ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ…

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը օրերս հանդիպում է ունեցել համայնքային ենթակայության թիվ 4 նախակրթարանի կոլեկտիվի անդամների հետ, եւ, թուրը  կապած, դժգոհել մանկապարտեզի տնօրեն Սեդա Նազարյանի աշխատանքից, նրա հետ խոսել չափազանց կոպիտ եւ անհարգալից՝ կոլեկտիվի անդամների ներկայությամբ, անտեսելով, որ նրանք կանայք են, երկար տարիների վաստակ ունեցող մանկավարժներ, ովքեր սերունդ ու երեխա են կրթում:
Կոլեկտիվի անդամների ներկայությամբ կոպտորեն մերժելով տնօրենի՝ իրեն ներելու աղերս-խնդրանքը, Աղասը հայտարարել է, որ «Արեւիկին (թիվ 1 մակապարտեզի տնօրեն Արեւիկ Գասպարյան.- խմբ.) ներել է եւ փոշմանել, Սեդային չի ներելու»: (Մենք դեռ կանդրադառնանք Աղասու՝ Արեւիկ Գասպարյանին «ներելուն):
«Ճի՞շտ է, արդյոք, որ իրեն  ազատել են աշխատանքից» մեր հարցին Սեդա Նազարյանը ոչ հաստատեց ոչ էլ հերքեց, ասելով՝ «Աշխատանքի մեջ չեմ, ազատված էլ չեմ, որովհետեւ արձակուրդում եմ» եւ չժխտեց, որ քաղաքապետը դժգոհել է իր աշխատանքից: Իսկ թե ինչից է դժգոհել, չցանկացավ ասել, հավելեց միայն, որ երբ դրա անհրաժեշտությունը լինի, ինքը կասի: Միաժամանակ նշեց, որ քաղաքապետից ինքը դժգոհ չէ, ուղղակի ինչ-որ մեկը նրան դրդել է իրեն ազատել աշխատանքից, թե ով, դա էլ մնա նրա խղճին:
Քաղաքապետին մասնավորապես զայրացրել է այն, որ մանկապարտեզի տնօրենը արձակուրդ գնալիս հիմնարկում չի թողել կնիքը եւ տարել է իր հետ, ինչի համար Աղասը հանդիմանել է նրան՝ «Ժառանգություն էի՞ր ստացել կնիքը» ասելով: Իսկ երբ հուսահատ տնօրենը փորձել է արդարանալ եւ ինքնապաշտպանության համար դիմել է կոլեկտիվի՝ կարկամած ու տեղում «չորացած» անդամներին՝ «աղջիկներ, խոսեք» ասելով, Աղասը կոպտորեն ընդհատել է նրան սաստելով՝ «Ես թույլ եմ տվե՞լ, որ աղջիկները խոսեն»:
Դե, երեւի, մակապարտեզն էլ, կոլեկտիվախառը, Աղասն էր իրենց տնից «ժառանգություն ստացել»՝ նրանց հետ վարվելու այնպես, ինչպես ցանկանում է, ինչը միայն դաստիարակության պակասի մասին պիտի որ փաստի:
Թիվ 4 մանկապարտեզը շառ ա… հաստատ:
Հիշեցի եւս մեկ միջադեպ՝ կապված նույն մանկապարտեզի հետ, երբ երեխաներից մեկի տատը՝ Եվգենյա Ներսիսյանը «Մենք գնալու ենք, մնացողների համար եմ մտահոգ» վերնագրով հոդված էր գրել մեր թերթում (մայիսի 29, թիվ 5(163) իր անհանգստությունն արտահայտելով մանկապարտեզում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, հակամանկավարժական երեւույթների շուրջ եւ տնօրենին տեղեկացրել, որ կբողոքի քաղաքապետարանում, քանի որ տնօրենը անտեսում է իր մտահոգությունները, ինչին ի պատասխան Սեդա Նազարյանն ասել էր՝ «Մի ծնողի պատճառով ինձ ի՞նչ պիտի անեն, գնա բողոքիր»:
Տնօրենն այդ ժամանակ ըստ էության ճիշտ էր ասել, որովհետեւ ոչ միայն մեկ, այլեւ՝ հազար ու մեկ ծնողի բողոքի դեպքում էլ Աղասը ոչինչ չէր անելու: Դրանում համոզված է եղել նաեւ տնօրենը…
Ուղղակի՝ հիմա Սեդա Նազարյանի՝ աշխատելու «լիմիտն է այլեւ սպառվել»: Աշխատելու չորս տարին էլ լիուլի բավարար է՝ նրա «բերած ընտրաձայների» դիմաց: Մենակ հո ինքը չի: Համ էլ հիմա ոչ ընտրություն կա, ոչ բան՝ իսկ բազմաթիվ «ընտրաձայնատերեր» դեռ հերթի մեջ են. Սիսիանում էլ Աղասը որտեղի՞ց նոր աշխատատեղ «հորինի» նրանց համար: Սեդա Նազարյանն էլ ուզում է լավ աշխատեր, ուզում է՝ վատ աշխատեր… Նրա ժամանակը սպառվել էր… Եվ նրան չէր օգնելու ոչ նրա բարգավաճ լինելը, ոչ՝ գեղեցիկ խոսելն ու ամեն առիթով Սիսիանի քաղաքապետին մեծարել-գովերգելը, ոչ՝ նրա խնդիրները ամենատարբեր ատյաններին, անգամ՝ ՀՀ նախագահին լսելի դարձնելու վարպետությունը: Ուղղակի զարմանալին Սեդա Նազարյանի «միամտությունն է». «նրա արյո՞ւնն էր կարմիր նախորդ «ազատվածների» արյունից, թե՝ «ավել հունար դուրս կգա ձեռից»…  Աղասու «դավթարում» Սեդա Նազարյանին աշխատանքից ազատելու «վճիռը» արդեն կայացված է…
Գուցե այս հոդվածի «ջգրու» Աղասը տնօրենին դեռեւս չազատի աշխատանքից, մենք միայն ուրախ կլինենք, բայց… Այսպես թե այնպես՝ Սեդա Նազարյանն արդեն Աղասու հերթական զոհն է հենց միայն նրա համար, որ մանկապարտեզի կոլեկտիվի անդամների ներկայությամբ այդքան անխնա եւ անողոք, անհարգալից ու արհամարհանքով հեգնել է նրան, կոպտել ու վիրավորել, երեսով տվել նույնիսկ, որ «եթե նա աշխատողներից մեկին մի տեղ է թույլատրում գնալ, անպայման մի բան է ուզում», (ինչո՞ւ հանկարծ նոր իմացավ…):
Իսկ մանկապարտեզի կոլեկտիվի անդամներն արդեն, վերոհիշյալ հանդիպմանը հաջորդած՝ երկրաշարժի զոհերի հուշաքարին հարգանքի տուրքի սգերթի ժամանակ այլեւս խուսափում  էին տնօրենի հետ քայլել՝ նրան թողնելով գրեթե միայնակ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
12.12.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *