ԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ԻՐԵՆՑ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑԻՆ ՆԱԵՎ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԸ

Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ հանրապետության տարածքում անցկացվող բողոքի ակցիաներին եւ ցույցերին իրենց ձայնն են միացրել նաեւ հարյուրավոր սիսիանցիներ: Երեկ նախկին «Որոտան» կինոթատրոնի մատ կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցները իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտեցին էներգիայի թանկացման` անարդարացի եւ չհիմնավորված քայլի դեմ` այն համարելով դանդաղ մահ: Էներգիայի թանկացման հետեւանքներից մեկը, ըստ ակցիայի մասնակիցների, լինելու է այն, որ վերջին շրջանում մեծ չափերի հասնող արտագաղթի նոր ալիք է սկսվելու, եւ բազմաթիվ սիսիանցիներ հեռանալու են, իսկ Սիսիանը վերջնականապես դատարկվելու է:
«Նայեք երթի մասնակիցների շարքերին, մի երիտասարդ չկա, բոլորը թոշակառուներ են, երիտասարդները հեռացել են Սիսիանից»,-ասաց մասնակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
DSC01316Արցախյան ազատամարտի մասնակից Միսակ Գասպարյանը նշեց, որ բողոքի երթին իր մասնակցությամբ պահանջում է արդարություն, որ Սիսիանը չդատարկվի: Հույս ունե՞ս, որ այս բողոքի ակցիան արդյունք կտա մեր հարցին պատասխանեց` «հույսը պիտի ղեկավարությունը տա: Ժողովրդից կախված բան չկա, ժողովրդին հաշվի առնող չկա: Բայց ոչ միայն այսօր, ամեն օր պիտի պայքար լինի, որ մի բանի հասնենք»:
75 ամյա թոշակառու Գրիշա Սուքիասյանն ասաց, որ ստանում է ընդամենը 45 հազար դրամ թոշակ, դրանով ինչպե՞ս ապրի: Իսկ էներգիայի գների բարձրացումը ավելի կդժվարացնի կյանքը:
Բողոքի ակցիայի մասնակից Արաքսյա Մակարյանը նշեց, որ մանկավարժ է, աշխատում է Սիսիանի թիվ մեկ հատուկ-օժանդակ դպրոցում, օրեցօր աշխատաժամերը կրճատվում են, ստանում է ընդամենը 29 հազար դրամ, ամուսինը չի աշխատում, երեխաները Երեւանում են, բայց հույս հայտնեց, որ եթե բոլորը միահամուռ մասնակցեն բողոքի ակցիային, մի բան կստացվի: «Մարդիկ հույսները կորցրել են, պետք է մի կայծ, որ բոց բռնկվի: Սա համարում եմ մեր կյանքը փոխելու առաջին կայծը»,-ասաց նա:DSC01326
Բողոքի երթի մասնակիցների մեջ էր նաեւ 12 ամյա Անուշ Թումանյանը: Ասաց, որ սոցիալապես անապահով ընտանքի անդամ է, միացել է երթին, որ իր ձայնն էլ տեղ հասնի: Ասում է` թեկուզ ինքը փոքր է, բայց շատ լավ հասկանում է, որ եթե էներգիան թանկանա, շատ վատ է լինելու իրենց ընտանիքի համար:
«Բոլորը փախել են Սիսիանից, ո՞վ է մնացել Սիսիանում, սպիտակած մազերով մարդիկ են մասնակցում բողոքի ցույցին,- իր մտահոգությունն  ու անհամաձայնությունը հայտնեց Կարինե Թորոսյանը:- Չենք կարողանա ապրել, ժամանակին մեր վճարները կատարում ենք, պետությանը պարտք չենք: Իրենց գողացածի համար ինչի՞ պետք է մենք վճարենք: Ուտելիքից կտրելով, հագնելիքից կտրելով, մի կերպ գոյատեւելով վճարում ենք, հիմա որ թանկացավ, էլ ի վիճակի չենք լինի: Իմ ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Կուշտը սովածի ամսին երբեք չի մտածել: Պիտի բողոքենք, որ մի բանի հասնենք»,-հույս հայտնեց նա:
Բողոքի ակցիայ մասնակիցներին կոչով եւ պայքարից ետ չկանգնելու հորդորով դիմեց ակցիայի նախաձեռնողներից մեկը` Արսեն Ավագյանը: «Ես ինչո՞ւ, ինչի՞ համար պետք է ավելի թանկ վճարեմ: էլեկտրաէներգիայի արտադրությո՞ւնն է սկսել ավելի շատ ծախս պահանջել, (որքան գիտեմ` չկա նման բան), թե՞ սպասարկման որակն է լավացել: Սա, ինչպես երեւում է, ավելի շատ անկշտության արդյունք է»,- ասաց նա:
DSC01331Բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ պատրաստել են բաց նամակ` ուղղված ՀՀ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովին,  ՀՀ կառավարությանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին: Նամակի տակ ստորագրել են հարյուրավոր մարդիկ, ովքեր դեմ են էներգիայի թանկացմանը: Նամակում մասնավորապես նշված է, որ հատկապես մարզերի բնակչության համար, ովքեր ապրում են առավել ծանր սոցիալական պայմաններում, որտեղ գործազրկությունն ավելի մեծ ծավալների է հասնում, նման թանկացումը ծանր հետեւանքներ կունենա, եւ էլ ավելի մեծ թվով քաղաքացիների կստիպի լքել իրենց հայրենիքը, բռնել արտագաղթի ճամփան` այլեւս ետ չդառնալու տրամադրությամբ:
Բաց նամակում ՀՀ իշխանություններից պահանջում են դադարեցնել էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանն ուղղված բոլոր միջոցառումները եւ հետաքննություն սկսել ՀԷՑ-ում տիրող ֆինանսական վիճակի, հնարավոր կոռուպցիոն գործարքների եւ ֆինանսական մեքենայնությունների վերաբերյալ:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները նամակը հանձնեցին Սիսիանի քաղաքապետարան:
Նամակը գրանցվե՞ց մեր հարցադրմանն ի պատասխան Արսեն Ավագյանն ասաց` «Այն հանձնել ենք քաղաքապետարանի ներկայաչուցչին, բաց նամակ է, բոլորը լսեցին, հրապարակվեց, իսկ քաղաքապետը այն կհասցնի պատկան մարմիններին թե` ոչ, դա արդեն իր խնդիրն է: Մեր բողոքի ձայնը բարձրացնում ենք, եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»,- հավելեց նա:
Սեփական լրատվություն

28.05.2015

Մեկ Արձագանքման ԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ԻՐԵՆՑ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑԻՆ ՆԱԵՎ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԸ համար

  1. Ցավը դարձավ համընդհանուր,հոգնեցին ժողովուրդը

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *