ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՄԱՐԴՈՒՆ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻՆ՝ ԸՆԾԱՅԱԳՐՈՎ

Կան մարդիկ, ովքեր հայրենասիրությունը, հայրենիքին անմնացորդ ծառայելը իրենց կյանքի ամենակարեւոր նպատակն են համարում: Նրացից է «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության վարչության անդամ Վախթանգ Արմենակի Հասրաթյանը: Մի մարդ, ով դեռ պատանի տարիներից ազգի խնդիրները համարել է իր ամենօրյա հոգսերից մեկը:

Ծնվել է 1952թ.-ին Սիսիանի շրջանի Նորավան գյուղում, ուսուցչի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի 7-ամյա, ապա՝ Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցներում: 1972 թ.-ին զորակոչվել է Խորհրդային բանակ: Հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելուց հետո աշխատել է Սիսիանի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում: Հայրը` Արմենակը, կյանքից հեռացել էր դեռ 1962-ին, բազմանդամ ընտանիքի հոգսը թողնելով մոր` Վարսենիկի ուսերին, որը, ինչպես ասում են, հազիվ էր կարողանում հացը կոտեմին հասցնել: Ձգտելով բարձր վարձատրվող աշխատանքի` 1977-ին Վախթանգն աշխատանքի է անցել Սոտքի երկրաբանական հետախուզական արշավախմբում որպես հորատող: Իսկ մեկ տարի հետո արդեն հորատողների բրիգադավարն էր:  1979-ին տեղափոխվել է Երեւան եւ աշխատանքի անցել «Մետրոշին» թիվ 160 շինմոնտաժային վարչությունում որպես հորատողների բրիգադավար` միաժամանակ սովորելով Կապանի Լեռնամետալուրգիական տեխնիկումում: Ամենօրյա աշխատանքային հոգսերից զատ նա իր պարտքն է համարել բրիգադի անդամների եւ տեղամասի աշխատողների մեջ հայրենասիրության գաղափարի սերմանումը:  Կարճ ժամանակում ձեռք է բերել աշխատողների հարգանքը, ինչի արդյունքում երկու անգամ ընտրվել է Սովետականի շրջանի գործադիր կոմիտեի պատգամավոր: 1982թ.-ին ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակի կապակցությամբ հայտարարված համամիութենական մրցույթներում Վախթանգ Հասրաթյանի բրիգադը ճանաչվել է լավագույնը` արժանանալով  առաջին մրցանակի: Բրիգադի 24 անդամներ պարգեւատրվել են ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատվոգրով, սոցմրցությունում հաղթողի կրծքանշանով, դրամական պարգեւով, «Գուդոկ» եւ «Կոմունիստ» թերթերում տպագրվել են հոդվածներ նրանց նվաճումների մասին:
Վախթանգ Հասրաթյանն անմասն չի մնացել նաեւ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումից: Նա նախ ակտիվորեն մասնակցել է «Սիսական» ՀԿ ստեղծման գործընթացին, ընտրվել վարչության անդամ, զբաղվել ուսանողության եւ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության հարցերով: Ընկերները նրան տվել են «Վախթանգ հայրենասեր» մականունը: Նրան այդ արժանիքների համար բարձր են գնահատել նաեւ մեր շատ ճանաչված մտավորականներ եւ հասարակական գործիչներ, իսկ բանաստեղծուհի Մետաքսեն իր «Հովհաննես Շիրազը իմ հուշերում» գիրքը նվիրելով նրան` ընծայագրել է` «…Զարմանահրաշ մարդուն, հայրենասերին, գրողների, մտավորականության  եւ կարիքավորների նկատմամբ սրտացավ, հայրենանվեր վերաբերմունք ունեցող Վախթանգին նվիրում եմ մեծ սիրով ու շնորհակալությամբ»: Հայրենիքին ծառայելու առաքելությունը Վախթանգ Հասրաթյանը շարունակում է նաեւ այսօր` սյունեցուն հատուկ արժանապատվությամբ եւ անմնացորդ նվիրվածությամբ:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀՀԿ նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *