Զորակոչ – 2019. ԲԱՆԱԿ ԵՔ ԳՆՈՒՄ, ՏՂԵ՛ՐՔ, ԴՈՒԽՈ՛Վ ԳՆԱՑԵՔ…

Ծնողները, հարազատները, բարեկամները, ընկերները Սիսիանի` Ազատամարտի հրապարակից նորակոչիկների հերթական խմբին են ճանապարհում հայոց բանակ: Եւ, ավանդույթի համաձայն, ճանապարհում են Վուրգ Ոսկանյանի հուշարձանի մոտից, ճանապարհում են զսպված հպարտությամբ, զինվորին եւ հայրենյաց պաշտպանին վայել հանդիսավորությամբ:

«Իհարկե, մի քիչ հուզված եմ, բայց` անսահման հպարտ, որ զույգ որդի եմ բանակ ճանապարհում, ցանկանում եմ բանակին առոջ բարոյա-հոգեբանական մթնոլորտ, թող զինվորները լավ ծառայեն, մաղթում եմ անխռով գիշերներ»,- ասում է նորակոչիկներ Արման եւ Կառլեն Հովհաննիսյանների մայրը` Լուսինե Ոսկանյանը, հավաստիացնելով, որ տղաները հոգեբանորեն պատրաստ են բանակ գնալուն եւ պատրաստակամ` զիվոր դառնալ: Տիկին Լուսինեն ուրախ է, որ այսպես շուքով ճանապարհում են, շուքով էլ` դիմավորում: «Տղաներին այսպես հանդիսավոր եւ բազմամարդ ճանապարհելը ոչ միայն փափկասուն չի դարձնում նրանց` ապագա զինվորներին, ընդհակառակը, հուշում է, որ իրենց թիկունքին իրենց ընտանիքն է, երկիրն է, պետությունն է, ինչը պաշտպանելու համար էլ զորակոչվում են բանակ: Նրանք պարտավոր են հաղթահարել բանակային կյանքի դժվարությունները եւ գիտակցել, որ զորացրվելուց հետո էլ պիտի շարունակեն լինել հայրենիքի չզորացրված զինվորը»,- ասում է Լուսինե Հովհաննիսյանը:

Նորակոչիկների շարքերում են Դարբաս եւ Շամբ վարչական շրջանի երեք երիտասարդ` Կարենը, Սաքոնը, Գոռը: Հարզատների, բարեկամների, ընկերների հետ նրանց բանակ էր ճանապարհում նաեւ վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը: «Գյուղում խնջույք են արել, տղաներին մաղթել ենք բարի եւ անփորձանք ծառայություն, տվել զինվորի կոչումը բարձր պահելու պատգամ, նրանք ստացել են Տեր-Ընծայի օրհնությունը, հիմա էլ եկել ենք զինվորական կոմիսարիատ եւ այստեղից ենք ճանապարհում, որպեսզի համոզված լինեն, որ, հանձին տեղական իշխանությունների, երկիրը, պետությունը իրենց թիկունքին են, իրենք էլ` պետության»,– ասում է Սաշա Ստեփանյանը:    DSC07780

Հայաստանի ագրարային համալսարանում իր կրթությունը կիսատ թողած նորակոչիկ Սմբատ Գալստյանը պատանեկան խանդավառությամբ է նշում, որ ուրախ է զինվորագրվելու համար, եղել է սկաուտ, հոգեբաներոն կոփված է, տրամադրությունը մարտական է, «դուխով», հարազատները շրջապատել են իրեն, ինքը, որպես տղա, պարտավոր է հայրենիքի սահմանները պաշտպանել, եւ հավաստում է, որ պատրաստ է ծառայել ազգին, երկրին, պետությանը…

Նորակոչիկներին իր հովվական օրհնությունն է տալիս ու պահպանիչ աղոթ է կարդում Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու քահանա Տեր-Պարգեւ Զեյնալյանը, ծառայակցությամբ` Սիսիանի զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյանի, եւ մաղթում, որ նրանք լինեն կարգապահ, ուշիմ, դառնան լավ զինվորը, լավ պաշտպանը, քաջ զորականը հայոց աշխարհի եւ վերադառնան իրենց ընտանիքներ իբրեւ ազգին արժանի քաղաքացիներ:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անունից նորակոչիկներին բարեմաղթանքի եւ բարի ծառայության խոսք է հղում համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը: Բարի ծառայություն ցանկանալուց հետո մաղթում է, որ զինվորը զենք վերցնի միայն ուսումնավարժական փուլերի ժամանակ, բայց հպարտ լինի, քանի որ գնում է հաղթանակած բանակ: «Փառքով գնացեք ու փառքով ետ եկեք»,- ընդգծեց փոխհամայնքապետը, ապա շնորհակալություն հայտնեց զինվորների ծնողներին` այսպիսի ուժեղ, քաջ տղաներ դաստիարակելու համար:50766569_1973220816314088_920621107411681280_n

Աֆղանական պատերազմի վետերան Վարդան Հակոբյանը, բարի ծառայություն, բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին ասաց, որ Աֆղանստանում իր ծառայության ամենածանր եւ դժվարին պահերին մշտապես հիշել է իրենց գյուղի աղբյուրը եւ այգի տանող ճանապարհը, ուժ ու զորություն ստացել նրանցից, որովհետեւ նրանք հայրենի տան խորհրդանիշն են ու պատգամեց նորակոչիկներին նույն կերպ վարվել` հիշել հայրենի գյուղի, քաղաքի մի անկյունը, մի վայրը եւ չմոռանալ, որ իրենք պահպանելու եւ պաշտպանելու են դրանք: «Մենք ձեզ չենք ուղարկում պատերազմ,- ասաց Վարդան Հակոբյանը,- մենք ձեզ ուղարկում ենք պաշտպանել եւ պահպանել այն, ինչը ձեր ավագ սերունդն է ձեռք բերել արյունով»:

Նորակոչիկներին բանակ զորակոչվելու առթիվ շնորհավորեց Սյունիքի մարզային զինկոմ Արարատ Մանուչարյանը եւ նշեց, որ այս տղաները, ինչպես ընդունված է ասել, գնում են ոչ թե իրենց պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ, քանի որ այդ պարտքը ձգվում է մինչեւ կյանքի վերջ, այլ` իրենց կյանքի հերթական քայլն են կատարում, որ իրենցից առաջ զորակոչվծաները զորացրվեն եւ տուն վերադառնան: Մարզային զինկոմը նորակոչիկներին մաղթեց Սյունյաց աշխարհի լեռների պես ամուր կամք, հայրենիքի համար մարտնչած իրենց նախորդների սխրանքի բազմապատկում եւ հոգու արիություն` լինելու ծնողի եւ հայրենիքի արժանի զավակը…

Ազատամարտի հրապարակում նորակոչիկի վերջին լռելյայն երդումը, վերջին ծաղիկը եւ վերջին հրաժեշտը, ինչպես միշտ, այս անգամ էլ մեծ նահատակ Վուրգինն էր… Ամեն գնով պահպանել նրա արյամբ գծված հայրենիքի սահմանն ու հայրենյաց զինվորի պատիվը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *