ԷԼԻ` ԵՐԿՆՔԻ ՀՈՒՅՍՈՎ, ԷԼԻ` ԵՐԿՆՔԻ ՀՈՒՅՍԻՆ

Թեեւ այս տարի գարունը «ուշացավ», բայց, միեւնույն է, գալու է` հողի մարդուն կանգնեցնելով ավանդական հարցերի ու խնդիրների առջեւ. ինչպիսի՞ն կլինի այս տարվա տարին, հողի մարդն, արդյոք, ինչպե՞ս է սկսելու գյուղատնտեսական աշխատանքները, եւ պատրա՞ստ է, ադյոք, նա:

Երբ այս հարցերի շուրջ ու այդ հարցերով մտահոգ զրուցում էինք Սյունիքի մարզպետի խորհրդական Քաջիկ Խաչատրյանի հետ, ասաց, որ երկրի կառավարությունն այսօր մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը, ինչի վկայությունն են նաեւ գյուղնախարարության բազմաթիվ նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնց նպատակը հենց գյուղատնտեսության զարգացումն է, հողի մարդու` հոգսը կիսելն ու օգնելը: Եվ որպես դրա հավաստիացում նշեց, որ այս տարի գյուղացուն կհատկացվի շուկայականից էժան գներով պարարտանյութ, դիզվառելիք, որ լուծված է սերմացուի հարցը, բանկերն էլ տրամադրում են գյուղատնտեսական վարկեր: Հակադարձելով նրան` հիշեցրեցինք, որ անցյալ տարի էլ էր շուկայականից էժան գներով պարարտանյութ հատկացվել, ինչը, սակայն, վաճառվեց ավելի բարձր գներով, մարզպետի խորհրդականն ասաց, որ անցյալ տարի հետեւողականություն ու հսկողություն չի եղել, ինչն այս տարի բացառեց: Կառավարության` գյուղատնտեսության նկատմամբ դրսեւորած ուշադրության եւ հետաքրքրվածության վկայություն համարեց նաեւ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակումը, որի բաղադրիչներից մեկը կոոպերացիաների կազմավորումն ու ձեւավորումն է, ինչի կայացման ճանապարհով է, ըստ նրա, հնարավոր գյուղատնտեսության զարգացումը: «Ինքս անձամբ այն կարծիքին եմ,- ասաց Քաջիկ Խաչատրյանը,- որ որպես գյուղատնտեսության վարման եղանակ դրանք այնքան էլ շուտ եւ այնքան էլ արագ չեն կայանա, քանի որ, նախ, կամավոր հիմունքներով պետք է ստեղծվեն, երկրորդ` կոոպերացիա կազմող գյուղացիներն ու ֆերմերները պիտի ժամանակի ընթացքում գան այն համոզման, որ կոլեկտիվ ձեւով գյուղատնտեսություն վարելը ոչ միայն նպաստավոր է, այլեւ` առավել արդյունավետ ու համեմատաբար հեշտ, իսկ դրա համար տասնամյակներ են պետք»: Մեր մտավախությանը, թե կոլխոզների օրինակով այն չի՞ վախեցնի եւ խրտնեցնի հողի, գյուղի մարդուն, Քաջիկ Խաչատրյանը փարատեց մտահոգությունն ասելով, որ դրանք նախկին կոլխոզները չեն, բայց` կոլեկտիվ տնտեսությունները կոոպերացիայի ամենալավ օրինակներն էին: Իսկ մեր` արդյո՞ք դա էլ հերթական մի փորձարկում չէ գյուղատնտեսության գլխին, ինչպես` կալխոզներն էին, ինչպես` հողերի եւ անասնագլխաքանակի սեփականաշնորհումն էր, ասաց, որ կյանքը ինքն է մարդկանց համոզել եւ կհամոզի, որ միայնակ հնարավոր չէ լիարժոքորեն մշակել 2-3 հեկտար հողը` պահպանելով ցանքաշրջանառությունը, ինչը կարելի է անել համատեղ ուժերով եւ համատեղ միջոցներով: «Ֆերմերային տնտեսությունների հզորացումը միայն կփրկի գյուղատնտեսությունը: Կոոպերացիան լավ գաղափար է, բայց` ժամանակատար, իսկ դրա լուծման միակ ճանապարհը ֆերմերային տնտեսությունների հզորացումն է, որը մեխանիկորեն կտանի կոոպերացիաների ստեղծմանը»: Եվ որպես դրա հիմնավորում բերում է մեր տարածաշրջանում արդեն ստեղծված մի շարք ֆերմերային տնտեսությունների օրինակը, որոնք զբաղվում են անասնապահությամբ, սերմարտադրությամբ, հողագործությամբ: Իսկ մինչ այդ…
Իսկ մինչ այդ մեր գյուղացին պիտի շարունակի նույն կամ` նախկին ձեւով իր արտ ու դաշտը վարել, իր ցորեն-գարին հնձել` ինչպես նախորդ բոլոր եւ գալիք շատ այլ տարիներին:
Եվ, այնուամենայնիվ, որքան էլ կառավարությունն ու գյուղնախարարությունը գեղեցիկ ծրագրեր են մշակում, հանդես են գալիս նոր ու խոստումնալից նախաձեռնություններով, մեր տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացման լուրջ ձեռքբերումներ, կարծում ենք, հազիվ թե արձանագրվեն: Իսկ գյուղացին էլ, ինչպես միշտ, շարունակում է տրտնջալ ու դժգոհել, որ ինքը մենակ է իր հոգսի հետ, որ պետական աջակցությունը փոքր է, իսկ իր տանջանքն ու չարչարանքը չեն տալիս այն արդյունքը, ինչը համազոր պիտի լինի այդ տանջանքին: Մյուս կողմից` բարոյապես ու ֆիզիկապես մաշված գյուղտեխնիկան, որը տնօրինվում է մասնավորի կողմից եւ նրա հայեցողությամբ, հազիվ թե լավ վար ու ցանքի, լավ բերքահավաքի երաշխիք լինի: «Թեեւ քիչ քանակությամբ, բայց գյուղտեխնիկա նույնպես բերվում է»,-ասաց Քաջիկ Խաչատրյանը:
Պատասխանելով տարածաշրջանի չմշակվող վարելահողերի մասին մեր հարցին` նա ասաց, որ այն պայմանավորված է մի քանի հանգամանքով. քանի որ դրանք հեռու են, եւ գյուղացին այդ պատճառով չի կարողանում մշակել, այն վերածում է խոտհարքի, վարելահողերի մի զգալի մասը գտնվում է սահմանամերձ տարածքում, եւ որ` շատ սեփականատերեր բացակայում են երկրից` անմշակ թողնելով իրենց հողաբաժինները: Իսկ սակավահող մեր երկրում վարելահողի հետ այդպես անհարգալից եւ անփույթ վարվելը «շռայլությո՞ւն չէ» եւ դրանից հողերը չե՞ն կորցնում իրենց նշանակությունը հարցադրման հետ համամիտ լինելով մարզպետի խորհրդականը կրկին շեշտեց, որ հենց այդ հանգամանքները ժամանակի ընթացքում մարդկանց կմղեն կոոպերացիաների ստեղծմանը եւ կհամոզեն դրանց արդյունավետությունը:
Որքան էլ թեորեապես գեղեցիկ խոսքեր ասվեն, որքան էլ հուսադրող, բայց` անծանոթ ծրագրեր մշակվեն, միեւնույն է, մեր հողի մեր մարդը միշտ աչքի առաջ ունի դառը դատելու եւ դատարկ նստելու տառապանքի փորձը, եւ ապավինել է ու շարունակում է ապավինել ինքն իրեն, իր կամքին ու իր ձեռքին:
Ինչպիսի՞ն կլինի գյուղատնտեսական տարին եւ որքանո՞վ բարենպաստ կամ պակաս նպաստավոր էին առատ տեղումները, եւ կանխատեսելի՞ են արդյունքները մեր հարցերին Քաջիկ Խաչատրյանն ասաց, որ վերջին առատ տեղումները շատ նպաստավոր են գարնանացանի համար, իսկ տարվա սկզբի տեղումները` աշնանացանի, եթե այն  ցանված լինի ժամանակին եւ հասցրած լինի թփակալել: «Նախադրյալներ կան, որ այս տարի գյուղատնտեսական տարին լավ է լինելու»,-ասաց Քաջիկ Խաչատրյանը` չմոռանալով հավելել, որ գյուղատնտեսությունն, այնուամենայնիվ, այն ոլորտն է, որի բախտն ու ճակատագիրը միշտ էլ կախված է …երկնքից:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ      

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *