ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ, ՈՎ ՆԱԵՎ ԵՐԳՈՒՄ Է «ԱՐԵՎԻ ՔԱՂԱՔԸ» ԵՐԳԸ

ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ Է


Հունվարի 28-ի` Հայոց բանակի տոնի, բանակի ստեղծման եւ անցած ճանապարհի, խաղաղ պայմաններում բանակաշինության, նրա դերի, բանակի նկատմանբ մեր ժողովրդի` դարերով ձեւավորված վերաբերմունքի եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, ավիացիոն զորամասի հրամանատար փոխգնդապետ Հրաչ Կարապետյանի հետ:

-Պարոն Կարապետյան, երբ սկսվեցին ազգամիջյան բախումները, 1990 թ.-ին Դուք ռազմագիտության ուսուցիչ էիք Նորավանի դպրոցում: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս պատահեց, որ ոչ թե մանկավարժությունը դարձավ Ձեր ճակատագիրը, այլ` զինվորությունը, եւ Դուք անդամագրվեցիք Հայոց բանակի շարքերին:
-Դեռեւս ուսանողական տարիներին, երբ ազգային զարթոնքն արդեն սկսվել էր, մասնակցում էի «Գոյապայքար» շարժման գործողություններին, հետագայում այն դարձավ «Կանաչների միություն», մի խումբ տղաներով ինքնաշեն փամփուշտներ, նռնակներ էինք պատրաստում, փորձարկում: Այդ տարիներին արգելված էին ֆիդայական երգերը, այդ մասին խոսելը, բայց ուսանողությունն արդեն «վարակվել էր» դրանով, եւ առաջինն ինքն էր, որ անսաց հայրենիքի կանչին: Համոզված եմ նաեւ, որ Ֆիդայության մասին խոսել արգելողները հոգու խորքում հենց իրենք էին երազում այն պայծառ զարթոնքի մասին, որն իր հետ բերեց 88-ի Շարժումը:
-Ինչպե՞ս հայտնվեցիք այդ ասպարեզում, որը նաեւ ճակատագրական դարձավ:
-Իմ հայրական տունը, որտեղ ապրում էի, (Մայր արձանի հարեւանությամբ ), ընդամենը 20-30 մետր էր հեռու Սիսիանի երկրապահի այն ժամանակվա շտաբից:
-Կողքի սենյակներից մեկում էլ գործում էր «Գթություն» բարեգործականը, որտեղ էլ մենք էինք այն ժամանակ օգնում դեռեւս միայն փախստականներին:
-Շատ ճիշտ ես հիշում: Գլոբալ առումով պատերազմը թեեւ դեռեւս չէր սկսվել, սակայն սահմանային բախումներ, միջադեպեր, ընդհարումներ արդեն կային: Սովորականի նման մի օր դուրս եկա տնից, Երկրապահի մոտ անսովոր ելումուտ էր. պարզվեց` վիրավոր կար. մեր առաջին վիրավորն էր` Վալերիկ Գեւորգյանը: Ոչ ոքի չէի ճանաչում, մոտեցա, հարցրեցի` ինչով կարող եմ օգտակար լինել, մեկը, ձայնի խիստ տոնով, որ հետագայում պարզվեց` Ազոյանն էր, ասաց, որ ես այնտեղ անելիք չունեմ:  Մեկ ամիս հետո ինքը մոտեցավ ինձ եւ համարյա կշտամբեց, թե սպա լինելով` ինչու չեմ գալիս շտաբ: Ասացի` մի օր կգամ: Ու ճակատագրական այդ մի օրը եկավ` ինձ մեկընդմիշտ կապելով բանակին: Իմ` երկրապահի շտաբ գնալը Ազոյանն ուրախությամբ ընդունեց` ասելով, որ սպասում էին ինձ, քանի որ իմացել էին նաեւ, որ սպա եմ: Այն ժամանակ շտաբում ընդամենը 4 սպա կար` Ֆելիքս Գրիգորյանը (Հոպարը), Վուրգ Ոսկանյանը, Վալերիկ Ստեփանյանը, ես: Ու այդպես դարձա Սիսիանի երկրապահ ջոկատի անդամ: 53-րդ մարտիկն էի: Ահա այսպես սկսվեց զինորի ու զինվորականի իմ ճակատագիրը:
-Շատ դիպուկ ասացիք` ընդամենը 4 սպա կար, զինվորական համապատախան կրթությամբ մարդիկ շատ քիչ էին, բայց բանվորից, մտավորականից, շինարարից ձեւավորված մեր երկրապահը, որը հետագայում դարձավ նաեւ մեր բանակի հիմքը, հաղթեց պատերազմում:
-Դա ժամանակի պահանջն էր: Ցանկացած բարոյական հայ մարդ չէր կարող տանը նստել, առավել եւս, երբ զգում էր, որ կարող է մի բանով օգտակար ու պիտանի լինել ընդհանուր գործին: Իսկ երբ Բարձրավանի, Իշխանասարի եւ այլ սահմանամերձ շրջաններում գրանցվեցին առաջին ընդհարումները, առաջին վիրավորները, երբ առեւանգեցին մեր հովիվներին, գողացան մեր հոտերը, Սիսիանն ակտիվորեն ներգրավվեց ինքնապաշտպանական մարտերում: Թեեւ դեռեւս մարտական ճակատ չկար, բայց պատերազմի հոտը նաեւ Սիսիանում էր գալիս, իսկ երբ բերեցին առաջին 7 զոհերին, Սիսիանի երկրապահն արդեն մարտունակ ու ակտիվ ջոկատ էր:
-Ինչպե՞ս եղավ, որ ընդամենը կամավորական ջոկատների վրա ստեղծվեց մարտական մի ամուր կառույց, որը բանակ է կոչվում:
-Բանակային կառույցը հանկարծ չստեղծվեց ու արագ չստեղծվեց: Դա քրտնաջան, ժամանակատար աշխատանք էր: Արագ կազմավորվեցին ամենակարեւոր օղակները, որոնց վրա հետագայում միայն սկսեց կառուցվել բանակը, ու, հավատացեք, բանակաշինությունը մինչ օրս էլ դեռ չի ավարտվել ու չի ավարտվելու, քանի որ այն միշտ նորանալու, ավելի ճկուն դառնալու, ավելի պրոֆեսիոնալ դառնալու, կատարելագործվելու խնդիր է ունենում` կապված տվյալ ժամանակի պահանջներին այն համապատասխանեցնելու հետ: Բանակը մի օրգանիզմ է, որն անընդհատ կատարելագործվում է, կատարելագործվում է բարոյական, մարդկային արժեքների, տեխնիկայի, մարտավարության արդյունավետության, կարգապահության ամրապնդման եւ մնացած բոլոր առումներով: Այն տարիներին բանակաշինության այբուբենն էր դրվում: Զինվոր կամ զինվորական որպես այդպիսին գրեթե չունեինք, ունեինք կամավորներ` քաջ, անվեհեր մարդիկ, որ պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի եւ շատերը տվեցին: Մի ճակատում կռվում էինք, մի ճակատում զորակոչ էր, մի ճակատում` զորքերի նախապատրաստում էր: Հետո միայն հայրենիքի կանչով եկան կադրային աֆիցերները, գնդապետ-գեներալները, մասնագետները, ու ողջ երկիրը լծվեց բանակ ստեղծելու հայրենանվեր գործին:
-Հիմա, 20 տարիների հեռավորությունից, կպատկերացնեի՞ք, որ լինելու էր այն, ինչ ունենք այսօր:
-Միանշանակ դժվար է ասել: ԽՍՀՄ-ից դուրս եկած շատ երկրներ, հենց Ադրբեջանը, ժառանգեցին հզոր ռազմատեխնիկա, պատրաստի զորամասեր, մենք գրեթե ոչինչ չունեինք, բայց ունեինք կամք` հաղթելու եւ մեր երկրում հաղթանակած ապրելու մեծ երազանք ու հաստատակամություն:
-Պարո՛ն Կարապետյան, պատերազմական իրավիճակում եւ պատերազմական գործողությունների ժամանակ, թերեւս, ամբողջությամբ հասկանալի եւ ընկալելի է բանակի դերը, նշանակությունը, իսկ խաղաղ պայմաններո՞ւմ… Չնայած մեր խաղաղությունը հարաբերական է:
-Պատերազմի տարիներին ողջ ազգն էր բանակային, ինչպես մեր հրամանատար Աշոտ Մինասյանն էր սիրում ասել, զինվորի համար գուլպա գործող էն տատիկն էլ էր բանակային: Խաղաղ պայմաններում բանակը վերցնում է այն դերն ու նշանակությունը, որը միայն իրեն է վերապահված, այսինքն` բանակը մեր ապրելու ամենամեծ երաշխավորն է, ոչ միայն ազատ ապրելու, այլեւ` ընդհանրապես ապրելու: Եվ ցանկացած պետության համար է դա այդպես: Վերջին հաշվով` պետությունը բանակի, բանտի եւ բանկի միավորում է: Ուրիշ պետությունների համար գուցե մի քիչ այլ է, բայց մեր բանակը դատապարտված է միշտ լինել աչալուրջ, մարտունակ: Այդ ճակատագիրը երեւի Աստված հենց էն գլխից է մեզ բաժին հանել, որ երբեք զգոնությունն ու մարտունակությունը չկորցնենք: Ինչ իմանաս` այսօր ինչպիսին կլիներ մեր ազգը, եթե թշնամական երկրներով շրջապատված չլիներ:2012_2
Եթե զգոն չեղար քո սահմանների, քո օրորոցի, քո գերեզմանների, քո հիշատակների նկատմանբ, դու դատապարտված ես կործանման:
-Մեր ժաղովրդի մեջ զինվորի նկատմանբ պաշտամունքի հասնող սեր կա, դա չափազանցություն չԷ՞:
-Ո՛չ: Ո՛չ, դա մեր գենետիկ, խորքից, արմատից եկող մեր արյան կանչն է եւ մեր ժողովրդի գեղեցիկ հատկություններից մեկը:
-Այսօր մեր բանակում արձանագրված արատավոր երեւույթները չե՞ն փոխում մեր վերաբերմունքը բանակի նկատմամբ, եւ նրա դերը, արժեքը չի՞ նսեմանում, նրա հիմքը չի՞ սասանվում մեր ազգային արժեհամակարգում:
-Ցանկացած ընտանիքում են միջադեպեր լինում:
-Բայց քանի որ բանակի նկատմամբ մեր ժողովրդի ակնածանքն ու պահանջկոտությունը ավելի մեծ է, բնականաբար, ուզում է այն զերծ տեսնել ցանկացած արատից, եւ պատահական չէ, որ նման երեւույթների նկատմամբ հասարակական անդրադարձը ավելի զգայուն է:
-Դա, կարծում եմ, նորմալ երեւույթ է: Եթե ասում են, խոսում են արատավոր երեւույթների մասին, նշանակում է` ցավում են բանակի համար: Եթե ժողովուրդը դժգոհում է, նշանակում է` ցանկանում է բանակն ավելի լավն ու կատարյալ տեսնել: Բայց դրանից բանակի դերը ոչ նսեմանում է, ոչ էլ` փոխվում: Ընդհակառակը, այն զինվորը, այն սպան, որ ծառայում են բանակում, սկսում են ավելի պատասխանատվությամբ վերաբերել իրենց գործին, իրենց ծառայությանը: Բանակում առկա սխալների մասին բարձրաձայնելը խոցը բուժելու միակ եղանակն է: Բանակը գործող կառույց է, հասարակության մի մասնիկը` իր մշակույթվ, իր ավանդույթներով, մեր մեջ է, մենք ինքներս ենք, եւ նա չի կարող զերծ լինել հասարակությանը բնորոշ թերություններից ու արատներից: Մենք Ֆրանսիայից վարձու բանակ չենք բերել, որ մեզ պաշտպանի, որ հետո էլ դժգոհենք նրանից: Մեր բանակը ստեղծել ենք մեր միջից, եւ նրա սխալները մեր սխալներն են:
-Հունվարի 28-ը նշում ենք որպես Հայոց բանակի օր, որպես տոն: Ի՞նչ խորհուրդ ունի այն:
-Մեր տոնացույցում բանակային շատ տոներ կան: Յուրաքանչյուր ստորաբաժանում, յուրաքանչյուր զորատեսակ ունի իր տոնը, իր օրը: Հաղթանակի օր ունենք, տարբեր հաղթական ճակատամարտերի օրեր ենք նշում, Երկրապահի օր ունենք, Շուշիի ազատագրման օր: Հունվարի 28-ը Հայոց բանակի պաշտոնական ստեղծման օրն է, որը մնացած բոլոր տոները ամփոփում է իր մեջ:
-Տոների, տոնակատարությունների` հանդիսավոր նշումը ի՞նչ է տալիս եւ ի՞նչ է խորհրդանշում:
-Սա ազգային գիտակցության, ազգային արժեքների, մարտական ոգու ժառանգության փոխանցում է սերնդե սերունդ: Շուշիի հաղթանակի, նրա հերոսների մասին սերունդները պիտի իմանան, այն մեր զենքի, մեր ժողովրդի ոգու, մեր մարտարվեստի փայլուն մի օրինակ է: Սա հայրենասիրության փոխանցում է նաեւ: Մենք Ավարայրը չենք տեսել, Վարդան Մամիկոնյանին չենք տեսել, մեր պապերն էլ, բայց պատմությունը նրա անունը շրթունքից շրթունք ժառանգաբար փոխանցել է մեզ` ներգործելով մեր ազգային նկարագրի, հայրենասիրության մեր ընկալման ու չափանիշների, մտածողության, մարտական ոգին ամուր պահելու եւ հանուն հայրենիքի նահատակվելու սրբագործված գիտակցումի վրա: Նույնը` մեր մյուս ռազմական տոները եւ հիշատակման օրերը:
-Բայց կյանքը ցույց է տալիս նաեւ, որ պատերազմում հաղթած զինվորը ըստ արժանվույն չի գնահատվում հետագայում` խաղաղ պայմաններում: Դրանով չի՞ նսեմանում նաեւ նրա կատարած հայրենասիրական սխրանքի իմաստը:
-Գնահատողը գնահատում է, գնահատվողը գնահատվում է: Հասարակ, պարզ օրինակ բերեմ. ամեն անգամ հանդիպելիս, հորաքույրս` պարզ, գյուղացի մի կին, համբուրում է ճակատս եւ ասում` դու մեր գերդաստանի պատիվը պահողն ես, մեր ճակատը պարզ անողը: Ամեն գերդաստան ունեցել է եւ ունի իր տոհմի, իր օջախի պատիվը պահող, ճակատը պարզ անող զինվորը: Դա է ժողովրդի փիլիսոփայությունը եւ նրա արժեհամակարգը ձեւավորող տարրը:
-Պարոն Կարապետյան, ճակատագրի ճամփաներն ո՞ւր տարան Ձեզ պատերազմի ավարտից հետո:
-Ամենադժվար ճանապարհը, որ անցա, պատերազմից հետո էր:  Գուցե ինձ հետ համամիտ չլինես, բայց…իմ կյանքի լավագույն տարիներն անցել են պատերազմի դաշտում` բոլոր առումներով: Ես երիտասարդ էի, ես քաջ էի, ես պատրաստ էի կյանքս տալ հանուն հայրենիքի, ես երազկոտ էի, ես կյանքը ավելի շատ էի սիրում: Չեղա՞վ, որ իմ կյանքի լավագույն տարիները էն ժամանակներն էին: Պատերազմից հետո, երբ զոհված ամեն ընկերոջ մոր կամ կնոջ աչքերին ես նայում, քեզ մեղավոր ես զգում, որ դու ապրում ես, իսկ նրանք չկան: Ու պատասխանատու ես զգում նրանց երեխաների դաստիարակության համար, հետո սկսում ես վախենալ քո արարքների համար, որ` էնպիսի մի բան չանես, որ… արատավորես անցյալդ, չէ որ դու պատերազմում սրբագործել ես քո անունը, քո ապրած կյանքը, քո անցած ճանապարհը: Հիմա էլ եմ պատրաստ մարտական գործողությունների, բայց, միեւնույն է, ես այն ջահելը չեմ, ես այն կայտառ Փոքրիկը չեմ, որը որ նետվում էր մարտի… Հետո ամեն ինչ կամաց-կամաց մարում է: Ասում են` շնորհալի մարդուն կյանքը շնորհներ է բերում, բայց զինվորական ասպարեզում այդ շնորհները չեն ավելանում: Բանակը էն հրեղեն ձին է, որը պիտի միշտ առաջ գնա: Ծեր ու հոգնած մարդիկ բանակին պետք չեն:
-Բայց Դուք եւ շատ շատերը պատերազմից հետո էլ մնացիք զինվորական ծառայության մեջ: Այսինքն` զինվորականությունը դարձավ Ձեր ճակատագիրը:
-Այո՛, բանակը դարձավ իմ ճակատագիրը: Իմ բնակարանը զարդարում են իմ մարտական ընկերների լուսանկարները, իմ զավակները կրում են նրանց անունները, մեր սեղաններին միշտ մարտական կենացներ են հնչում, մարտական երգեր, զինվորական նիստ ու կացը դարձել է նաեւ իմ կենցաղն ու ապրելակերպը, ավագ որդիս ուզում է զինվորական դառնալ;
-Կարելի է ասել, որ մեր իրականության մեջ ավանդական` մանկավարժի, բժշկի ընտանեկան մասնագիտությունների կողքին ավելանում է նաեւ զինվորականի՞ ընտանեկան մասնագիտությունը:
-Ուզենաս թե չուզենաս, դա այդպես է, եւ դա լավ է: Համոզված չեմ, որ որդիներս անպայման զինվորական կդառնան, բայց, վստահ եմ, որ զինվորական կարգապահությունը, զինվորական պահանջկոտությունը, կարգ ու կանոնը, որի մեջ ապրում-ձեւավորվում են նրանք, թույլ կտա նրանց հետագայում խելոք մարդիկ դառնալ, պարտաճանաչ մանկավարժներ… Վերջին հաշվով, ամեն ինչի կայացման մեջ առաջնայինը կարգապահությունն է:
-Դուք այսօր զբաղեցնում եք զինվորական պատասխանատու պաշտոն:
-Այն ճանապարհը, որը ես եմ անցել, թույլ է տալիս, որ ես բարոյական ման: Իսկ զորամասը ղեկավարելու համար պարզապես պիտի հմուտ զինվորական լինես: Կան, իհարկե, երիտասարդ սպաներ, որոնք պրոֆեսիոնալ զինվորական կրթություն են ստացել, կիրթ են ավելի, քան` այն ժամանակների «հրացանավոր ֆիդայիները», որոնք ավելի ճիշտ են պատկերացնում մատի ձեւերն ու կանոնները: Եվ ժամանակի թելադրանքով պատերազմի ճանապարհով անցած զինվորականին փոխարինելու է գալիս մասնագիտական կրթություն եւ ուսում ստացած պրոֆեսիոնալը: Եվ` բանակային ու ռազմական բոլոր ոլորտներում:
Պատերազմի տարիների «Ալինկո» կապով կամ զինատեսակներով եւ կամ` զինուժով այսօր չես կարող դիմակայել թշնամուն:
Ամեն տարի մեր նախարարը իր ուղերձն է հղում: Անցյալ տարին նա համարեց մասնագիտական որակի բարձրացման տարի: Ժամանակն ու իրավիճակը պահանջում են պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ապահովել նաեւ զինված ուժերում: Փառք աստծո, հիմա մեր բանակն ունի անհրաժեշտ բոլոր միջոցները, տեխնիկան, սպառազինությունը եւ այդ ամենի շաղախ` մարտական ոգին: Այնպես որ, ժամանակը ամեն հարցի լուծումը տալիս է:
-Պարոն Կարապետյան, ուզում եմ վերադառնալ մեր զրույցի սկզբին, երբ Դուք ուսուցիչ էիք Նորավանի դպրոցում եւ խնդրել Ձեզ պատմել Քեռու` Արշակ Գավաֆյանի երգի հետ կապված պատմությանը: Անհրաժեշտ եմ համարում կրկին հիշեցնել թվականը` 1990 եւ հավելել, որ այն կարող էր պատահել ցանկացած դպրոցի ցանկացած դասարանի աշակերտի հետ, քանի որ ազգային զարթոնքը դեռ նոր էր:
-1990-ին ռազմագիտության ուսուցիչ էի Նորավանի դպրոցում: Մի օր երգեցողության ուսուցիչը բացակայում էր, եւ տնօրենը խնդրեց ինձ փոխարինել նրան` զբաղեցնելու երեխաներին: Վատ էլ չէի երգում: Մտածեցի` գլուխ կհանեմ եւ համաձայնեցի: Հարցրեցի, թե ով կարող է երգել Քեռու մասին երգը` նկատի ունենալով «չորրորդ գնդի հրամանատար հայոց քաջ Քեռի» Արշակ Գավաֆյանին, քանի որ այն ժամանակ ամենուր արդեն այդ երգերն էին հնչում: Իսկ եթե չիմանային, մտածեցի, որ կսովորեցնեմ: Չարաճճի մի երեխա փութալով թափահարեց ձեռքը` ասելով` ես: Նրան հրավիրեցի գրատախտակի մոտ, մյուսներին էլ խնդրեցի լռություն պահպանել, որովհետեւ հնչելու է շատ գեղեցիկ հայրենասիրական մի երգ: Քար լռության մեջ երեխան սկսեց երգել` «Քեռին եկավ մեր բակը, դուլուլու, դուլուլու, դուլուլու, լիքը կճուճը շալակը, դուլուլու, դուլուլու, դուլուլու»: Ես, իհարկե, նրանց սովորեցրեցի «Հայոց պարծանք Քեռու» երգը:
-Հիմա, անշուշտ, ոչ մի դպրոցում եւ ոչ մի աշակերտ «Հայոց պարծանք Քեռուն» չի շփոթի կճուճով քեռու հետ, եւ դա բնական է: Ի՞նչ է նշանակում դա:
-Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք լուծել հարենասիրությունը նոր սերնդին փոխանցելու հարցը, դա նշանակում է նաեւ, որ մեր կյանքը եւ մեր գործը հենց այնպես չեն անցել:
-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել մեր զրույցին:
-Շնորհակալ եմ, որ ընձեռեցիր հնարավորություն` քեզ հետ զրուցելու:  Ես ընկերներիս կարոտում եմ, եւ նրանց տեսնելու կարոտախտով եմ տառապում: Երբ տխուր եմ լինում, զանգահարում եմ նրանցից մեկն ու մեկին, եւ ամեն ինչ անցնում է: Դա ինձ ապրեցնում է, քանի որ նրանք իմ կենսագրության մեջ են, իմ անցած ճանապարհի եւ իմ ճակատագրի: Եվ այդ մարդիկ թանկ են ինձ համար:
Եվ ուզում եմ, որ իմ վերջին երգը, որ երգեմ, լինի «Արեւի քաղաքը»:

Զրուցեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *