ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ…

Վերջերս անցնում էի Երևանյան գետնանցումներից մեկով. հազար ու մի զիզի-բիզի ապրանքների կողքին նկատեցի գրքերի հատուկ ընտրանիներ, որոնք, համոզված եմ, ժամանակին իրենց արժեքն ու ըթերցողներն են ունեցել: Անցորդները շրջանցում էին հանրածանոթ հեղինակների գրքերը ու մոտենում էժանագին զիզի-բիզիներին. մեկը համաստեղության իր նշանն էր ընտրում, մյուսը՝ աչքուլունք, երրորդը՝ կախազարդ (բրիլոկ), բայց ոչ մեկը չէր նկատում Շիրազի «Հայոց Դանթեականը», Մուրացանի «Գևորգ Մարզպետունին», Թումանյանի պոեմները և շատ այլ արժեքներ:

Որքան ենք արժեզրկում ինքներս մեզ` անտեսելով արժեքավորը:

Բայց՝ ճիշտ է ասում Թումանյանը՝ «Էսպես չի մնա…»: Իսկապես՝ էսպես ոչինչ չ իմնա. ոչ ճիշտ դաստիարակված սերունդ կմնա, ոչ կրթված երիտասարդ, ոչ զարգացած ու բազմագիտակ ծնողներ կլինեն…

Իսկ ի՞նչեն կարդում հիմա. կարդում են հայտնի «աստղերի» սիրած գույնի մասին, հանգստացած վայրի, սիրեկանների ու սիրուհիների մասին, այս կամ այն երգիչ-երգչուհու՝ համասեռամոլ լինելու մասին, այս կամ այն պաշտոնյայի քրեական անցյալի մասին …կարդում են, զարմանում, իսկ երբեմն՝ ընդօրինակում (վայ նրան, ով ընդօրինակել է):

Իսկ չվաճառված գրքերի հերոսները իրեն ցհայրենասիրությամբ, ազնվությամբ այդպես էլ մնում են չընթերցված ու չճանաչված, բայց,  կարծումեմ, էսպես չի մնա…

Եվ քանի որ հոդվածս գրքերի ու ընթերցանության մասին է, չէի կարող չհիշել մի դեպք, որի ականատեսը եղա տարիներ առաջ. երիտասարդ գրադարանավուհուն հարցրեցին Սահյանի ծննդավայրի մասին, նա ժամանակ խնդրեց, որպեսզի հիշի, թե որտեղ է ծնվել Համո Սահյանը: Բայց այդպես էլ  չկարողացավ մտաբերել, ու երբ կողքից հւշեցին ճիշտ պատասխանը, ամաչելու և գլուխը կախելու փոխարեն ասաց. «տես, ասում եք չէ, բայց էլի տեղը չեմ բերում»: Մինչ օրս զարմանում եմ՝ Լորգյուղի տե՞ղը չէր բերում, թե՞ Սահյանին որպես գրող տեղը չէր բերում:

Եվ գիտե՞ք զարմանալին որն է, որ հենց այս տեսակ աշխատողներն են բողոքում ցածր աշխատավարձից…

Բայց՝ էսպես չի մնա…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

6.11.2012

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *