Ընկերներդ քո պատվին իրենց տղերքին քո անունով կոչեցին, ես էլ նրանցից մեկն եմ…

1504090524-7024

«24 տարի է անցել քո զոհվելուց, իմ ընկեր: Զոհվելուցդ հետո պատերազմը շարունակվեց ևս մեկ տարի. մերոնք հաղթեցին:
Ընկերներդ քո պատվին իրենց տղեքին քո անունով կոչեցին: Ես էլ նրանցից մեկն եմ: Գիտես` ինչ հպարտ եմ, որ քո անուն եմ կրում:
Քո գործը շարունակող նոր սերունդ է եկել: Արցախի սահմանները ամուր են:

Քո պես գրող, բայց չի ծնվել, ինձ թվում է` չի էլ ծնվի, դու ուրիշ էիր: Համո Սահյանը ասել էր, թե արդեն ժառագ ունի, և այդ ժառանգը դու ես:

Դու ճիշտ էիր. քո զոհվելուց շատերը արցունք թափեցին: Մինչև այսօր քեզ հիշում են բոլորը, դու ապրում ես, դու մեր մեջ ես:
Հայրիկս շատ բաներ է քո մասին պատմել, ինձ թվում է` այդ պատմածներով ես քեզ ճանաչում եմ: Ամեն անգամ գալով Սիսիան` առաջին քայլս է լինում գալ Պանթեոն և շիրիմիդ ծաղիկ դնել: Ես կուզեի, որ դու հիմա ապրեիր, մեր մեջ լինեիր. թող իմ անուն էլ Աղվան չլիներ, եթե դու լինեիր, հիմա քանի գրքեր գրած կլինեիր, բայց սա է կյանքը, դու հերոս ես, և դու քո հերոսությամբ կապրես դարերով: Փառք քեզ հերոս:

Օգոստոսի 30-ին Մուրադխանլուում անմահացավ Աղվան Մինասյանը»:

Աղվան Պապյան

Մորս
ժամանա՞կն էր այդ ցանկացել,
Թե՞ օրերը անցան,
Նվիրական դարձավ
Սարի փեշին կպած մի բուռ սև հող,
Տարին կռունկ դարձավ,
Երամի հետ գնաց,
Մայրս արցունք դարձավ ու դարձավ հող։
Տունը հայրենիք չէ,
Հայրենիք չէ վանքը
Հայրենիքն է հողը՝ հոր արյան հետ խառնած,
Սրբություն չէ վանքը, սրբություն է մայրը՝
Կրծքերի մեջ հոգու մեր հավատը պահած։
Հեթանոս եմ ծնվել, մնում եմ հեթանոս
Եվ ասում եմ հիմա
Ես ինձ համար, մարդիկ, և Ձեզ՝ իբրև խորհուրդ
Ուր էլ լինեմ, մայր իմ, ուր էլ գնամ,
Գերեզմանիդ հողին աղոթելու կգամ։
Աղվան Մինասյան

Բախտավոր Լինես

Փակվող աչքերս մի վայրկյան բացեմ՝
Քեզ տեսնեմ լուսե, ճերմակ շորերով,
Քեզ նայեմ ուրախ և ուրախ լացեմ,
Քեզ տեսնեմ՝ հարս ես ճերմակ շորերով:

Ու անչար ,հանգիստ, որ ոչ ոք չզգա,
Քո կողքին կագնգնեմ՝ մենակ չլինես,
Շշնջամ շիկնած փոքրիկ ականջիդ,
-Բախտավոր լինես:
Աղվան Մինասյան

ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԻՐԱՐ ԴԵՄ, ԵՒ ՊԻՏԻ ՄԵԿՍ ԶՈՀՎԻ

Մենք կանգնած ենք իրար դեմ, և պիտի մեկս զոհվի,
Տեսնես որի՞ս կտանի ճակատագիրը զորեղ,
Ես կանգնած եմ նրա դեմ՝ թող իմ մեջքը չտեսնի,
Մարդիկ ասում են, իբր, մեջքին հեշտ է կրակել։

Մենք կանգնած ենք իրար դեմ, ու մեր դիմացը՝անդունդ,
Այնտեղ կրակ են վառել և ըսպասում են զոհի,
Մեր գլխում եռք է հիմա, երակներում՝ գինի՝թունդ,
Որը երկար կմխա ուղեղի մեջ հաղթողի։

Եվ ես ելնում եմ անահ, կանգնած եմ ողջ հասակով
Ու կրակում եմ հերթով։ Փամփուշտս է մտածված։
Ես քո թիրախն եմ դարձել ու ըսպասում եմ սրտով
Քո գազազած վրեժին, քո գնդակին արձակած։

Բայց որոշված էր արդեն, և դու խփվում ես կրծքից
Ու ցատկում ես տեղիցդ վերջին ճիգով քո սրտի,
Հետո ընկնում ես հողին. — խաղաղվում է ամեն ինչ,
Ու լռություն է տիրում գեհենի մեջ ամեհի։

Հիմա գնում ենք առաջ, ու ծարավն է տանջում մեզ,
Ու քրտինքն է հեղեղում մեր աչքերը պղտորված,
Հասնում ենք մենք բարձունքին, սիրտս զգում է կարծես,
Որ այս անհուն բարձունքում մի ողջ խորհուրդ է թաղված։

Աղվան Մինասյան

 

330 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *