Ես քեզ չեմ լքել, քո դժվարության պահերին ես քեզ իմ ձեռքերի վրա էի տանում…

Հարցազրույց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր-Պարգեւ Զեյնալյանի հետ
-Տեր հայր, նոր տարին սկսվում է Քրիստոսի հրաշափառ ծննդյան ավետիսով: Ի՞նչ խորհուրդ ունի այն ամբողջ տարվա համար:
-Աստվածաշունչ գիրքն ասում է` իզուր են տքնում այն շինողները, որոնց տունը աստված չի շինել: Իբրեւ քրիստոնյաներ` ամեն նոր սկզբից առաջ, ինչպես որ ամեն գործ սկսելուց առաջ, մաղթում ենք, որ այն աստծու կամքով կատարվի: Նար տարին էլ, որպես նոր իրողության կամ` շինության սկիզբ` սկսում ենք Քրիստոսի սուրբ ծննդյան ավետիսով: Հունվարի 6-ի արարողության ժամանակ մենք կատարում ենք ոչ թե պատմական մի իրադարձության հիշատակություն, այլ` մի խորհուրդ, որ Տերը ծնվեց ոչ միայն այդ ժամանակ ապրող մարդկանց համար, այլեւ` ծնվեց ողջ մարդկության համար` եւ մինչեւ իր ծնունդը, եւ իր ծննդի ժամանակ եւ թե հատկապես իր ծննդից հետո:
Ամեն նոր տարվան, հիշելով Քրիստոսի ծնունդը, մաղթում ենք, որ ամեն մեկիս սրտում այս մանուկի սրտի լույսը եւս մեկ անգամ ծնվի: Եւ ինչպես տարին սկսում ենք նորովի սրբված, նորոգված, այդպես էլ նորոգված ու սրբված հավատով, ավելի ամրացած, ավելի զորացած մեր կարողությունների եւ մեր հնարավորությունների մեջ, փորձում ենք այն սկսել այդ լույսի ներքո, որպեսզի այդ լույսը ամբողջ տարվա ընթացքում մեզ համար օրհնություն եւ ուղեկից լինի մինչեւ տարվա ավարտը:
-Տեր Պարգեւ, ի՞նչ է, երբ մարդ հույսը ամեն տեղից ու ամեն ինչից կտրած` ապավինոմ է Աստծուն:
-Հետաքրքիր հարց է, որովհետեւ այսօրվա իրականության մեջ դա էլ հաճախ չենք տեսնում: Լավ չէ, երբ մարդը ամեն ինչից եւ ամենքից հույսը կտրած` միայն դժվարության ժամանակ է հիշում Աստծուն, իսկ ուրախության ժամանակ կարծես մոռանում նրա շնորհը, մոռանում, որ ուրախության օրն էլ պետք է շնորհակալություն հայտնել նրան: Մեզ հաճախ թվում է, թե աստված մեր դժվարության պահերին լքում է եւ հեռանում մեզանից: Եւ կուզենայի այս հարցին անդրադառնալ մի առակով. մի մարդ իր ողջ կյանքում ապրում է աստծուն աղոթելով, դժվար կյանք է ունենում, եւ երբ մահանում է, գնում է աստծո մոտ: Աստված նրան ցույց է տալիս իր անցած կյանքի ճանապարհը, ու այդ ճանապարհին` երկու ոտնահետք` մեկը` իրենը, մյուսը` աստծունը: Մարդը նկատում է, որ իր կյանքի դժվարին պահերին, երբ ինքը օգնության կարիք ուներ, այդ ոտնահետքերից միայն մեկն է երեւում, եւ ասում է` աստված, ինչո՞ւ ես այս դժվարին պահերին ինձ լքել: Աստված նրան պատասխանում է` ես քեզ չեմ լքել, քո դժվարության պահերին ես քեզ իմ ձեռքերի վրա էի տանում…
Աստված կհեռանա քեզանից միայն այն ժամանակ, երբ դու նրան թիկունք դարձնես:
-Տեր հայր, հանրային ընկալման եւ հասարակական գիտակցության մեջ կատարվել է արժեհամակարգի խաթարում: Հոգեւոր եւ եկեղեցական կյանքում այն ի՞նչ վիճակի մեջ է:
-Չմոռանանք, որ անցել ենք անհավատության տարիներ, որոնց հետքերը այսօր էլ դեռ չեն անցնում: Ընդհակառակը, շատ մարդկանց մոտ նոր ծիլեր է տալիս…DSC03094
Բայց չմոռանանք նաեւ, որ հայ առաքելական եկեղեցին այն ամուր հենարանն է, որի վրա հենվում է մեր ազգը ու նրան պահում միասնական: Իսկ արժեհամակարգը խաթարվեց հենց այն պատճառով, որ մոռացանք աստծո խոսքը եւ չցանկացանք լսել այն: Ինչպես Եսայի մարգարեն էր ասում` Տեր, մեր տված ուսուցմանը ո՞վ ականջ դրեց: Մենք խոսում ենք, սակայն հաճախ այդ խոսքը մնում է ուղղակի ձայն բարբառոյ յանապատի: Դրա համար էլ մարդկանց մոտ պակասում են այն նորմերը, որ Քրիստոս բերեց այս աշխարհ: Ու երբ վերականգնվի այն, ինչը կորցրել ենք եկեղեցուց եւ հավատքից հեռանալով, այդ ժամանակ էլ ճշմարտապես կվերագտնենք մեր իրական, մարդկային, ազգային արժեքները, որոնք մեզ քրիստոնյա են պահել, հայ են պահել, մարդ են պահել, որոնք մեզ պետք է առաջնորդեն, որ կարողանանք հաղթահարել այն բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, որ այսօրվա աշխարհը դնում է մեր առջեւ:
-Այսինքն` հայ առաքելական եկեղեցուց եւ հավատքից հեռանալո՞վ է պայմանավորված այսօրվա մեր կյանքի խաթարումը:
-Անպայման: Առաջներում մարդը, լիներ թագավոր թե` ծառայող, հասկանում էր, որ ինչ որ կատարվում է ու կատարվելու է, ուղիղ կապ ուներ Քրիստոսի խոսքի հետ: Ցավոք սրտի, Քրիստոսի խոսքը այսօր քչերի սրտին է հասնում: Ինչպես Տերն էր ասում` շատերի սերը անարդարության պատճառով պիտի մարի: Այդ սերը այսօր մարած ենք տեսնում, եւ դա է հիմնական պատճառը, որ մարդիկ մի տեսակ թերահավատությամբ եւ չկամորեն են մոտենում եկեղեցու տված խորհրդին եւ եկեղեցու տված ուսմունքին ու մոռանում են, որ այդ ուսմունքը հենց իրենց` մարդկանց համար է, եւ եկեղեցին էլ հենց իրենք են, ոչ թե` քարե շինությունը:
Եթե ուզում ենք վերագտնել մեր արժեհամակարգը, որը մեզ պահեց քրիստոնյա ու օգնեց անցնել բոլոր արհավիրքների միջով դարերի ընթացքում, պիտի վերադառնանք նույն` աստծո խոսքին եւ հնազանդվենք, ու լինենք ոչ միայն այդ խոսքը լսողներ, այլեւ` կատարողներ:
-Տեր Պարգեւ, երկար ժամանակ Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին չուներ հիմնական հոգեւոր հովիվ: Դուք նոր եք նշանակվել այս ծառայության մեջ:
-Ես այն հույսով եմ եկել, որ երկար ժամանակով պիտի կատարեմ իմ ծառայությունը Սիսիանում եւ Սյունյաց թեմում: Մեր ժողովուրդն այսօր իրոք կարիքն ունի բանիմաց, աշխատող եւ նվիրված հոգեւորականի: Թեեւ ես ինձ այդպիսին չեմ համարում, բայց կփորձեմ որքան ժամանակ որ այստեղ լինեմ, որքան որ իմ ուժերը եւ գիտելիքները ներեն, այդ չափով օգտակար լինել ժողովրդին: Եթե եկել ենք այս աշխարհ անկեղծ սիրով եւ վստահությամբ, որ այս ժողովուրդը, իրոք, Քրիստոսին է պատկանում, ուղղակի մոռացել է դրա մասին կամ` հեռու է կանգնել իր արմատներից, փորձենք նրան մոտեցնել այդ սկզբին, որ այդ մաքուր աղբյուրից կարողանա ջուր խմել, եւ չընկնել պղտոր կամ օտար աղբյուրների ետեւից:
-Տեր հայր, հատկապես ինչի՞ պակաս եւ կարիք ունի այսօրվա մարդը:
-Միանշանակ` սիրո, հավատքի եւ հույսի: Այդ երեք ամենամեծ ու կարեւր սկզբունքները այսօր պակասած ենք տեսնում: Վաղվա օրվա նկատմամբ, աստծո զորության նկատմամբ եւ եկեղեցու տված խորհուրդների նկատմամբ հավատքն ու հույսն է պակասում: Եւ դրա պատճառով նաեւ սերն է ցամաքում մարդկանց սրտերում: Եթե ուզում ենք, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը ապրի օրհնության եւ խաղաղության մեջ, պիտի միշտ հիշենք, որ առաջնորդողը սերն է, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում` եթե նույնիսկ խոսեն հրեշտակների լեզուները, բայց սեր չունենան, կնմանվեն ծնծղաների, որ դատարկ տեղը հնչում են: Բայց սերն է  այն մեծ ուժը, աստվածային առաջնորդող այն գերզորությունը, որ կարող է հասարակությանը ամբողջությամբ փոխել եւ ամեն մարդու կյանք անհատապես վերափոխել ու մոտեցնել աստծուն: Եթե ունենանք սեր մեր եղբոր նկատմամբ, սեր մեր կողքինի նկատմամբ, սեր մեր քաղաքի նկատմամբ, մեր հայրենիքի նկատմամբ, ամբողջ մարդկության նկատմամբ, հատկապես` թշնամու նկատմամբ, որովհետեւ դա է քրիստոնեական ամենամեծ առաքելությունը: Վերջերս օտարազգի մի լրագրողի շուրթերից հեռուստացույցով լսեցի, որ հայ զինվորը չի ատում իր թշնամուն, նա ուղղակի սիրում է իր հայրենիքը, դրա համար պաշտպանում է այն: Դա հենց այն է, ինչի մասին Քրիստոսն էր ասում, որ չպետք է ատելությամբ ու թշնամանքով մոտենաս, այլ` սիրով: Մեր բոլոր քայլերը եթե դրդված լինեն սիրո հանգամանքից, աստծո օրհնությունը մեր հայրենիքը չի լքի:
-Տեր Պարգեւ, խնդրում եմ ասեք Ձեր հովվական խոսքը մեր ընթերցողին, մեր բնակչությանը:
-Սիսիանցիներին կխնդրեմ, որ շատ աղոթեն, միշտ լինեն աղոթական վիճակի մեջ, քանի որ աղոթքը պարիսպ է, այն մեր հոգեւոր սահմանապահն է: Այսօր մենք գտնվում ենք նաեւ հոգեւոր պատերազմի մեջ, եւ բացի արտաքին վտանգներից, կան նաեւ ներքին վտանգներ: Հեռանալով աստծուց, ի վերջո պետք է որ մոտենանք ինչ-որ մի հակառակ ուժի, որը չար է, ու եթե չլինի աղոթքը, եթե չլինի ծոմապահությունը, կարող է շատ մեծ վտանգների առաջ մեզ կանգնեցնել: Մեր հավատացյալներին խնդրում եմ միշտ լինել աղոթարար եւ աղոթակից` իրենց համար, իրենց հարազատի, իրենց քաղաքի, իրենց հայրենիքի համար: Եթե մարդը խոսում է աստծո հետ, աստված անպայման նրա պատասխանը տալիս է, բայց առաջին քայլը մարդը պիտի անի: Թող աղոթքը իրենց սրտերից եւ իրենց շուրթերից երբեք չպակասի, հիշեն, որ իրենք ապրում են աստծու շնորհով, աստծու օրհնությամբ, եւ պարտավոր են ամեն պահ, գնահատելով այդ շնորհն ու օրհնությունը, լինել աղոթքի մեջ, լինել սիրո, համերաշխության ու խաղաղության մեջ:

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
14.01.2016

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *