Է՜, ՉԵՄ ԻՄԱՆՈՒՄ …

Ընկերոջս հետ մեր սարերն էինք բարձրանում: Ճանապարհին հանդիպեց մեր գյուղացի Սարգիս դային, որ հորթերն էր արածեցնում, ու քանի որ ամբողջ օրը մարդու չէր հանդիպել, անմիջապես զրույցի բռնվեց.
– Երևանից նո՞ր ես եկել, – հարցրեց:
– Հա, – պատասխանեցի, – նոր եմ եկել:
– ՈՒ՞ր եք գնում:
– Գնում ենք սար, պապայիս մոտ:
– Պապա էլ որ չե՜ս ասո~ւմ:
– Բա ի՞նչ ասեմ:
– Պապա մի ասա, պապան փողկապով կլինի, սափրված, կոստյումով, թե չէ` պապայի՜ս մոտ եմ գնում, պա՜հ – պա՜հ: Այստեղ պապա չես գտնի, նախրչի ու չոբան կգտնես, թե չէ … Արդեն մի շաբաթ ա` ջրի երես չի տեսել, քե՜զ ինչ կա: Կարճաթև սարոշկա ես հագել, ձեզ որ մնա, սաղ կոլխոզը մի քանի կարճաթև սարոշկով կփոխեք:
Ասաց ու նստեց, թեք ընկավ ու նորից կանչեց.
-Արի, էս կողմ արի, մի նեղացիր, էդ ընկերդ ո՞վ ա:
– Մեր գյուղացի են եղել, Աղաջանենցից են, Արարատի տղեն ա:
– Վա՜, լավ եմ ճանաչում ու հիշում, օղորմի Ձեր պապ Մարտիրոսին: Բաքվում էր աշխատել, վարսավիր էր, մինչև նրա գալը բոլորին քաչալացնում էին, նա մեզ մի քիչ շնորհքի բերեց: Խելացի մարդ էր. ասում էր, որ գոհ է իր աշխատանքից, մասնագիտությունից, որը նրան թույլ չէր տալիս ուրիշների նման տարվա կեսը չոլերում քնել: Հետը մի սիրուն կնիկ էր բերել, էս կողմերին չհարմարվեց, մի օր էլ թողեց – գնաց Բաքու: Էդքան սիրուն կնիկ էս կողմերում շատ քիչ է եղել, շան տղիս կնիկը հենց շարժվում էր, մարդու խելք էր գնում: Ա՜յ՝ կնի՜կ:
– Սարգիս դայի, կնիկների մասին` հետո, Երևանում ժողովուրդը խոսում է, որ Սովետը ճիշտ չի կառուցվել, փոփոխություններ են լինելու, մարդիկ հանգիստ չեն քեզ պես, հավաքվում, ցույց են անում:
– Հը, չլինի՞ արդեն կշտացել են, այ տղա, Սովետը քանդել չի լինի, Լենինի կառուցածը քանդել չի լինի: Ուրիշի սարքածը հե՞ր չես քանդի:
– Սարգիս քեռի, մեր ժողովուրդը Ղարաբաղի խնդիր ունի, Սումգայիթում հայերին կոտորել են, կրակի վրա երեխա են խորովել, – նեղսրտեց ընկերս:
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ, – ցնցվեց Սարգիս դային, – ասում ես` երեխա՞ են խորովել, բա են կաղշա Գարբաչովը ի՞նչ է անում,  բա իսկի պետություն չկա՞, օրենք չկա՞: Կարաբաղ ոչխար եմ պահել: Կարաբաղցիները բեհովսալա ժողովուրդ են, կռիվ ա լինելու… Ասում ես` երեխա են խորովե՞լ, թյո՜ւ, թքած դրանց դինին, սև ըլնի եդ երեխի տերը, թյու՜ …
Ու կարծես խռովեց աշխարհից: Խեղճ մարդու զայրույից ու անճարակություից ազդվեցի, մանավանդ  որ անընդհատ վա՜յ-վա՜յ էր անում, կարծես հենց իրեն էին անկրակ խորովում ու ծուխ չէր ելնում:
Ընկերոջս հետ շարունակեցինք մեր ճամփան դեպի վեր, դեպի սար: Այստեղ  լուսաբացները պաղ են, մի տեղ ջրի հեղեղ է, մեկ ուրիշ տեղ՝ մի կում ջրի համար կյանքդ կտաս:
Այս սարերն իրենց ստորոտներով թաղամասեր էին հիշեցնում, որտեղ հարևանությամբ ապրում էին հայ, թուրք, եզդի սարվորները, որոնք հիմնականում Սիսիանից, Արարատից ու Ղարաբաղից էին, բարի հարևանություն էին անում և ունեին իրենց հստակ սահմանները, և ոչ ոք այն չէր խախտում: Այն միայն գազանն էր խախտում, որի ահից երբեմն սսկվում էին շները: Բիրտ ուժը այստեղ համարյա տեր ու տիրական էր: Արջը մարդուն էր ջարդում, մարդը կրակում էր արջի վրա, գայլը պատառոտում էր ոչխարներին, իսկ շները ուզածիտ պես հալածում էին գայլին: Հաստավիզ ցուլը օրենք չէր ճանաչում, պոզահարում էր ձիուն ու ձիավորին, և ձիու աղիքները փաթաթվում էին ցուլի պոզերին, հետո ցուլը էլի չէր հանգստանում ու առջևի ոտքերով ճիմը պոկում էր, հողը քանդում ու ահավոր բոռում, իսկ հարևան փոքրիկ լճակում գորտերը աշխույժ կռկռում էին: Ինչու՞ են ապրում գորտերը:
Բայց լավ է, որ ապրում են, թող ապրեն: Ցուլն էլ թող ապրի: Ինչու՞ չապրի: Պոզե՞րն են բութ, թե՞ վիզն է բարակ: Կովերի խելքը գնում է: Այնքա՜ն գույներ կան վրան, կարծես ջրին նավթ խառնած լինես: Այս ցուլն իրեն այնպես է պահում, կարծես սարի տերը լինի: Ցուլից պակաս չէր Վարդո Բեկը, որը Ղարաբաղից բերված ֆերմաների վարիչն էր ու շատ խիստ ձեռք ունեցող մարդու համբավ ուներ: Օրենքն ու կարգը պահում էր մտրակով, հոտերի սահմանը խախտողը ընտիր կաշվից գործած մտրակի տասը հարված պիտի ուտեր ու գալարվեր ցավից: «Օրինախախտը» հետո սարից իջնելու էր գյուղ, գնար Սիսիան` դատախազի մոտ, ու բողոքեր, բողոքողի քթի տեղը մի մեծ վերք էր լինելու, դատախազը խղճալու էր նրան ու ասեր.
– Ա՜ ա՜ ա՜ … հետո՞: Բա օրենք չկա՞ :
Հետո դատախազի ու Վարդո Բեկի զրույցի մասին Աստված էր իմանալու: Այնուհետև Վարդո Բեկը իր մոտ էր կանչելու «օրինախախտին» ու հարցնելու էր.
– Քանի՞ հատ եմ խփել, ի՞նը … չայ խմի:
– Չէ՛, հաշվել եմ, տասը:
– Ամեն խփածիս համար տասը մանեթ եմ տալու, գո՞հ ես … չայ խմի:
– Ախր շատ ա ցավում, եսի՞մ …
– Շաքարով չայ կխմես, կանցնի:
ԵՎ հաշտությունը կայացած էր:
Տասը հատ կարմիր տասանոցը կապելու էր արդեն անգույն թաշկինակի մեջ ու օրվա մեջ մի քանի անգամ հաշվեր: Անհամբեր սպասելու էր այն օրվան, որ իջնի գյուղ, փողը տա կնոջն ու հերոսի կեցվածք ընդունի: Իհարկե, կնոջը կասի, որ կռվի ընթացքում մի հատ էլ ինքն է խփել ու մեջից կկիսեր, եթե բաժանողները շուտ չհասնեին:
ԵՎ ծխում էր օրը, վառվում էր օրը, կրակվում ու ծորում այնպես, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ:
Կար երկու կյանք` սարի կյանք և կյանք գյուղում, հասարակության մեջ, մեկը մյուսից դաժան էր, մեկը մյուսից տարբերվում էր իր յուրահատուկ նախշերով, զարդերով, յուրահատուկ զմրուխտով ու մամռակալած քարով, խոշորաչք ուղտով ու բակում կապած գամփռ շնով, որի լեզուն շատ երկար է, բայց միայն հաչում է: Սարում էլ կյանք կար, յուրահատուկ կյանք: Այստեղ էլ կանայք երեխա էին բերում, սարում էլ գերեզմանոց կար, արդեն բավականին մեծ, ամենաշքեղ քարը Գյուլբահարինն էր, որի գեղեցկության մասին մինչ օրս էլ պատմում են: Ասում են` վարսերը շատ երկար էին, իսկական սև սաթ: Ձայնը գեղգեղուն, սլացիկ իրանով ու այդ սարի մարալի իրանը հավաքում էր թանկարժեք արծաթե քյամարը: Հովիվներից Սաքո ամին մինչև իր կյանքի վերջն էլ չհասկացավ, թե Գյուլբահարը ինչ էր կորցրել սարում: Նա գեղեցիկ էր առավոտվա շաղի պես, անարատ, ու երևի արևն էլ հենց նրան տարավ իր հետ:
Երբ ընկերոջս հետ անցնում էինք գերեզմանոցի մոտով, արդեն անձրևում էր: Շրջված քարեր նկատեցինք ու հանկարծ մեկը ձայն տվեց.
– Էդ ո՞վ եք:
Կանգնած տեղներս սառեցինք, ճչալու ցանկություն առաջացավ, բայց այլևս շունչ չկար:
– Մի վախեցեք, այ տղա, ես եմ, Վազգենն եմ: Խոտ էի քաղում, անձրև եկավ, ես էլ խոտ լցրի գերեզմանաքարի տակ ու մտա տակը:
Վախից, զարմանքից ապշել էինք, չէինք արձագանքում: Ընկերս ուժ հավաքեց ու խոսեց.
– Բա չե՞ք վախենում գիշերը այստեղ մենակ մնալուց:
– Ինչի՞ց վախենամ. վախենալու էնքան բան կա: Հենա ասում են` կոլխոզները պետք է քանդեն, անհայտություն է լինելու: Լավ բան չի լինելու: (Ի միջի այլոց, մեր կողմերում «անհատ» հասկացությունը և գրագետը, և անգրագետը «անհայտ» էին ասում` այդ բառի մեջ տեսնելով ինչ-որ խորհրդավորություն): Պարզ ու միամիտ այս մարդիկ ճիշտ բառ էին ընտրել.իրոք, իրենց ճանապարհը դեպի անհայտություն էր տանելու, անհայտություն` դեպի ունևորն ու չունևորը, դեպի զոռբան ու մուրացիկը:
– Բայց չէ՞ որ դուք  ձեր սեփականությունը կունենաք, ձեր հողը, անասունը:Կաշխատեք ձեզ համար,- ակնարկեց ընկերս:
– Հեշտ ես խոսում: Հավատալս չի գալիս,որ մենք մի բանի տեր լինենք: Սովետի ժամանակ էլ մի այծից երկու կաշի էին պահանջում: Հետո էլ՝ բա որ կոմունիստները հե՞տ գան: Մեկ-մեկ կախելու են:Էն ժամանակ էլ հերս կոլխոզ չէր մտնում: Տարան մեր և Սառնակունքի սահմանին` մի ձորի մեջ գնդակահարեցին ու դիակը թաքցրել էին աղվեսի բնի մեջ: Աղվեսի փայ դառնան իրենք: Բա դա անելու բա՞ն էր: Մինչև էսօր մեր ազգին հակա են անվանում: Ու հիմա` նորից: Դե արի ու գլուխ հանիր:
Ու այդ պահին ես հիշեցի որ մեր գյուղացի Սահակը հորս ասում էր.
-Դուք դաշնակի ճուտ եք, ձեզ մինչև Թավրիզ պիտի քշել: Թավրիզն է ձեր տեղը:Երկիրը երկիր չի, թե չէ օձ է տաքացնում կրծքին:
Ու  մեզ` երեխաներիս, թվում էր, թե այդ Թավրիզը օձերով լիքը մի տեղ է, մարդը միայն ու միայն տառապում է:
Ամբողջովին մթնել էր: Ծանրացած սրտով բարի գիշեր մաղթեցինք տառապող մարդուն ու իջանք սարից: Ճանապարհին համարյա չէինք խոսում, կարծես խորթացել էինք ու ջարդվել: Հասանք տեղ և գյուղամեջ իջանք: Գյուղի կենտրոնում հավաքվել էին մարդիկ ու տաք-տաք վիճում էին.
-Լավ, ասենք կոլխոզները քանդան, բա էս փողոցային լույսերի փողը ո՞վ ա տալու, թեկուզ էն մի մետր ճանապարհը ո՞վ ա նորոգելու, որտեղի՞ց ենք տեխնիկա բերելու, ո՞վ ա փողը տալու,- հարցնում էր գյուղի մեխանիկը,-ես հո էլ տեխնիկան ձրի չե՞մ սարքելու:
-Լավ էլ կսարքես, ձրի շատ ես կերել, էդ սիրտդ ինչի՞ ա  ճաքում, փայդ պակասել ա՞: Հերիք ա, մեր վզի կաշին քերթեցիք: Հիմի էլ դուք աշխատեք,- վրա բերեց Ասատուր քեռին, որը համարձակի համբավ ուներ մեր գյուղում և ցույցի էր մասնակցել: Նա պատմում էր, որ ցույցի ժամանակ իրեն մի բան դուր չէր եկել: Հայտարարել էին, որ Ղափանից ալյուրը բերել-հասցրել են փուռ, բայց դատարկող չկա, ու կամավորներ էին փնտրել: Բա հացը գա, հասնի Սիսիան, ու դատարկող չլինի՞: Սա էլ մի բան չի:
Զրույցին միջամտեց մեր փեսա Ռաֆիկը.
-Էսքան տարեկան մարդ եմ,բայց մի օր շնորհքով տանը տեղաշորի մեջ չեմ քնել: Տո կոլխոզի էլ, կոլխոզ գցողի էլ …Հողս տվե՛ք, տավարս տվե՛ք, տվե՛ք,- աղաղակում էր նա:
-Այ տղա, մի բորբոքվիր, տեսնում ես` Ղարաբաղի հարց կա, կռիվ մի արա, կռիվը ինքը լինելու ա,- նրան սաստեց գյուղի ավագներից մեկը:
-Կռիվը մենք ենք անելու, հեչ չիմանան, թե վախեցող կա:Գյուղ մտնող գելու դեմ պետք է հրացան հանել: Չհանես` էլի ա մտնելու: Հենա Անգեղակոթը ջոկատ ա հանել, մենք էլ կհանենք: Վախտին մի Անգեղակոթ ա եղել, մի Հայաստան: Լավ հիշեք, Անգեղակոթը մի օյին ա հանելու, որ սաղ Բաքուն շիվար մնա: Իմ խոսքը լավ հիշեցեք: Ես էլ եմ էթալու կռիվ, տղերքիս էլ եմ տանելու: Եթե պիտի արյուն թափվի, թող թափվի. բոլ եղավ, հերիք եղավ …
-Ռաֆիկ, քո քիրվա Աստան ամուն որ տեսնես, կսպանե՞ս,-խորամանկորեն հարցրեց մթնում նստածներից մեկը:
Ռաֆիկը անակնկալի եկավ ու մտածեց.
-Էդ ո՞նց կլինի: Չէ՜, էդ չի լինի:  Աստանը մեր գյուղում երեսուն տարի չոբան է եղել,բոլորի տներում էլ հաց է կտրել: Հետո էլ խեղճ մարդը կաղում էր: Աստանին ես թուրք չեմ համարում: Հալալ մարդ էր, մեր օրի մարդ էր: Աստանը չի մեր թշնամին: Աստանի համար ի՜նչ թուրք, ի՜նչ հայ, ի՜նչ նեմեց, Աստանը մարդ էր, սիրտ ուներ: Հիշու՞մ եք Ադալաթի ընտանիքը լացելով ու հառաչելով հեռացավ գյուղից: Նրա կինը փաթաթվել էր Սաթո բաջուն ու լալիս էր ու կսկծում էր: Նրանք ի՜նչ թուրք: Թուրքը ուրիշ ա լինում:
-Մենք իրենց ընտանիքները առոք-փառոք ճանապարհեցինք, ավտոյով, հացով-ջրով: Բա իրենք ի՞նչ արեցին Բաքվում, Սումգայիթում, հիմա էլ` Ղարաբաղում: Բա սրան ի՞նչ կասեք,-առարկեց Հայկ ապին:
Ու բոլորը լուռ էին: Ծխում էին ածխացած սրտի վերջին բեկորները ու տակնուվրա անում այն ամենը, ինչ մնացել էր տանջված, քրքրված հոգիներում:
Մի կողմից բորբոքվող պատերազմը, մյուս կողմից օր օրի քայքայվող տնտեսությունը, բռնել էին խեղճ մարդկանց օձիքից ու քարշ էին տալիս դեսուդեն:
-Բա հիշու՞մ եք` Ադալաթի կնկա երեխաբերեքի  ցավերը բռնել էր, Ադալաթը լաց էր լինում, ասում էր, որ կնիկը նաև հիվանդ է, որ կարող ա լավ չլինի: Հետո էլ ասում էր, որ չորս աղջիկ ունի, գոնե էս մեկը տղա լինի: Մեքենա գտանք, շրջանային հիվանդանոց տարանք, առոք-փառոք տղա ունեցավ: Մենք էլ էինք ուրախացել, հետո ոչխար մորթեց Ադալաթը, լավ ուրախացանք: Հիմի եկել ու էս օրվան ենք հասել, դե արի ուրախացիր: Աշխարհը մի օրում փոխվեց: Ադալաթի կինը ասում էր, որ թող Ալլահը ուրանա իրեն, եթե ամբողջ կյանքում չհիշի ու չպատմի, որ երեխաներին Սաթո բաջին է մեծացրել իր ծնկների վրա: Հիմա Աստանն էլ, Ադալաթն էլ սևերես են մնացել:
Նստածները հերթով լքում էին գյուղամեջը` «օրը բացվի, բարին` հետը» ասելով:
-Է՜, չեմ իմանում,-ասաց նաև ծերերից մեկը և կամաց-կամաց հեռացավ:
Չգիտես ինչու` լույսերի հետ այդ հեռավոր լեռնային գյուղում մարում էր նաև հույսը վաղվա  օրվա հանդեպ: Ի՞նչ էր բերելու վաղվա օրը, ուրախությու՞ն, տխրությու՞ն, անորոշությու՞ն, թե բոլորը միասին: Իսկ բոլորը միասին լինու՞մ է:
Մենք էլ քայլեցինք դեպի տուն:
-Ի՞նչ ես սուս կացել, ի՞նչ ես մտածում,-հարցրեց ընկերս,-ես այս մի օրը այստեղ կարծես տարի ապրեցի:
-Է՜, չեմ իմանում,-պատասխանեցի ու գտա, որ ամենաճիշտը այն ծերունին էր, որ բարի գիշեր չասաց, այլ` «է՜,չեմ իմանում»:

Հովիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *