ԶՈՐԱԿՈՉ. ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ

Ծղուկեցի Փիրուզա Ավետիսյան եւ Մամբրե Ներսիսյան ամուսինները, Սիսիանի Ազատամարտի հրապարակից, բազմաթիվ հարազատների եւ բարեկամների հետ, հայոց բանակ էին ճանապարհում իրենց 4-րդ որդուն՝ Արմանին: Հույզը, խռովքը, ուրախությունը, նաեւ՝ տխրությունը միախառնված էին: «Ունեմ 4 տղա, հպարտ եմ իմ զավակներով, երկու որդիս իրենց պարտքը կատարել են, մյուս որդիս արդեն մեկ տարի ծառայում է: Բանակ ենք ճանապարհում 4-րդ տղայիս: Վստահ եմ, որ Արմանս էլ նույն պատասխանատվությամբ կկատարի իր պարտքը,-ասում է Փիրուզա Ավետիսյանը եւ հավելում, որ թեեւ անհնար է թաքցնել ծնողի, մոր հույզն ու շփոթմունքը, բայց ուրախ է ճանապարհում որդուն, որ ուրախ էլ դիմավորի, ապա եւ իր տղային, եւ բոլոր նորակոչիկներին մաղթում է բարի ծառայություն, խաղաղ երկինք, պայծառ արեւ: «Թող նրանց ճանապարհը բարի լինի, ծառայեն եւ վերադառնան իրենց ընտանիքներ»,-մայրական քնքշանքով ու խանդաղատանքով ասում է տիկին Փիրուզան:

Նորավանցի նորակոչիկ Տիգրան Դավթյանն էլ ասում է, որ տղան պիտի ծառայի, իսկ ինքը ծնվել եւ մեծացել է գյուղում, եւ որեւէ դժվարությունից չի խորշում, չի մտահոգվում: Դա էլ է տղայի համար, իսկ զինվորի պարագայում՝ առավել եւս: Տան միակ արու զավակն է, այսինքն՝ տան հույսը, օջախի ծուխը, ու այդ գիտակցումով էլ խոստանում է ծնողներին, հարազատներին, ընկերներին ու համագյուղացիներին իր սրբազան պարտքը կատարել հայրենիքի հանդեպ եւ վերադառնալ տուն:

Նորակոչիկներին բանակ ճանապարհողների մեջ էին ոչ միայն նրանց հարազատներն ու բարեկամները: Անմասն չմնալով համընդհանուր հուզախառն տրամադրությունից, ասես ինքն իր համար աղոթք մրմնջալիս, զինկոմիսարիատի աշխատակից Մարինե Սարգսյանը շշնջաց՝ դուք բարով գնաք, որ ծառայածները տուն գան… DSC05230

Զինկոմիսարիատի ցանկապատից ներս նորակոչիկներն այլեւ իրենց ծնողներինը չեն, նրանք հայրենիքինն են, երկրինն են, բանակինն են: Ու հարկ է, որ նրանց բանակ ճանապարհեն նաեւ պաշտոնական կարգով, զինվորական «ադաթով»: Ու այդ հավատամքին հավատարիմ՝ նրանց բարի ճանապարհ եւ բարի ծառայություն է մաղթում նաեւ Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանը: «Այսօր, առաջին զորակոչին, հայոց բանակ ենք ճանապարհում 22 նորակոչիկի: Շնորհավորում եմ նրանց՝ զինվոր դառնալու համար, ցանկանում եմ փառքով ծառայեն եւ փառքով վերադառնան: Այսպես հանդիսավոր, բազմամարդ ճանապարհում ենք ձեզ, որ այդպես էլ դիմավորենք»: Ապա դիմելով նորակոչինկներին՝ նրանցից խնդրում է ծառայության ժամանակ յուրաքանչյուր քայլը կատարելիս ուշադիր լինել, լսել հրամանատարներին, ու նրանց մատը փուշ չի մտնի: «Սիրելի նորակոչիկներ, հպարտ եղեք 25-ամյա հայոց հաղթանակած բանակին զինվորագրվելու եւ այդ բանակի շարքերում զինվորական ծառայության անցնելու համար»,-հորդորեց զինկոմը:

Օրը թե նորակոչիկների, թե նրանց ծնողների ու բոլորի համար հիշարժան եւ նշանակալից համարեց նաեւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Դիմելով նորակոչիկներին՝ համայնքի ղեկավարն ասաց՝ «Դուք պաշտպանված քաղաքացուց դառնում եք հայրենիքի սահմանները պաշտպանող զինվոր»,- եւ անփորձանք ու բարի ծառայություն մաղթելուց զատ անհրաժեշտ համարեց հիշեցնել եւ պարտավերցնել նորակոչիկներին ծառայության ընթացքում բարձր պահել սիսիանցու անունը, քանի որ թե արցախյան հերոսամարտում, թե ապրիլյան քառօրյայի ժամանակ սիսիանցիները հերոսաբար պայքարել են հանուն հայրենքի ու կյանքը չեն խնայել իրենց հող ու ջրի համար: Հորդորեց նորակոչիկների ծնողներին հպարտ կրել իրենց զավակների՝ երկամյա ծառայության բոլոր դժվարություններն ու փորձությունները եւ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում լինել նրանց կողքին:DSC05239

Այնուհետեւ նորակոչիկները ծաղիկներ դրեցին ազատամարտի մեծ նահատակ Վուրգ Ոսկանյանի արձանին: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր-Պարգեւ քահանա Զեյնալյանը պահպանիչ աղոթք կարդաց, նրանց համար տիրոջից հայցեց անփորձանք ու բարի ծառայություն, մեկ անգամ եւս հորդորեց հավատալ խաչի զորությանը, սիրել ու փայփայել հայոց բանակը, քանի որ, որքան էլ այն երկրի եւ հայրենիքի պաշտպանն է, ունի բոլորիս սիրո եւ պաշտպանության կարիքը:

Չխախտելով ավանդույթը՝ նորակոչիկները հարգանքի տուրք մատուցեցին Սիսիանի քաղաքային պանթեոնում ննջող նահատակներին, ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին: Ուշադրությունս միանգամից գրավեց ապրիլյան նահատակ Արմեն Բեգլարյանի շիրմաքարին խոնարհված նորակոչիկը, որ ձեռքը դրել էր նրա նկարին ու լուռ խորհում էր:

«Հորեղբայրս է,-ասաց նորակոչիկ Կարեն Եղյանը,-նրան շատ էի սիրում, խոստացա, որ բարձր եմ պահելու զինվորի պատիվը, հավաստիացրեցի, որ ինքն էլ ինձնով հպարտանալու առիթներ կունենա, ինչպես որ մենք ենք հպարտանում իրենով»:

Նորակոչիկները, որ երեկ ընդամենը պատանիներ էին, այսօր զինվորագրվեցին հայոց բանակին… Փառք ու պատիվ քեզ, զինվոր, որ արդեն երկրիս, սահմանիս ու հայրենիքիս պաշտպանն ես…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *