ԹԻԿՈՒՆՔՈՒՄ` 85-ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում հռչակված է որպես գրադարանի օր: Շնորհավորելով բոլոր գրադարանավարներին իրենց մասնագիտական տոնի առթիվ` ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություններ: Մեր մաղթանքներին է միանում  նաեւ Սիսիանի քաղաքային գրադարանի տնօրեն տիկին Անահիտ Խաչատրյանը, ում հետ զրուցեցինք գրադարանի առկա խնդիրների եւ ձեռքբերումների մասին:

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ` ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Սիսիանի գրադարանի «կենսագրությունը » սկսվում է 1925 թվականից: Փոքրաթիվ գրականությամբ գողտրիկ ընթերցասրահ, որը, անընդհատ զարգանալով, հարստանալով, տարեցտարի դարձավ կենսականորեն անհրաժեշտ կառույց: Գրադարանային կյանքում որպես հեղափոխության շրջան հիշատակվում է 1978թ.-ը, երբ ստեղծվեց գրադարանների կենտրոնացված համակարգը: Մշակույթի նախարարության նորաստեղծ գրադարանային վարչությունը հավասարապես հետեւողական էր թե՛ գյուղերի, թե՛ շրջկենտրոնների, թե՛ քաղաքների գրադարանների զարգացման եւ կայացման գործում: Սիսիանի գրադարանին հատկացվեց առանձին տարածք, ստեղծվեցին 8 բաժիններ: Ֆոնդերն ամեն ամիս, պետական ֆինանսավորումով, համալրվում էր մոտավորապես 2000 կտոր գրականությամբ, որը բաշխվում էր տարածաշրջանում գործող 39 գրադարանների միջեւ: «Գյուղերի գրադարանների վերահսկողությունը իրականացնում էր Սիսիանի գրադարանը,-հիշում է քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը,- մեթոդբաժնի աշխատակիցները մշտապես շրջայցեր էին կատարում: Համախմբված կերպով փորձում էինք տեղում եւ գյուղերում աշխուժացնել մշակութային կյանքը»: Գրադարանը դարձավ մշակութային յուրահատուկ օջախ` իր կայուն ավանդույթներով ու աշխատանքային առօրյայով:
Այս ամենը` նախկինում…
1996թ. վարչատարածքային հայտնի փոփոխությունների արդյունքում լուծարվեց նաեւ գրադարանների կենտրոնացված համակարգը: Ինչպես Սիսիանի, այնպես էլ գյուղական գրադարաններն անցան համայնքների ենթակայությանը, մեթոդական վերահսկողությունը սկսեց իրականացնել մարզային կենտրոնական գրադարանը: Ձեւավորված նոր համակարգը շատ-շատ հարցերում, ըստ Անահիտ Խաչատրյանի, զիջում է նախկինին. «Հավանաբար` մարզկենտրոնից հեռու գտնվելն է պատճառը, որ տարեցտարի գյուղական գրադարանները հետաճ ապրեցին, արդյունքում այն պատկերն է, ինչ ունենք այսօր,-ցավով նշում է տիկին Խաչատրյանը,- հատուկենտ կատարվող շրջայցերով ոչ մի վերք չես բուժի»:
Սիսիանի գրադարանում այսօր գործում է 4 բաժին, ֆոնդերը համալրվում են հազվադեպ, այն էլ` մեծ դժվարությամբ: Միջոցների սուղ պայմանները, սակայն, չեն վհատեցնում իրենց գործի իսկական նվիրյալներին, գրադարանի աշխատակիցները լավատեսորեն են տրամադրված ապագայի հանդեպ: Փաստում են, որ օր օրի վերականգնվում է կառավարության ուշադրությունը գրադարանների նկատմամբ, ասում են ու հավատում, որ մի օր սայլը, իսկապես, տեղից կշարժվի:

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Ամերիկյան դեսպանատան հետ 2009 թվականից հիմք դրված համագործակցությունը տվեց իր ցանկալի արդյունքը: 2010թ.-ին դեսպանատան ֆինանսավորմամբ գործող «Սիվիլիթաս» հիմնադրամը, գրադարանի կողմից ներկայացված ծրագրի շրջանակներում, հատկացրեց 1 մլն 250 հազ դրամ` գրադարանում առկա խնդիրների լուծման նպատակով: «Ժամանակակից գրադարան կոչվելու բոլոր նախադրյալները դրվեցին,- ասում է Ա. Խաչատրյանը,- ձեռք բերվեցին համակարգիչներ, տպիչ սարք, որոշակի գույք, գրադարանը ապահովվեց ինտերնետ կապով, աշխատակիցներն անցնում են համակարգչային դասընթացներ»: Գրադարանը շուտով կանցնի էլեկտրոնային սպասարկման համակարգին, ինչը հնարավորություն կտա բավարարելու ժամանակակից ընթերցողի պահանջները: Ծրագրի շրջանակներում գրադարանի տնօրինությունը 300 հազ դրամ է տրամադրել նոր մասնագիտական գրքերի ձեռքբերմանը, ինչի պակասը առավել քան զգացվում էր: Գրադարանի համեստ բյուջեն այսօր արդեն թույլ է տալիս բաժանորդագրվել որոշ թերթեր եւ ամսագրեր, թեպետ տիկին Խաչատրյանը համոզված է, որ առաջիկայում կկարողանան ձեռք բերել հանրապետությունում տպագրվող գրեթե բոլոր թերթերի օրինակները: Գրադարաններին ներկայացվող այսօրյա պահանջները, ինչ խոսք, վերոհիշյալ խնդիրներով չէ, որ սահմանափակվում են,  կարեւոր են նաեւ շենքային պայմանները: Ինչպես նշեց Անահիտ Խաչատրյանը, մշակույթի տան վերանորոգմանը զուգահեռ նորոգվում, թարմացվում է գրադարանային մասնաշենքի ճակատային հատվածը, լուծվել է նաեւ ջեռուցման հարցը:

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ

«Մենք թուլանալու եւ նահանջելու իրավունք չունենք,-լավատեսորեն հավելում է տիկին Խաչատրյանը, որ ավելի քան 25 տարի վարում է գրադարանի տնօրենի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոնը եւ ավելացնում- մեր թիկունքում տարիների տքնաջան աշխատանքով կերտված կենսագրություն ունենք, մեզ հավատացող եւ վստահող ընթերցողների մեծ բանակ, նվիրյալ կոլեկտիվ, որը հաղթահարեց ցուրտ ու մութ տարիները, դիմացավ ժամանակի փորձությանը»:
Հիրավի, ինչպե՞ս եւ ո՞ւր նահանջել…
Նոր մտահղացումներ, նոր միջոցառումներ. ամառային արձակուրդների ընթացքում խաղաղության կորպուսի հետ համատեղ ընթերցանության մրցույթ, բազում գրական երեկոներ, գրքի քննարկումներ եւ հանդիպումներ: Նոր նախագծեր. «Արցախյան գոյամարտ», «Սիսիանը` երեկ եւ այսօր», «Սիսիանի ականավոր հայտնի եւ անհայտ մարդիկ» ալբոմների նախապատրաստական աշխատանքներ..Այսպես են հաղթահարվում դժվարությունները:

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *