Զինծառայողի մահվան կապակցությամբ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները

1403532709,1594

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

Նշենք, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի 19-ամյա բնակիչ Խաչատրյանի մահվան լուրի տարածումից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ Խաչատրյանը մահացել է մարտական հենակետում, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորումը ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:

Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատներն էլ վստահ հայտարարել են, որ տեղի ունեցածը սպանություն է, և որ Գրիշա Խաչատրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակելով քունքին՝ սպանել: Զինծառայողի մորաքրոջ ամուսինը՝ Ռոբերտը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել էր.  «Երեխայի վրայի կապտուկները ինչի՞ արդյունքն է,  ծեծ է եղել և գլխին հարվածներ: Այո, կապտուկներ կան գլխին, մեջքին ու թևի արմունկին, մեջքը հասկանալի է, կրակել են, ընկել է պատին, իսկ գլո՞ւխը, հարված ա եղել, հարված, պիտի պարզել նախ՝ ինչ է եղել, ով է ծեծել…»:

Զինծառայողի դիահերձմանը ներկա գտնված «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը epress.am-ին տեղեկացրել էր. «Բացառվում է հակառակորդի գնդակից սպանվելու, ինչպես նաև ինքնասպանության հանգամանքը՝ հաշվի առնելով թե կրակոցների, թե մարմնական վնասվածքների քանակը։ Այսինքն, մինչև դեպքը եղել է պայքար և բռնություն․ գործ ունենք տիպիկ սպանության հետ։ Ինչպես է հնարավոր անզգույշ խաղալ զենքի հետ ու 4 կրակոց արձակել, որոնցից երկուսը դիպուկ գլխի շրջանում են», -ասել էր Մարտիրոսյանը։

Այժմ ՊՆ-ն հայտնում է, որ այս դեպքով կա ձերբակալված: Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունան հաղորդագրությունը ստորև.

20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:

23.06.2014թ.-ին, դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:

Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը` ilur.am
23.06.2014թ.

 

863 դիտում

Մեկ Արձագանքման Զինծառայողի մահվան կապակցությամբ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները համար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *