ԶՐՈՒՅՑ ՍԻՍԻԱՆԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԳՆԴԵՐԵՑ ԻՇԽԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ

2016 թվականի հուլիսին Իշխան սարկավագ Գեւորգյանը ծառայության է կոչվել Սիսիանի զորամասում: Ի՞նչ ճանապարհ է անցել Իշխան սարկավագը, ինչպես է գնահատում ու կարեւորում հոգեւորականի դերը զինված ուժերում եւ` ընդհանրապես:

Իշխանը դեռեւս ութ տարեկանից է մասնակցել Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ժամերգություններին, պատարագներին: «Երբ իմ հասակակիցները խաղում էին դրսում, երբ շաբաթ-կիրակի օրերին իրենց հանգիստն էին վայելում, երբ կարող էին ազատ օրերին եւ արձակուրդներին ուշ արթնանալ, եկեղեցու իմ ծառայակից ընկերների` Նարեկի, Հովհաննեսի, Սեյրանի, Հակոբի հետ ես հոգեւոր սպասավորություն էի անում Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, օգնում էի Տեր-Նարեկին»,- ասում է Իշխան սարկավագն ու ավելացնում, որ հետագայում նրանք էլ ընտրեցին հոգեւոր կյանքը. Հովհաննեսը` այժմ` Տեր-Սեդրակը, Աբխազիայում է հոգեւոր ծառայություն կատարում, Սեյրանը` այժմ` Տեր-Արամ, Մարսելի հոգեւոր սպասավորն է, ինքը` Սիսիանի զորամասի գնդերեցը: Իշխան սարկավագը նշում է, որ իննսունական թվականներին, երբ Սիսիանում հոգեւոր ծառայություն էր կատարում Տեր-Նարեկ քահանա Ամիրյանը, Սիսիանը հոգեւոր զարթոնք ապրեց, եւ եկեղեցու շուրջը ձեւավորվեց եկեղեցասեր, բարեպաշտ, հավատքի մեջ զորացած մի ուրույն համայնք:

«Ութ տարեկանից եկեղեցու հետ կապված լինելը, եկեղեցում հոգեւոր սպասավորություն անելը նպաստել են, որ մտածեմ իմ կյանքն այլեւս հոգեւոր ոլորտին կապելու մասին, ու 2006-ին Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որեւէ տարակույս չեմ ունեցել, որ կրթությունս պիտի շարունակեմ Էջմիածնի Գեւորգյան ճեմարունում»:

Ճեմարանական տարիները համարում է կարե25497420_1382635278530643_1632179063_nւոր փորձության եւ մեծ փորձառության շրջան: «Ի տարբերություն մյուս բուհերի, ճեմարանը գիշերօթիկ հաստատություն է` իր կարգ ու կանոնով: Եթե աշխարհիկ բուհի ուսանողը դասերից հետո ազատ է, մենք կանոնակարգված ռեժիմի մեջ էինք, ինչն էլ նպաստել է կամային ուժեղ որակների ձեւավորմանը, ավելի պատասխանատու, պարտաճանաչ, նվիրյալ լինելուն: Հենց այդ 6 տարիների ուսումնառության շրջանն էր, որ իմ մեջ ձեւավորեց հոգեւորականի այն կերպարը, որը ես հիմա ունեմ»,- ասում է Իշխան սարկավագը:

Ճեմարանի ուսումնառության ընթացքում Իշխան սարկավագը ծառայել է նաեւ հայոց բանակում: «Զինվորական ծառայության ընթացքում, անկախ բոլոր դժվարություններից, ինձ համար որեւէ խոչընդոտ չեղավ. այն տարիները, որ սովորել էի ճեմարանում, համազոր էին բանակային ծառայությանը: Երբ մարդիկ ասում են` առավոտյան չեմ կարողանում շուտ արթնանալ, ինձ համար անպատկերացնելի է: Ես զարթուցիչից մեկ րոպե շուտ եմ արթնանում»,- ասում է Իշխան սարկավագը եւ հավաստիացնում, որ դա ճեմարանի տված «խստակենցաղ» դաստիարակության արդյունքն է:25488824_1382635258530645_900348970_n

Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ավարտելուց հետո 2015-ի հունիսին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ տնօրինությամբ Իշխան Գեւորգյանը նշանակվել է Սեւանի Վազգենյան դպրանոցում որպես վերակացու եւ դասախոս: «Շուրջ մեկ տարի այնտեղ իմ ծառայությունը բերեցի դպրանոց ընդունված նոր կրթվող երիտասարդներին եւ իմ ունեցած գիտելիքներն ու կյանքի փորձը փոխանցեցի նրանց, ապա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ տնօրինությամբ 2016 թ.-ի հուլիսին զորակոչվեցի ՀՀ ՊՆ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդություն եւ ծառայության նշանակվեցի Սիսիանի զորամասում»,-ասում է Իշխան սարկավագը, ապա խանդավառությամբ ու սիրով պատմում զորամասում հոգեւոր սպասավորություն անելու, զինվորների հետ շփվելու, կարգազանց զինվորի, նորակոչիկի հետ հաղորդակցվելու, նրանց եկեղեցու հետ կապելու, հավատքը զորացնելու եւ  բարեպաշտություն սերմանելու մասին: «Զինվորի հետ ավելի հաճելի է ծառայությունը, քանի որ երբ այցելում ես զորամաս եւ հանդիպում զինվորներին, նրանց ջերմ փոխհարաբերությունը քո անձի, քո համազգեստի, քո կոչումի նկատմամբ քեզ ավելի են ոգեպնդում, որ քո ծառայության մեջ ավելի հաստատուն լինես»,– ասում է Իշխան սարկավագը, ապա կարեւորում ամեն կիրակի նրանց հետ Սիսիանի եկեղեցի այցելելը, պատարագներին մասնակցելը: «Բոլորն էլ սիրով են մասնակցում կիրակնօրայ պատարագներին ոչ թե նրա համար, որ ուզում են դուրս գալ զորամասից, ոչ թե նրա համար, որ ցանկանում են մի քիչ քայլել քաղաքում, այլ, իրապես, ծարավ ունեն հոգեոր խոսքի, ոմանք նաեւ սպասավորություն են կատարում սուրբ սեղանին»:25529863_1382635248530646_1701047669_n

Սարկավագը նշում է, որ զորամասում ամեն երկուշաբթի օրը սկսում են Տերունկան աղոթքով, նախ` առավոտյան տողանի ժամանակ հնչում է հայոց օրհներգը, որից հետո բոլոր զինվորները, հրամանատարական կազմը միահամուռ իր հետ Տերունական աղոթքն են հղում առ աստված, խնդրում, որ զինվորը փորձանքից հեռու լինի, բանակը` ամուր, սահմանը` անառիկ, ազգը` անպարտ, ոգին` անկոտրուն: Յուրաքանչյուր հերթափոխից առաջ նույնպես աղոթում են զինվորների հետ: Հոգեւոր սպասվորները, գնդերեցները այցելում են հենակետեր, ծանոթանում զինվորի ծառայությանը, կենցաղային պայմաններին, ինչը, ըստ նրա, ավելի է ոգեշնչում զինվորին:

Խոսելով զինված ուժերում հոգեւոր սպասավորի, գնդերեցի դերի կարեւորության, անհրաժեշտության մասին, Իշխան սարկավագը նշում է, որ դա ոչ թե ավելորդ եւ անհրակի միջամտություն է զինված ուժերին, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ` հայոց պատմության մի իրողություն, որ հայ զինվորն ու հայ հոգեւորականը միշտ միասին են պայքարել հայրենիքի համար, իսկ պետականություն չունենալու պարագայում հայ եկեղեցին է իր վրա վերցրել պետության առաջնորդության եւ ի զեն կոչելու պատասխանատվությունը ու վկայակոչում է Ղեւոնդ Երեցին, Սարդարաբատի ժամանակ` Գեւորգ Հովսեփյան կաթողիկոսին ու 23 հոգեւորականներին, Արցախյան պատերազմի, ապրիլյան քառօրյայի ժամանակ զենքը ձեռքին զինվորի կողքին կանգնած հոգեւորականներին: Մեր պատմության մեջ եկեղեցի-պետություն տարանջատում չի եղել:

«Վերջերս նշեցինք հայոց բանակում Հոգեւոր առաջնորդության 20 ամյակը: Շուրջ 20 տարի հայոց բանակի եւ հայ զինվորի կողքին ենք պաշտոնապես, թեեւ մինչ այդ էլ զինվորի կողքին էինք»,- ասում է Իշխան սարկավագը ու հավելում, որ հայոց բանակում գնդերեցների ներկայության կարեւորության մասին խոսեցին բանակի սպաները, 25497386_1382636355197202_830554676_nպաշտպանության նախարարը եւ տվեցին իրենց գնահատականը` գնդերեցների ծառայության վերաբերյալ, ապա հավելում, որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մինչ գնդերեցների ծառայությունը բանակում եւ դրանից հետո շատ են պակասել կարգազանցությունները, ինքնախեղման դեպքերը, ինքնասպանությունները, ինչը պայմանավորում է գնդերեցների ներկայությամբ:

Իշխան սարկավագը կարծում է, որ հոգեւորականը պետք է տարբերվի շրջապատի բոլոր մարդկանցից, քանի որ նա մի ամբողջ հոգեւոր հոտի հովիվ է, եւ ինքն է օրինակ ծառայում մյուսներին: «Հոգեւորականը պետք է իր ամեն քայլի, կատարած յուրաքանչյուր արարքի մեջ ուշադիր լինի, որպեսզի գայթակղություն չհանդիսանա մյուսների համար»,– ասում է սարկավագը եւ գտնում, որ միայն այդպես կարող է հոգեւորականը սեր ու հարգանք վայելել, պատկառանք ու վստահություն ներշնչել: Ասում է, որ կարեւոր է հոգեւորականի ներքին հանգստությունն ու անդորրը, դեմքի խաղաղությունն ու լավատեսությունը, որը փոխանցվում է դիմացինին: «Իմ կարծիքով դա է ճշմարիտ հոգեւորականի կերպարը, քանի որ նրան աշխարհիկ տարբեր գայթակղություններ, տարբեր տկարություններ խոչընդոտ չեն հանդիսանում, եւ ինքը վստահ է, որ Քրիստոսով բոլորս էլ փրկվելու ենք, եւ բոլորս միավորված ենք Քրիստոսով»:

Ո՞ւնի հոգեւորականի իր իդեալը հարցին պատասխանում է`«Ծնողներս պատմում են, որ երբ 3-4 տարեկան երեխա եմ եղել, մի շալ եմ գցել ուսերիս, եւ, նմանակելով իմ մորեղբորը` Տեր-Նարեկ քահանա Ամիրյանին, ասել` ես Արսեն քեռին եմ, ես Արսեն քեռին եմ… Ավելի հասուն տարիքում, եւ հետո, երբ ինքս եմ ընտրել հոգեւոր ոլորտը, Տեր-Նարեկը եղել է, կա ու կլինի հոգեւորականի իմ իդեալը»,–  ապա հավելում է, որ ինքն էլ փափագում է ծառայել Աստծուն, ծառայել ժողովրդին եւ փորձել իր հնարավորությունների չափով իր ներդրումն ունենալ հայրենի համայնքի հոգեւոր կյանքի զարգացման մեջ, ինչպես` Տեր-Նարեկը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *