ԷԼԻ ՆՈՒՅՆ ԳՅՈՒՂՆ Է, ՆՈՒՅՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կառավարության` վերջին շրջանում գյուղի եւ գյուղատնտեսության նկատմամբ ցուցաբերած ուշադրության խորապատկերում որոշեցինք զրուցել գյուղի եւ գյուղատնտեսության հետ անմիջապես կապ ունեցող, նրա հոգսերն ու խնդիրները սեփական մաշկի վրա զգացող եւ նաեւ` գյուղի խնդիրների լուծման համար կոնկրետ պատասխանատվություն կրող անձնավորության` համայնքի ղեկավարի հետ:
Մեր զրուցակիցը Գորայքի համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանն է: Գորայքը տարածաշրջանի այն 5 համայնքներից մեկն է Ծղուկի, Սառնակունքի, Սպանդարյանի, Շաքեի հետ միասին, որոնք ընդգրկված են կառավարության պիլոտային ծրագրերի մեջ:

-Պարո՛ն Առուստամյան, վերջին շրջանում, կարծես, հայրենի կառավարությունը դեմքով շրջվել է դեպի գյուղը. այցելություններ, խնդիրների բարձրաձայնում, քննարկումներ, առաջարկություններ, ծրագրեր: Գյուղը եւ գյուղատնտեսությունը վերակենդանացնելու հավատ ներշնչու՞մ է, թե՞…
– Հենց սկզբից ասեմ, որ հիմա չպետք է գային, շուտ պիտի գային, երբ գյուղը եւ գյուղացին դեռեւս մի քիչ լավ վիճակում էին: Այն ծրագրերը, որ հիմա փորձում են իրականացնել կոնկրետ Գորայքում, եթե մի քանի տարի առաջ սկսեին, ասենք, թեկուզ, 4-5 տարի, ավելի քիչ միջոցներով ավելի շատ արդյունքների կարելի կլիներ հասնել: Եթե անցած տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի գոնե մի քիչ օգնեին գյուղին եւ գյուղացուն, այն այսօր այդքան օրհասական չէր լինի, որքան որ հիմա է: Համեմատությունը կոնկրետ իմ օրինակով բերեմ. մինչեւ 2009 թ.-ը ունեի 40 գլուխ խոշոր, հիմա` 9 գլուխ: Գլխաքանակը պակասեցրեցի, որովհետեւ դաշտ էի ցանում, բերք չէր լինում, վարկ էի վերցնում, տոկոսները փակել չէր լինում: Թե հիմա քանի տարի կպահանջվի նախկին ցուցանիշները վերականգնելու համար, ինքներդ հաշվեք: Իսկ դրանք կորցրած տարիներ են: Նույնը կարող եմ ասել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող մյուսների համար: Բանը հասավ նրան, որ գյուղն ու գյուղացին այսօր հայտնվել են «կյանքից դուրս» վիճակում եւ միայնակ:
Բայց, ինչպես ասում են, լավ է` ուշ, քան` երբեք:
-Իսկ` այսքան ուշացրած, հնարավո՞ր է կենդանություն տալ հոգեվարք ապրող հատկապես մեր լեռնային գյուղերին եւ գյուղատնտեսությանը:
– Զգացվում է, որ ցանկանում են մի բան անել, եւ դրանից կարծես գյուղի մարդու տրամադրությունը մի քիչ բարձրանում է: Այս քայլը կարծես գարնան ծիլ լինի, որ պիտի աճի, արդյունք տա: Դրանից հետո շատ բան կա անելու, որ կարողանանք հասնել գոնե մի քանի տարի առաջվա մակարդակին: Բայց եթե իսկապես ուզում են երկիր պահել, գյուղատնտեսություն զարգացնել եւ այն որոշակի մակարդակի հասցնել, գյուղատնտեսության մեջ մեծ ներդրումներ պիտի արվեն:
– Գորայքը տարածաշրջանի այն 5 համայնքներից մեկն է, որտեղ կառավարությունը պիլոտային ծրագրեր է իրականացնում: Ի՞նչ ծրագրեր են:
– Այն ծրագրերը, ինչ կառավարությունն առաջարկում է մեզ, անհրաժեշտ են: Բայց, ծրագրեր առաջարկելուց առաջ, կարծում եմ, նախ` գյուղացուն պիտի հարցնեին` ի՞նչն է իր համար առաջնահերթ, հետո նոր ծրագրերը կազմեին եւ ներկայացնեին: Ինչ իրենք են առաջարկում, թեեւ շատ կարեւոր է եւ շատ անհրաժեշտ, բայց` առաջնային չէ:
Գորայքի համար մշակվել է 240 հազար դոլարի ծրագիր, որի մեջ ներառված է նոր տեխնիկայի ձեռքբերումը, հեռագնա արոտներում խմոցների տեղադրումը եւ կացարանների կառուցումը, 140 հեկտար բազմամյա խոտերի ցանքսը` ենթացանքով, ոռոգման ջրատարի վերանորոգումը եւ արոտներ տանող ճանապարհի մասնակի վերանորոգումը: Մասնակի, քանի որ Գորայքում տեղակայված «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն նույնպես բարեկարգում է այդ ճանապարհները, որտեղ գործունեություն է  իրականացնում նաեւ ինքը:2011_37
Ծրագրի իրականացման համար (յուրաքանչյուրին` առանձին) պահանջվում է նաեւ համայնքային ներդրում` 5-50 %-ի չափով, ինչի հնարավորությունը համայնքը չունի: Նորից ստիպված ենք հովանավոր փնտրել, դռնեդուռ ընկնել` համայնքային ներդրման խնդիրը լուծելու:
– Իսկ ի՞նչ սկզբունքով են հատկապես այդ 5 համայնքներն ընտրվել եւ ընդգրկվել կառավարության պիլոտային ծրագրերում: Մեր կարծիքով, Գորայքը, համեմատաբար, շատ ավելի բարվոք վիճակում է, քան, ասենք, Մուծքը, Անգեղակոթը, Լծենը, Լորը:
– Կառավարությունն ինքն է ընտրությունը կատարել: Թե ինչ ցուցանիշներ են հաշվի առնվել, թե որ գյուղն է ապահով, որը` անապահով, չգիտեմ: Մեր պարագայում, կարծում եմ, նպաստած պիտի լինի նաեւ մեր արոտների ծավալը: Վերջին վարչատարածքային բաժանման ժամանակ Գորայքի վարչական տարածքին միացվեցին նաեւ Ույծին, Նորավանին եւ այլ համայնքների` նախկինում պատկանած տարածքները, որ հեռավորության պատճառով չեն օգտագործվել, թեեւ դրանով այդ տարածքները չեն դադարում լինել պետական ֆոնդի հողեր: Ունենք մինչեւ 16 հազար հեկտար արոտ:
Հարեւան գյուղերը` Ծղուկը, Սառնակունքը, ընդգրկված են պիլոտային հաջորդ փուլում, բայց, իմ կարծիքով, ավելի շատ աջակցության կարիք ունեին, իսկ Սպանդարյանը, որ Վերին գոտու համայնքների մեջ ամենաանմխիթարն է, դուրս է մնացել այսօրինակ ծրագրից: Ահա սա է, որ հենց սկզբում ասացի, որ իրեն` գյուղին եւ գյուղացուն պիտի հարցնեն, թե ինչն է առաջնային իր համար, ինքն ինչի կարիք ունի, հետո նոր գյուղը մահացումից փրկելու ծրագրեր առաջարկեն եւ ձեռնամուխ լինեն դրանց իրականացմանը: Ծրագրում ընդգրկված շահառուներին հատկացվող գյուղատնտեսական վարկի տոկոսադրույքը նույնպես բավականին մատչելի է. Գորայքի շահառուներին վարկը տրվում է 4% տոկոսադրույքով:
-Լա՛վ, հիմա կոնկրետ հարց. ի՞նչ է ուզում գյուղացին, ի՞նչն է այսօր առաջնային գյուղի համար:
– Վառելիք, որակյալ սերմացու, ցածր տոկոսներով գյուղատնտեսական երկարաժամկետ վարկ, պետական սուբսիդիա, գյուղտեխնիկա, ցանքաշրջանառության ապահովմամբ` կերի կայուն բազայի ստեղծում, որ դաշտերն այնքան ժամանակ անմշակ չթողնենք, որ աճած խոտը որեւէ բանի պիտանի չլինի:
86 թ.-ի արտադրության մեկ կոմբայն ունի Գորայքը, բերեին, ասենք, այս 4 գյուղերի համար 2 կոմբայն տային, դա կլիներ կոնկրետ աջակցություն: Բերքահավաքի ժամանակ այնքան ենք սպասում, մինչեւ Ղարաբաղի հունձն ավարտվի, որ հետո գան այստեղ հնձեն կամ` չգան:
Գորայքն ունի 1492 հեկտար վարելահող, ցանվում է ընդամենը 60-70 հեկտարը: Պետական սուբսիդավորման ժամանակ ցանքսը հասել էր 334 հեկտարի, սուբսիդիան կտրվեց, ցանքսը նորից կրճատվեց:
Գյուղատնտեսական այս եռուն շրջանում դիզվառելիքը թանկացավ, պարարտանյութը թանկացավ, հաճարը, որ մեր տարածքում լավ բերք է տալիս, 1 կգ-ը 300 դրամ է, նախորդ տարիներին մենք այն վաճառել ենք 60 դրամով, գյուղատնտեսական վարկը տրվում է 18-24%-ով: Ամենամեծ գյուղատնտեսական մարզը Սյունիքն է, Սյունիքում` Սիսիանը, ամենաքիչ սերմացուն է տրվել: Այդպես են ասում: 2 տոննա տրվել է մեր համայնքին, ո՞նց բաժանես, ո՞ւմ բաժանես, որ եւ արդար լինի, եւ կռիվ չլինի, եւ` նպատակային լինի:
– Որպես գյուղ, Գորայքի հիմնախնդիրները նո՞ւյնն են, ինչ որ մնացած գյուղական համայնքներում, օրինակ, ասենք, Դարբասում:
– Գյուղատնտեսությամբ զբաղվելու առումով` հիմնականում նույնն են: Ինչ հիմնախնդիր նշեցի Գորայքի համար, գրեթե նույնն է նաեւ մյուս գյուղերի համար: Տարբերությունը բնակլիմայական պայմանների մեջ է. մեր ջեռուցման ծախսը 8 ամսվա համար է, Ձորերում` 3-4, մենք միրգը, բանջարեղենը գնում ենք, նրանք արտադրում են, մենք մայրուղուն մոտ ենք, ինչը նպաստավոր է առեւտրի համար, նրանք հեռու են: Բայց, ըստ էության, բոլոր գյուղերը նույն գյուղատնտեսական, սոցիալական, կայունացման խնդիրներն ունեն, բոլոր գյուղացիները` նույն գյուղատնտեսական հոգսերը:
– Գորայքում իրականացվող ծրագրերն, ըստ Ձեզ, ե՞րբ արդյունք կտան, որ կարելի լինի խոսել դրանց արդյունավետության կամ անարդյունավետության մասին:
– Հարցը հետաքրքիր է մի քանի առումով: Այս ծրագրի շրջանակներում ընտրել ենք ասոցիացիա, ստեղծել արոտօգտագործողների արտադրական կոոպերատիվ, որի մեջ ընդգրկվել են անասնապահությամբ զբաղվող 88 տնտեսություն: Եթե ծրագիրը հաջողեց, շատ լավ, եթե չհաջողեց, կարծում եմ` նախկինի պես շուռ չենք գալու պետությանը հայհոյենք ձախողման համար, քանի որ թե՝ իրականացնողը, թե՝ ձախողողը մենք` ասոցիացիայի անդամներս ենք լինելու: Մյուս կողմից` հենց այստեղ է, որ պիտի երեւա` աշխատող ժողովուրդ ենք, թե` ծույլ, իսկապես ստեղծող ենք, թե` պետության առաջ վիզ ծռող:
Բայց նաեւ խնդրի մյուս կողմն էլ կա. գյուղատնտեսական վարկը տրվում է 2 տարի մարման ժամկետով, ինչը շատ կարճ ժամանակահատված է գյուղատնտեսության համար: Նվազագույնը 5 տարի պիտի լիներ: Մինչեւ 1 նորածին հորթը կով դառանա, 5 տարի է պահանջվում: Մեզանում արտադրողականությունն էլ դեռեւս այնքան բարձր չէ, որ կարողանաս եկամտի հաշվին վարկ փակել: Եթե վարկը վերցնում ես` կով գնես, հետո ստիպված պիտի լինես կովը վաճառել` վարկը փակել: Դառնում է` ձու ներկել-ձու ծախելու պատմությունը: Մնում է հույսը, որ, այնուամենայնիվ, լավ կլինի:
-Ո՞րն է նման ծրագրեր իրականացնելու նպատակը:
– Նպատակը էժան եւ էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությունն է, որը կբերի համայնքի, համայնքի անդամի, գյուղացու բարեկեցությանը, եւ գյուղն ու գյուղացին դուրս կգան այսօրվա չքավոր վիճակից:
– Առաջին տպավորությամբ` գյուղը եւ գյուղատնտեսությունը մահացումից «փրկելու այս առաքելության» մեջ ձեւական, ցուցադրական կողմը շատ է աչք ծակում, քանի որ նույն բարձրաստիճան պաշտոնատար այրերից մեկը 1-2 տարի առաջ ասել էր, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում, երբ հնարավոր է պարկերի մեջ հող լցնել եւ վարունգ-պոմիդոր աճեցնել, հողը կորցնում է իր նախնական դերը եւ պետք չէ այդքան տագնապ բարձրացնել սահմանամերձ, լեռնային գյուղերի քայքայման, դատարկման համար: Նման կարծիքի պարագայում հավատ ներշնչո՞ւմ են գյուղատնտեսությունը վերականգնելու եւ գյուղը փրկելու քայլերը:
– Ես կարծում եմ, որ հողը նախ սահման է, հայրենիք է, հոգեբանություն է, երկիր է, հետո նոր` գյուղատնտեսություն, արտադրանք, էկոլոգիապես մաքուր գյուղմթերք: Հողը, երկիրը սկսվում է սահմանից, ոչ թե` Երեւանից:
Պապենական խոսք էլ կա` ձեռքդ դիր ձնկանդ, կանգնիր: Բայց կարեւոր եմ համարում փոփոխությունը գյուղացու հոգեբանության մեջ: Մտածենք, որ այն գումարները, որ ներդրվում են գյուղատնտեսության մեջ, չփոշիանան, եւ արդյունք տան գյուղին թեկուզ 5 կամ 10 տարի հետո: Իսկ այս ծրագրերը համարենք գյուղը եւ գյուղատնտեսությունը վերականգնելու, վերակենդանացնելու գարնանային առաջին ծիլերը:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *