ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀՄԱՅԻՉ ՏԻՐՈՒՀԻՆ

Ասում են՝ զինվորական կյանքը տղամարդկային աշխարհ է: Բայց երբ նայում եմ Մանուշակ Օհանյանին, թե ինչպիսի խնամքով է արդուկում համազգեստը, մտածում եմ՝ նա ծնվել է այդ աշխարհի համար:

Մանուշակը ծննդով անգեղակոթից է: Ընտանիքը տեղափոխվել է Երեւան, երբ նա 7 տարեկան էր: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է գյուղատնտեսական ինստիտուտ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մեկամյա սպայական դասընթացներին մասնակցելը ճակատագրական է դարձել նրա համար, ու գյուղինստիտուտի նախկին ուսանողը փոխել է մասնագիտությունը՝ զինվորագրվելով հայոց բանակին: Երեւանից տեղափոխվել եւ աշխատում է Սիսիանում: Հանգստյան օրերն անցկացնում է ծննդավայր Անգեղակոթում, որտեղ էլ հանդիպեցի նրան ու հաճելի զրույց ունեցանք:

Մանուշակը հրետանավոր է, արդեն՝ դասակի հրամանատար: Անասելի հպարտությամբ է պատմում անցած ուղու, հաղթահարած դժվարությունների, առաջիկա ծրագրերի մասին:

-Սկզբում մարդիկ զարմացած աչքերով էին նայում, երբ ինձ տեսնում էին համազգեստով, հիմա նրանց հայացքներում ոչ թե զարմանք է, այլ՝ հիացմունք: Հարմարվեցին, ընդունեցին: Նպատակ ունեմ ավելի շատ բարձրանալ՝ կապիտան, մայոր…  լավ ասացվածք կա ՝ լավ զինվորը գեներալ դառնալու մասին է երազում:

Դժվար չէ՞ «թույլ սեռի» ներկայացուցչի համար այդ աշխատանքը հարցին ժպիտով է պատասխանում.

-Իհարկե, դժվար է, նույնիսկ՝ տղաների համար է երբեմն դժվար։ Հեշտ չէ նաեւ  ենթակայության տակ ծառայակից տղաներ ունենալը: Բայց երկուստեք արդեն հաղթահարել ենք այդ բարդույթը. սա ծառայություն է, իսկ մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը: Ոչինչ այս կյանքում դյուրին չէ:

-Չե՞ս վախենում, որ մի օր կկանգնես ընտրության առաջ՝ կարիերա թե ընտանիք,-հարցնում եմ զինվորական համազգեստի մեջ անգամ կանացի, խնամված եւ գեղեցիկ Մանուշակին:

-Ինձ համար ամենակարեւորն ու առաջնայինը ընտանիքն է: Սակայն հույս ունեմ, որ իմ կողքի տղամարդը երկընտրանքի առջեւ չի կանգնեցնի ինձ, չի պարտադրի՝ «կամ- կամը», այլ կաջակցի, որպեսզի «եւ-եւ» լինի (ծիծաղում է):

Երբ շատ ծնողներ մտածում են, որ իրենց տղաները բանակ չպետք է գնան և չպետք է անցնեն այդ տանջանքների միջով, Մանուշակն ասում է ՝

-Պետք չէ խուսափել բանակից, պետք է հպարտանալ, որ իրենց տղաները բանակ են գնալու, զինվոր են դառնալու եւ հայրենիքն են պաշտպանելու: Բանակը յուրօրինակ դպրոց է, տղամարդ դառնալու դարբնոց: Իսկ կնոջ ներկայությունը բանակում տղամարդուն կրկնակի զորեղացնում է եւ հայրենիքը պաշտպանել, եւ իր կողքի կնոջը, որը նույնպես հայրենիքն է պաշտպանում: Երկիրը պաշտպանելու պարտքը պետք է յուրաքանչյուրս կրենք մեզ վրա և լինենք պատրաստակամ բոլորս՝ թե աղջիկ, թե տղա:

-Զինվորական կյանքի մասին երազող աղջիկներին խորհուրդ կտա՞ս անցնել քո անցած դժվարին ճանապարհով:

-Կարծում եմ՝ այն աղջիկները, ովքեր խելացի են, ունեն  ֆիզիկական համապատասխան տվյալներ, սիրում են համազգեստը, զինվորական կյանքը, ու, եթե իրենց էությունը, սկզբունքները համապատասխանում են զինվորական գործին, ինչու՝ ոչ։

Խոսելով հայոց բանակի մարտունակության, հայ զինվորի քաջության մասին, Մանուշակն  ասում է՝

-Եվ որքան էլ պատերազմը իր մեջ ամփոփում է խաղաղության հնարավորություն, միևնույն է, պատերազմը չարիք է, որը խլում է բնության մեծագույն արարչագործության՝ մարդու կյանքը: Ցավոք, յուրաքանչյուրս պետք է տիրապետի պատերազմելու արվեստին, որովհետև մեր ազգի ճակատագիրը մշտապես պայքարելն է դարձել… Ես վստահ եմ մեր հաղթանակներում, միայն թե չկորցնենք հավատը Աստծո, հայրենիքի, հայ ուժի, հայ զենքի եւ ապագայի հանդեպ: Կարծում եմ՝ ես գտել եմ ինձ, գիտեմ իմ տեղն ու դերը կյանքում, ու դա արդեն ձեռքբերում եւ արժեք է ինձ համար:

-Հաջողություններ եմ մաղթում ծառայության մեջ եւ ուզում եմ կրկնել հանրահայտ խոսքը, որ մարտադաշտում կինը կրկնակի զինվոր է…

-Շնորհակալ եմ…

Լուսանկարում՝ ձախից երկրորդը Մանուշակ Օհանյանն է:

Զրույցը՝ Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *