Էդուարդ Տեր-Ղազարյան. ՆՇԱՆԱՎՈՐ ՊԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Հարցազրույց միկրոքանդակագործության հիմնադիր, երաժիշտ, երաժշտական գործիքների վարպետ, ծաղրանկարիչ, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համահիմնադիր մեր հայրենակից աշխարհահռչակ Էդուարդ ՏերՂազարյանի թոռան՝ Էդուարդ Տեր-Ղազարյանի հետ

-Հարգարժան Էդուարդ, հաճելի անակնկալ էր նշանավոր պապի ոչ միայն անուն-ազգանունը կրող, այլեւ՝  նրա գործը շարունակող թոռան հետ հենց Սիսիանում հանդիպելը եւ հարցազրույց ունենալը: Ի դեպ, հռչակավոր պապիդ հետ նույնպես հարցազրույցներ եմ վարել, որոնք պահպանվում են մեր թերթի արխիվում:

-Շնորհակալ եմ, ինձ համար էլ է հաճելի շփվել պապիկիս ճանաչող մարդկանց հետ, զրուցել, ճանաչել եւ ամբողջացնել նրա՝ սիսիանյան աշխարհը: Արդեն չորս տարի է՝ Վարպետը մեզ հետ չէ, սակայն նրա ստեղծագործությունները շարունակում են զարմացնել, հիացնել և սովորեցնել:

Պապս շատ էր կապված Սիսիանի, իր բարեկամների, հարազատների հետ եւ հաճախ էր լինում այստեղ: Վերջին անգամ մահից 2-3 տարի առաջ էր եկել: Ինձ հաճախ էր ասում՝ միասին կգնանք Սիսիան, ցույց կտամ մեր փողոցը, մեր եկեղեցին, որտեղ մեր պապերն են թաղված, կծանոթացնեմ բարեկամների հետ, ուզում էր, որ կապը պահպանվի: Ինձ թվում էր, որ Էդուարդ Տեր-Ղազարյանը դեռ երկար պիտի ապրի, դրա համար այդ հարցերով լրջորեն չէի զբաղվում, որ հատուկ վեր կենայի-գայի Սիսիան: Ցավոք, պապս մահացավ, եւ մենք չհասցրեցինք միասին գալ իր եւ իր պապերի աշխարհը, բայց ես եկա՝ լինելու նրա սիրելի վայրերում, գտնելու նրա բարեկամներին, պահպանելու այն ոգեղեն եւ նյութական  կապը Սիսիանի հետ, ինչն այնպես սիրով եւ գորովանքով պահում էր պապս: Եկել եմ իմ ընտանիքի հետ, որ իմ երեխաների մեջ էլ արմատավորվի ու մնա պապիս Սիսիանը:13934719_1182006068504491_3932952305734706804_n

-Հռչակավոր պապի ոչ միայն անուն-ազգանունը կրելը, այլեւ՝  նրա արվեստի շարունակողը լինելը ի՞նչ զգացողություն է:

-Ծանր է, իհարկե, ծանր է: Ես արդեն բավականին մեծ էի, երբ նա ինձ առաջարկեց սովորել իր մասնագիտությունը: Երբ փոքր էի, նրա գործը սովորելու երազանք կար, չնայած այդ մասին չէի խոսում, չէի ասում: Փոքր ժամանակ ինչ-որ բան էր նկարում, ասում էր՝ փորձիր, տես՝ կարո՞ղ ես նկարել: Ինչ անում էի, չէր ստացվում: Բայց երբ արդեն չափահաս մարդ էի, երբ արդեն իրավաբանի կրթություն ունեի, երբ կարծես կայացած էի, կյանքում գտել էի իմ ուղին, մի օր եկավ, դա 2009 թվին էր, ու ասաց, որ ուզում է ինձ սովորեցնել իր մասնագիտությունը: Ինձ համար դա մեծ անակնկալ էր:

– Մեզ հետ զրույցներում Վարպետն ասել էր, որ աշակերտ չունի, եւ որեւէ մեկին չի սովորեցրել իր արվեստի գաղտնիքները: Եվ միայն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ շատերը, նաեւ՝ ես, իմացանք այդ մասին, այն էլ՝ լսելով հանրահայտ անուն-ազգանունը:

– Շատ ուրախ եմ, իսկապես, շատ ուրախ եմ, կարծում եմ՝ դեռ շարունակությունը կլինի, քանի որ իր անուն-ազգանունը կրելու պատիվը ինձ վերապահելով՝ ինձ է փոխանցել նաեւ իր մասնակգիտության շարունակողը լինելու մեծ պատասխանատվությունը, գիտելիքները, խորհուրդը, որպեսզի այն կատարելագործվի եւ փոխանցվի հաջորդ սերնդին: Հենց ամբողջ իմաստը դա էր: Եւ եթե ստացվեց ինչ-որ չափով, շատ ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ մի բան անել թե մեզ համար, թե ընդհանրապես մեր ազգի համար, որ նման ընդունելություն գտավ Հռոմի Պապին արված իմ նվերը:

– Ի՞նչ աշխատանք էր:

– Երեք ամիսների աշխատանքս էր. Ֆրանցիսկոս Պապի՝ աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը՝ սաթի բեկորի վրա: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ՝ Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց եւ շնորհակալություն հայտնեց:

Միկրոքանդակագործի մասնագիտությունն ինչպե՞ս դարձավ… քոնը:

-Ես շատ եմ այդ մասին մտածել: Պապս, փաստորեն, իր գիտելիքները պատրաստի վիճակում փոխանցեց ինձ, եւ հիմա ես, երբ տիրապետում եմ նրա գաղտնիքներին, ապշում եմ, թե ինքն ինչպես է այդ ամենը բացահայտել ինքնուրույն. նա միկրոքանդակագործության հիմանադիրն է: Դա մեծ, խորը  փիլիսոփայություն է: Ցանկացած մեծ գործ սովորական մարդիկ չեն կարողանում անել, որովհետեւ ենթագիտակցորեն պատկերացնում են, որ իրենք չեն կարող անել: Բայց ցանկացած մարդ կարող է անել ամեն ինչ, եթե հաղթահարի «չեմ կարող»-ի բարդույթը: Սա է խնդիրը: Էդուարդ Տեր-Ղազարյանի մեծությունը հենց դրա մեջ էր… Յուրաքանչյուր ուսուցչի, նաեւ՝ պապիս մեծությունն այն էր, որ ինքը գտավ իր աշակերտի է՛ն ջիղը ասեմ, ինչ ասեմ, գտավ է՛ն երակը եւ կարողացավ սովորեցնել, փոխանցել եւ այնպես արեց, որ դիմացինը ցանկացավ սովորել, աշակերտի լեզուն հասկացավ: Այ, իր վարպետությունը մեծ առումով դրա մեջ էր, որ ինքը հաDSC04721սկացավ իմ լեզուն եւ կարողացավ սովորեցնել: Նա ասում էր՝ սկսիր, նստիր եւ աշխատիր: Սկսիր: Անկախ ամեն ինչից՝ սկսիր: Հենց դու նստում ես, նյութը վերցնում ես ձեռքդ ու գիտակցում, որ ինչ ես սկսում, քո մեջ գերբնական ուժեր են ծնվում, ու հասկանում ես, որ դու արդեն սկսել ես: Շատ մեծ էր նրա՝ սովորեցնելու պատրաստակամությունը: Պապս, ընդհանրապես, շատ մեծազդեցություն է ունեցել իմ աշխարհայացքի ձեւավորման վրա: Նրա հետ շփվելուց հետո իմ աշխարհայացքը 180 աստիճանով փոխվեց:

– Իսկ իրավաբանի մասնագիտությունն ու ստացած կրթությո՞ւնը:

– Դա հիմա ինձ համար այնքան հասարակ մի բան է: Եթե այն ժամանակ պատկերացնում էի, որ իրավաբան դառնամ՝ ինչե՜ր կանեմ, այսօր դա շատ հասարակ միտք է ինձ համար: Հիմա անիմաստ եմ համարում դրա վրա ծախսված տարիները և ջանքերը: Ցանկալի կլիներ, որ ավելի վաղ տարիքում սովորեցներ, եւ այդքան ժամանակ ու տարիներ չկորցնեի, սակայն, երեւի, ինքը տեսնում էր, որ ես դեռ պատրաստ չեմ ընկալելու իր մասնագիտությունը: Երբ հասունացավ ինձ սովորեցնելու՝ իր պատկերացրած ժամանակը, նոր միայն սովորեցրեց:

– Այլեւս չկա ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանը, բայց, բարեբախտաբար, նրա արվեստը ոչ միայն պահպանվեց, այլեւ՝ շարունակվում է:

– Կյանքում ամեն ինչն է անցողիկ, եւ այդպես էլ պետք է լիներ: Դա բնությունն է: Հետագայում ես էլ չեմ լինի, կմնան իմ սերունդները:

– Առաջին անգամը լինելով Էդուարդ Տեր-Ղազարյանի Սիսիանում, ի՞նչ աշխարհ, ի՞նչ հոգեւոր տարածք էր այն քեզ համար:

– Այսպես ասեմ. Սիսիանն ինձ համար մի քանի նշանակություն ուներ. նախ՝ ինչ-որ չափով հոգու պարտք էր՝ լինել պապիս հայրենիքում: Նրա մահից հետո մի ծանրություն կար հոգուս վրա: Եկա, տեսա, այցելեցի եկեղեցի, պարտքս կատարեցի իմ առջեւ եւ պապիս առջեւ, ճիշտ է, չստացվեց միասին գալ, բայց գոնե ես եկա: Մյուսը՝ շատ կարեւոր էր, որ ես ճանաչեցի Սիսիանի ժողովրդին, սիսիանցիներին ընդհանրապես: Եթե դու ճանաչում ես քո արմատները, եթե դու հասկանում ես, թե որտեղից ես, ավելի ամուր ես կանգնում այդ հողի վրա: Ես հիմա ավելի ամուր եմ Սիսիանում: Խճանկարի պես կարծես ամեն ինչ իր տեղն ընկավ: Դու հասկանում ես՝ որտեղից ես գալիս, որտեղ են քո արմատները: Սա է հիմնականը: Առաջին այցելությունս էր, վստահաբար՝ վերջինը չի լինի: Ես չգիտեմ՝ ինչն է ինձ ձգում այստեղ, սակայն կուզենայի, որ Սիսիանն ավելի զարգացած լիներ… Բայց ես կգամ Սիսիան՝ անկախ ամեն ինչից…

– Մտադրություն չունե՞ս Սիսիանում ցուցահանդես բացելու:

– Մեծ հաճույքով ցուցահանդես կբացեմ ոչ միայն Սիսիանում, այլեւ՝ Արցախում: Ես անհատական ցուցահանդեսներ չեմ արել, կարող էի, բայց չեմ արել. ուզում եմ հնարավորություն տալ այցելուներին միաժամանակ ծանոթանալ պապի եւ թոռան ստեղծագործություններին: Ինչպես իմ բոլոր ցուցահանդեսները, դա էլ կլինի պապիս աշխատանքների հետ համատեղ: Ինձ համար մեծ պատիվ է ցուցադրել իմ աշխատանքները նրա ստեղծագործությունների կողքին: Դա նաեւ մեծ պատասխանատվություն է. լինելով նրա անվանակից թոռը եւ այդ եզակի արվեստը շարունակողը, պետք է ամեն ինչ անել՝ մասնագիտական առումով, որպեսզի պապիս աշխատանքների կողքին ցուցադրելիս իմ աշխատանքներն էլ լինեն որակապես շատ բարձր: Կարծում եմ՝ այսքան տարիներ քրտնաջան աշխատելով, ինձ հաջողվել է հասնել այն մակարդակին, որ պարզ ճակատով կարող եմ ցուցադրվել: Բայց այս ամենը դեռ սկիզբն է: Ցուցահանդեսները կլինեն անվճար, դա ոչ բիզնես է, ոչ էլ՝ գումար աշխատելու եղանակ, որովհետեւ Վարպետի աշխատանքները տեսնելու ծարավը կա: Դա ուղղակի մեկ անգամ եւս սիսիանցիներին կհիշեցնի, որ աշխարհահռչակ Էդուարդ Տեր-Ղազարյանն իր արմատներով այստեղից է, եւ այդ կապը անքակտելի է…

– Էդուարդ Տեր-Ղազարյանը մի քանի աշխատանք է նվիրել Սիսիանի եկեղեցուն:

– Պապիս՝ Սիսիանի եկեղեցուն նվիրած աշխատանքները կատարյալ են: Բայց դրանք պատշաճ չեն ցուցադրվում, որովհետեւ լուսավորությունը ճիշտ չի արված: Ես խոստացա, այդ մասին խոսեցի նաեւ Զավեն հայրիկի հետ, ամբողջությամբ վերափոխել ցուցադրությունը, յուրաքանչուր աշխատանք պիտի ունենա իր առանձին լուսավորության կետը, որպեսզի յուրաքանչուր աշխատանք իր ողջ շքեղությամբ ու գեղեցկությամբ ներկայանա դիտողին: Բոլոր աշխատանքները պետք է ունենան այն կատարելագործված վիճակը, ինչին որ պապիս հետ հասել էինք վերջին տարիներին: Այդ աշխատանքները մարդիկ կտեսնեն իրենց ողջ հմայքով, միկրոքանդակները կունենան գրավոր բացատրություններ՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Իմ խորին համոզմամբ՝ մեր ազգը աշխարհի ամենատաղանդավոր ազգերից է, ամենատաղանդավորը…. Մտածում եմ նաեւ Էդուարդ Տեր-Ղազարյանի անվան մանրաքանդակի դպրոց հիմնել եւ այդ արվեստը սովորեցնել երեխաներին: Դա կլինի աշխարհում առաջինը: Տաղանդավոր երեխաները պիտի գան-սովորեն:

Ի՞նչ կավելացնես մեր զրույցին:

– Ուրախ եմ Սիսիանում լինելու համար, պապիս անցած տեղերով քայլելու համար, բարեկամներիս, ազգականներիս այցելելու, պապիս ճանաչողների հետ շփվելու, հաղորդակցվելու համար: Որպես նրա անմիջական ժառանգ, ինձ մտահոգում է նաեւ Վարպետի՝ թանգարան ունենալու հարցը: Աշխատում ենք այդ ուղղությամբ: Վերջում ուզում եմ ասել՝ պապ ջան, հիշատակդ՝ վառ, գործդ՝ անմահ: Ամեն ինչ կանեմ, որ դու էլ տիեզերքից մեզանով հպարտանաս, ինչպես մենք՝ քեզանով:

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

27.09.2016

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *