ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՄԱՐՏ-95 ՊՈՂՈՍ ՏԵՐ-ԴԱՎԹՅԱՆ-130 («ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ» – ՍԻՍԻԱՆ-1920-1921թ.թ.)

1918-21թ.թ. Զանգեզուրի ժողովրդի մղած կռիվները պատմության մեջ են մտել «Գոյամարտ» անունով: Իրականում այն կռիվ էր գոյության, հողը պահելու, հայ մնալու համար:
Սիսիանը Զանգեզուրյան  գոյամարտի շղթայի  վռճական օղակներից էր: Պատմության մեջ այն համարվել է թշնամու համար ամենաբարդերից: 1918-21թ.թ.  եւս դա բացառություն չէր: Սիսիանն ուներ մեծ թվով շարքային զինվորներ, սպաներ, որոնք ծառայել էին ցարական բանակում եւ  ունեին կադրային զինվորականի փորձ: Սիսիանի ուժը նաեւ կարգապահ էր, հավաքական: Կար մեկ ուրիշ հանգամանք ևս. սիսիանցին մեկ անգամ չէ, որ հանդիպել է թուրք-թաթարին իր կռվում և գիտեր, թե նրա խորամանկ – ստորությունը ուր կարող էր հասնել: Սիսիանցին անբաժան էր իր զենքից, զենք ուներ և կռվում էր: Դեռ 1905-06 թ.թ. կռիվներից այստեղ մնացել էր զենք գնելու, այդ նպատակի համար ամեն ինչ զոհաբերելու, նաև` զենքը սրբությամբ պահելու սովորությունը: Թերևս նաև դա է պատճառը, որ ոչ մի ընդհարման ժամանակ այս տարածաշրջանը մարդկային մեծ կորուստներ չունեցավ: Սիսիանցիների հետ հաղթանակ են կռել Քեռին, Դրոն, Անդրանիկը, Զաքար Տեր-Ղազարյանը, Պողոս Տեր-Դավթյանը:
Սիսիանում  էր կռվում  Պողոս Տեր-Դավթյանը, որի մասին Սիմոն Վրացյանը  գրել է` «…Ժողովրդի պաշտելի հերոս»: Սիսիանցիներն իրենց հուշերում նրան անվանում են «պարուչիկ Դավիթյան»:
Պողոս Տեր-Դավթյանը  ծնվել է  Կապանի Վերի Խոտանան գյուղում,  եղել է ցարական բանակի կադրային սպա: Զանգեզուրում  նա հայտնվեց գոյամարտի ամենավճռական պահին, որի հեղինակը, ըստ  նրա թիկնապահ, նաև` նվիրյալ զինվոր, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից  Արտո  Բալյանի, Բաքվի կոմիսար Ստեփան Շահումյանն է: Իրական  փաստն այն է, որ երբ 1918-ի օգոստոսին Անդրանիկը մտավ  Բռնակոթ, Պողոսն այստեղ զինավարժություններ էր կազմակերպում  նոր  ձևավորված զինված ջոկատների համար: Զորավարը,  համոզվելով, որ նա լավագույնս  է կատարում իր գործը, համբուրում է  ճակատը: Սա եզակի դեպքերից  է Անդրանիկի կյանքում:
1920 թ. ապրիլին Ադրբեջանը դարձավ Սովետական: Դրան հետևեցին կռիվները Ղարաբաղում: Երկու ամսում այն հայաթափվեց:  Այստեղ 2011_86գտնվող Դրոն, ճնշումների ազդեցության տակ,  մայիսի 24-ին իր զորքով հեռացավ:  Ոգևորված Ադրբեջանը խնդիր դրեց խորհրդայնացնել նաև  Զանգեզուրը: Հուլիսի 4-ին Կարմիր` 32-րդ դիվիզիան  անցավ  Զաբուղ գետը և  հեշտությամբ գրավեց սահմանակից  Տեղ, Խնձորեսկ, Քարաշեն գյուղերը: Հայկական ուժերը այդ գյուղերից նահանջեցին Գորիս: Հուլիսի լույս 5-ի գիշերը զորքը գրավեց նաև  Գորիսը, և Զանգեզուրը հայտարավեց խորհրդային: Կարմիր բանակի հետ Գորիս մտան գավառից Ադրբեջան փախած մի քանի կոմունիստներ: Գորիսը վատ չդիմավորեց կոմունիստներին, բայց քիչ չէր նաև դժգոհողների թիվը: Այստեղ գտնվող Նժդեհը հեռացավ դեպի Կապանի հանքեր, իսկ Դրոն`շարժվեց  Սիսիան: Նա դեռ Գորիս-Սիսիան  ճանապարհին էր և չէր  հասել Ղարաքիլիսա (Սիսիան), երբ ճանապարհամերձ գյուղերում նրա դեմ ապստամբություն սկսվեց: Այնուամենայնիվ, դժվար է միանշանակ պնդել, թե Սիսիանում բոլշևիկները հակահայկական լուրջ տրամադրվածություններ ունեին, քանի որ Բռնակոթը լավ դիմավորեց այստեղ  մտած Դրաստամատ Կանայանին: Հիշենք 1905-06 թ.թ. կռիվները, որ Բռնակոթ և շրջակա գյուղերում մղել է Քեռին, նրա հետ է`լ տակավին երիտասարդ Դրոն: Նրանց ջանքերով  այս շրջանի բնակչությունը փրկվեց քոչվոր թաթարների կոտորածից, իսկ Դրոն ձեռք բերեց իր մեծ համբավը: Այնուամենայնիվ, Գորիսի, Տաթևի, Սիսիանի մի շարք  գյուղերի`  այդքան հեշտ հանձնվելը անհանգստացրեց Նժդեհին:
Զանգեզուր նախատեսվող արշավանքը նախապատրաստելուն զուգահեռ, 1920 թ. հուլիսին Բաքվում սկսեց կազմավորվել  «Իսլամական բանակը»` Մոսկվայից Բաքու հասած Խալիլ փաշայի գլխավորությամբ: Այդ բանակի  կազմի մեջ մտնում էին 20-րդ դարասկզբին Անդրկովկաս մտած և զանազան պատճառներով այստեղ լճացած թուրք զինվորները: Դա իրականում վայրենի, թափթփուկ մի խուժան էր, որը պատուհաս դարձավ ամբողջ Զանգեզուրի, հատկապես` Սիսիանի համար: Այդ  խուժանն  ինքն իրեն անվանեց  «Վայրի դիվիզիա»: Այդ դիվիզիան  պիտի Խալիլ փաշային  ուղեկցեր Զանգեզուր-Նախիջևան ճանապարհով և ապահով տեղ հասցներ նրա ուղեբեռը: Իսկ դա, ինչպես հայտնի է, Խորհրդային Ռուսաստանի  կողմից Թուրքիա ուղարկվող 500 կգ ոսկին էր, որը  պիտի օգտագործվեր «Թուրքիայի հեղափոխությանն օգնելու նպատակով»: «Ոսկին» պիտի կտրեր-անցներ Գորիս-Սիսիան ճանապարհը, Բիչանագի լեռնանցքով մտներ Նախիջևան: Բոլոր նրանք, ովքեր այդ տարիներին ղեկավարում էին Անդրկովկասի խորհրդայնացումը, այդ թվում նաև` Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը, շատ անհանգստացած էին հատկապես «Վայրի դիվիզիայի»` Զանգեզուրի հայաբնակ վայրերը մտնելու իրողությամբ: Զորամասի հրամանատարները հատուկ զգուշացվել էին` մարտի մեջ չմտցնել թուրքական դիվիզիան հատկապես Սիսիանի հայաբնակ վայրերում, և  ամեն կերպ խուսափել տեղացիների հետ ընդհարումներից: Տեղեկանալով ուղեբեռի մասին, Դրոն  հարձակում է  սկսում Դարալագյազից,  գրավում Բազարչայ գյուղը, մտնում Անգեղակոթ եւ  բռնագրավում  ոսկու` 200,6 կգ:
Ոսկու երկրոդ մասը անգեղակոթցի կոմունիստները հանել էին այն տեղափոխող սայլից և թաքցրել գյուղից դուրս, խոտի դեզի մեջ: Շատ ավելի ուշ այն վերադարձվեց կարմիրներին  և տարվեց Թուրքիա: Մինչ Սիսիանում ընդհարումներ էին գնում, թուրք-մուսավաթական ուժերը հասցրեցին «խորհրդայնացնել» Նախիջևանը: Այսպես` 1920 թ. հուլիսի վերջին վիճելի համարվող Ղարաբաղն ու  Նախիջևանը սովետականացված տարածքներ էին, իսկ Զանգեզուրը, թվում է, ուր-որ է տեղի էր տալու: Հայությունը կուչ էր եկել մի բուռ հողի վրա, որի անունն էր Զանգեզուր, եւ որի վրա  վերջին հարվածը  պիտի իջներ:
Շուրջ 70 օրվա ընթացքում, ամռան ամիսներին,  Զանգեզուրը ձեռքից-ձեռք էր անցնում, միմյանց դեմ էին ելնում ազգ ու բարեկամ, չհասկանալով` ինչու եւ` մինչև երբ: Գորիսի բանտում  տանջանքներից հետո սպանվում են Վահան Խուրենին և Արշակ Շիրինյանը, հրացանազարկ եղան Զախար Տեր-Ղազարյանը և Միքայել Աղամյանը, Դարբասի և Ձորերի ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչներ եղբայրներ Գասպար և Դավիթ Տեր-Մկրտչյանները: Դրոն Սիսիանից Գորիս հասավ ուշացած: Արյունոտ այս տեռորի և Զանգեզուրում  իրականացված մյուս այլանդակությունների  մասին Դրոն գրություն ուղարկեց Թիֆլիս` Մ.Կիրովին:
Կռիվներն ավելի սաստկացան  1920 թ. հոկտեմբեր-նոյեմբերին: Կարմիր զորքը Սիսիան մտավ թուրքական գնդի հետ միաժամանակ: Որքան նրանք մոտենում էին Նախիջևանի սահմանին, այնքան այլանդակվում էին նրանց քայլերը: Մի ահավոր թալան ու կողոպուտ սկսվեց Գորիսի գյուղերում: Սիսիանը, սակայն, մնաց իր դիրքերում: Հարևան գյուղերից այստեղ հասած սարսափազդու լուրերը նոր խմբեր ձևավորելու, զինվելու տեղիք էին  տվել:
Սիսիանում զինված պայքարի գլուխ կանգնեց Պողոս Տեր-Դավթյանը: Յայջին հիմնահատակ ավերած, այլանդակած թուրքերը հարձակվեցին Ույծի վրա` նպատակ ունենալով գրավել այն եւ շարժվել Ղարաքիլիսա:
Յայջիի դեպքեր2011_85ից  սարսափած  գյուղացիները մի պահ որոշեցին հեռանալ գյուղից: Պողոսը կանխեց դա և կանգնեց  նրանց կողքին: Նաև մեկ այլ օգնություն ստացան սիսիանցիները: Դա Մեծ Վեդիի  Չիքմենդ գյուղում Գորիսից ապաստան գտած  զինյալների մի խումբ էր:  Կարմիր բանակի արագ երթարշավը խափանվում էր: Նոյեմբեր ամիսն էր, և Սիսիանում սկսվում էր մեկը այն սարսափելի ձմեռներից, որի ձեռքից տառապող ժողովուրդը այս անգամ գոհ էր իր ճակատագրից: Թշնամին խրվել էր ձյան ու բքի մեջ: Կռիվը դաժան էր հատկապես Ուզ գյուղի մոտ: Գյուղացիներից նոր կազմված ջոկատին միացած հեծյալ խմբերը թուրքական գնդին սեղմել էին օղակում, և վերջիններս խեղդվում էին ցրտից ու մառախուղից, անսպասելի հարձակումներից: 100-ից ավելի սպանված տալով, թուրքերը նահանջեցին: Կատաղի մարտի մեջ գլխից ծանր վիրավորվեց սիսիանցիների սիրելի հրամանատար Պողոսը: Գնդակը ծակել էր նրա աջ հոնքը վերևի մասում, կոտրել ոսկորը: Զինվորները նրան տեղափոխեցին վոլոստնոյի բժշկական հենակետը, ուր երկու շաբաթ մահվան դեմ պայքարից հետո նա մահացավ: Նոյեմբերի 20-ին, նրա մահվան օրը, հրամանատարի` բռնակոթցի զինվորները ճամփա ընկան Վերին Խոտանան: Շուրջ 60 կմ ճանապարհը նրանք կտրեցին`  իրենց ուսերին տանելով հրամանատարի դին:
Ուզի  կռիվը շարունակվեց մի նոր կատաղությամբ: Սպանված Պողոս Տեր-Դավթյանին հենց տեղում փոխարինեց ծագումով Սիսիանի  Բազարչայ գյուղացի Սարգիս Փիլիպոսյանը: Աժդահա մի տղամարդ էր նա, որի հանդգնությունը, անվախությունը ամենալավ օրինակն էին  բոլորի համար: Սարգիս Փիլիպոսյանին այս կռվում մեծապես օգնեց Շաղատ գյուղի ջոկատը` Զաքար Զոհրաբյանի գլխավորությամբ: Ղարաքիլիսան  լքած թուրքերին հաջողվել էր մառախուղի մեջ խույս տալ և բռնել Աղուդի-Գորիս ճանապարհը: Սիսիանցիները  բարձրացան Ուչ թափայի լանջերը` սառույցի եւ  ձյան միջով  և վերևից կրակի տարափ տեղացին  թշնամու վրա: Երկրորդ անգան մեկ օրվա մեջ մեծ կորուստներ տալով` թուրքերը նահանջեցին Յայջի:
Կապանից տեղ հասած Նժդեհը  գրավում է Գորիսը, որտեղից էլ անցնում է Սիսիան: Նա ելույթներ է ունենում Բռնակոթում, Շաղատում, Մազրայում, ապա մտնում Անգեղակոթ: Մինչ այսօր էլ բռնակոթցիները պատմում են, որ Նժդեհը ժողովրդին դիմել է գյուղի կենտրոնում գտնվող Զաքարյանների տան  կախովի պատշգամբից, որից կախված էր շքեղ մի գորգ: Այն հիիմա գտնվում է Սիսիանի  թանգարանում:
Զանգեզուրն ամբողջովին ազատագրված էր կարմիրներից: Բայց կյանքը գլխիվայր շուռ եկավ այստեղ, քանի որ շուտով Հայաստանում հաստատվեցին  խորհրդային կարգեր: Պողոսի փոխարեն Նժդեհը Սիսիանի պայքարը ղեկավարելու  ուղարկեց  կապիտան Թորոսյանին, նաև` ուղերձ, որում ասվում  էր. «Այսօրվանից Պողոսի որբացած զորամասը հանձնում եմ շտաբս կապիտան Թորոսյանին, որին արդեն հրամայված է անցնել Սիսիան: Լիահույս եմ, որ դուք, քաջանուն սիսիանցիներդ, թև ու թիկունք կհանդիսանաք Ձեր նոր հրամանատարին»:
Դժվար կյանք ունեցավ ոչ միայն ինքը` Պողոսը, որ սպանվեց 40 տարեկանում` մնալով անընտանիք, այլև`  նրա գերեզմանը: Նրա գերեզմանից երկու անգամ վերցվել է տապանաքարը, թաքցվել, ապա նորից դրվել  տեղում:
1989-ին, երբ նոր էի նշանակվել թանգարանի տնօրեն, նամակ ստացա Վերին Խոտանան գյուղի մի տարեց մարդուց, որի հարցադրումը մինչև հիմա էլ հիշում եմ: Նա  գրում էր` «Հարգարժան Սիսիանի թանգարանի տնօրեն. գրեք մեզ, թե ինչպես  է հիշում Սիսիան երկիրը իր քաջորդուն, ինչպես է պահում նրա հիշատակը»: Եթե ճիշտը խոսելու լինենք, խորհրդային տարիներին ո՞վ  կարող էր իմանալ Պողոսի մասին: Բայց մեր օրերն ուրիշ են, սակայն, ավաղ, այսօր էլ մենք այս հարցադրմանը պատասխան տալ չենք կարող: Գտնում եմ, սակայն, որ դա էլ մեր հոգիների պարտքն է, որ պիտի տանք` ուխտի գնալով Կապանի Վերին Խոտանան գյուղը, ուր հանգչում է հերոս հրամանատար Պողոս Տեր -Դավթյանը:

Ծովինար ՊԵՏՐՈՍՅԱՆ

/ շարունակելի/

5 մեկնաբանություն ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՄԱՐՏ-95 ՊՈՂՈՍ ՏԵՐ-ԴԱՎԹՅԱՆ-130 («ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ» – ՍԻՍԻԱՆ-1920-1921թ.թ.) հոդվածին

  1. Anna says:

    Hianali ashxatanq e,shnorhavorum em texekutyunner@ hamapatasxanum en irakanutyan het,vonchinch popoxvac che

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իրոք բավականին հետաքրքիր ու տեղեկատվական հոդված է:

    ՀԳ. Ինչ խրոխտ է Պողոս Տեր-Դավթյանի լուսանկարը:Լուսանկարից արդեն բավականին ջերմություն ու դրական էներգիա ես ստանում. արդեն պարզ է, թե ինչ խարիզմա կունենար կենդանի ժամանակ:

  3. ՌՈՒԲԵՆ says:

    Ես գտնում եմ, որ նրա արձանը պետք է կանգնեցվի ինչպես Վերին խոտանան գյուղում, այնպես էլ Սիսիանում ու փառաբանվի Զանգեզուրում և ողջ հայաստանում ,ինչպես Նժդեհին են փառաբանում;Նա արժանի է դրան:

  4. Կարո says:

    Շնորհակալություն: Նման հոդվածներ շատ պետք է լույս տեսնեն: Մեր նվազագույն պարտքն է հիշել մեր անմահ հերոսներին: Առավելագույնն էլ այն կլինի, որ ճանաչելով նրանց սկսենք օրինակ վերցնել, նմանվել, ձգտել նրանց:

  5. Արման says:

    Կերպարը իր նոր արտացոլումը գտավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմում:Նվիրական ու հերոսական կերպար հայոց պատմության մեջ:

Leave a Reply to Վարազ Սյունի (Ամստերդամ) Cancel reply

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *