւ հենց իրենք բացահայտեցին իրենց միտքը. «էդքանից հետո դեռ մարդ կա, որ նորից ասում է` ինձ ընտրեք»: Ինչքանի՞ց հետո, հորեղբայր Գուրգեն, հարցնում եմ: «Բա դու հեռուստացույց չե՞ս նայում: Սիսիանում մի թիղ հող չի թողել, ծախել է: Ծերանոցն ի՞նչ էր, վետերանների տուն-թանգարանը, էդ էլ է ծախել: Ի՞նչ երեսով է ասում նորից ինձ ընտրեք»: Ասացի` լսել եմ, իհարկե, լսել եմ, ո՞ր սիսիանցին չի լսել, կինոյի բակ գնացեք, տեսեք` ինչեր են խոսում մարդիկ:
Մեծ հայրենականի եւ աշխատանքի վետերան Գրիշա Դավթյանն ասաց, որ ինչ իրեն հիշում է, աշխատել է, լավ-վատ ապրել է, ուտող-խմող, հումորով մարդ է, շատ բան է տեսել այս կյանքում, շատ բան չտեսնելու տվել, շատ բանի հետ հաշտվել է, շատ բանի հետ չի հաշտվել, բայց այն, ինչ արել են ղարաքիլիսեցի վետերանների հանդեպ, աններելի է, բարոյական չէ. «ասա` դու էդ շենքից խաբար ես, որ ծախել ես»,-հուզված ու վիրավորված, խորապես վիրավորված վրա բերեցին թե Գրիշա հայրիկը, թե հորեբայր Գուրգենը:
Գրիշա Դավթյանը պատմեց, որ Սիսիանի համայնքի (նկատի ուներ հին Ղարաքիլիսան) կողմից կառուցված բաղնիքի շենքը, նորը կառուցելուց հետո, ավանային սովետը դարձրել էր վետերանների տուն-թանգարան, եւ 40 տարի այն ծառայում էր իր դերին: Վետերանները հավաքել էին հայրենականում զոհված համագյուղացիների, հայրենականի հերոսների, հայ գեներալների, արցախյան կռվի զոհվածների նկարները, ստենդներ էին պատրաստել, հավաքվում էին, զրուցում, զբաղվում: Մի երկու տարի առաջ էլ` 2004-ին խնդրել էին, ու Աղասի Հակոբջանյանը չէր մերժել, վերանորոգել, կարգի էր բերել: Վերջին 20-25 տարին բանալին Գրիշա հայրիկի մոտ էր, իսկ հիմա… ծախել են: «Ընդամենը 10 ամիս առաջ ենք իմացել, որ վետերանի տուն-թանգարանը վաճառված է, ո՞ւմ դիմես, ո՞ւմ բողոքես, հետո  էլ, իբր, տոն են կազմակերպում մեզ համար եւ ասում, թե հարգում են պատերազմի եւ աշխատանքի վետերաններին: Էլ ո՞վ կհավատա դրանց»,-ասաց Գրիշա հայրիկը` չկարողանալով թաքցնել աչքերի տխրությունն ու թացությունը: «Բա մատներս կտրես, ես էդ տեսակ մարդուն նորից ձայն կտա՞մ»,-վիրավորանքի նույն տոնով ասում է նա: «Բա ո՞ւմ կտաս ձայնդ, Գրիշա հայրիկ»,- հարցրեցի` փորձելով մեղմել նրա վիրավորանքը: «Աղասի Հակոբջանյանին,-եղավ պատասխանը:-Մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Բա նա նման բան կանե՞ր: Ինչ հարցով դիմել ենք, չի մերժել, չենք էլ դիմել, ինքն է հարգել: Հոր պես է վերաբերվել մեզ, Մամիկոնի հետ էլ ընկեր ենք եղել: Հարգանքով է, վերաբերմունքով, մի քիչ էլ որ հորը քաշի: Ջահելը պիտի աշխատի, ջահելը»:
Թեեւ տխրեցի այս մարդկանց տխրության ու վիրավորանքի համար, թեեւ ցավ ապրեցի նրանց կորցրած, անվերադարձ կորցրած վետերանի տուն-թանգարան իրողության համար, բայց մի թեթեւություն էլ համակեց հոգուս. էդ ո՞վ է ասում, թե սիսիանցիներին խաբելը հեշտ է` մի ավտոտնակի տեղով, մի հողակտորով, մի աշխատանքի խոստումով: Հիմա նրանց չես խաբի, չես մոլորեցնի: Ինքը համոզմունք ունի, ու այս անգամ համոզմունքով է գնալու իրեն ղեկավար ընտրելու, ոչ թե` սուտ խոստումներով: Հիմա սիսիանցին հասկանում է, որ քաղաքը երիտասարդ, գործարար, ինքնուրույն ղեկավարի պահանջ ունի, եւ արժանավոր համարում է Աղասի Հակոբջանյանին:

Արեւհատ Ամիրյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *