ԹՈՂ ՀՈՂԻ ՄԵՋ ՄԵՆՔ ԴԱԼԱՐ ԾԱՌԵՐ ԴՆԵՆՔ, ԵՎ ՈՉ՝ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԴԱԼԱՐ ՄԱՐՄԻՆԸ

«Ամիսներ առաջ Սիսիանի քաղաքային պանթեոնի վերակառուցման ժամանակ կտրված ծառերի շուրջ անհարկի բարձրացված աղմուկին անձամբ ես պատասխանել էի, որ կտրված մեկի փոխարեն տասն ենք տնկելու: Այսօր կատարում ենք մեր խոստումը, եւ մեկի փոխարեն, իսկապես, տասն ենք տնկում: Այսօր մեր բարեկարգման, մաքրման օրն է, մեր վերագտնումի օրը: Եվ սա կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլեւ՝ բոլորի: Մենք պետք է «բարեկարգ» լինենք հոգեբանությամբ, արտաքինով, ինչպես նաեւ՝ մեր ապրելակերպով: Իսկ սա մեր ապրելակերպի մի մասն է, մեր մտածողության, մեր կերտվածքի մի մասը: Ամեն նորատունկ ծառի մեջ vorotan23032014-1թող մեր հանգչող ընկերոջ, մեր եղբոր հոգին լուսավորվի»,-ասաց ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Հրաչ Կարապետյանը, ով մեզ հրավիրել էր ականատեսը լինելու պանթեոնում այսօր կատարվող ծառատունկին:

Ի պատասխան մեր՝ իսկ ամեն կտրված ծառի հետ ձեր հանգչող ընկերոջ հոգին չէ՞ր…առկախված հարցադրմանն ասաց՝ «Գույները չխտացնեմ եւ ասեմ՝ ծառերը, որ ծեր էին, մենք երիտասարդացրեցինք: Եւ նրանց հոգին փոխանցվելով՝ թող ապրի այս երիտասարդ տնկիների մեջ»:

Ի՞նչ խորհուրդ է տեսնում առաջին տնկին հողին «հանձնելու» իրողության մեջ մեր հարցադրմանն ի պատասխան էլ նշեց. «Ծառը նաեւ խաղաղության խորհրդանիշ է: Առաջին ծառը տնկվելով՝ թող իր այս իմաստի մեջ վերջինը լինի: Իսկ նրա ոստերը, որ բարձրանալու են վերեւ, թող գեղեցկություն ավետեն աշխարհին, խաղաղություն ավետեն, հավերժություն ավետեն: Բնության մեջ նոր բան չկա. բնությունն ինքնանորոգվում է, եւ թող աշխարհում խաղաղություն լինի»: Հետո հավելեց՝ «Թող հողի մեջ մենք դալար ծառեր դնենք եւ ոչ՝ մեր ընկերների դալար մարմինը»:
Ապա, որպես գաղտնիք, հայացքով ցույց տվեց Հաղթաքանդակի ետնամասում օրորվող բարիդիներից մեկը՝ ասելով, որ դա էլ է ինքը տնկել՝ Արայիկ Վարդանյանի հետ, 20 տարի առաջ:
Տղերքը, հավանաբար, այսքան խանդավառ եղել են մեկ էլ…
Ծառատունկին եւ Պանթեոնի տարածքի մաքրման աշխատանքներին մասնակցող Ռոբերտ Ֆիլիպոսյանն ասաց, որ իրենց պարտքն են համարում Պանթեոնը պահել-պահպանել այնպես, ինչպես՝ իրենց տունը: «Տղերքը զոհվել են, բայց մենք կանք, որ նրանց հիշատակը պահենք: Ես ծառ եմ տնկում իմ ընկերների համար, որ ծառի նման ապրեն»,- ասաց նա:
«Անձամբ իմ անունից մեկ ծառ եմ տնկում իմ բոլոր ընկերների հիշատակի համար: Փոսը ես եմ փորել, ծառը ես եմ տնկում, ես էլ խնամելու եմ՝ մինչեւ՝ մահ-գերեզման: Ծառը հողին պահ տալով ուզում եմ, որ իմ նահատակ ընկերները հավերժանան: Մեկ ծառ էլ իր անունից է խնդրել տնկել իմ մարտական ընկեր Մայիս Միրզոյանը, նրա խնդրանքն էլ կկատարեմ, ինքը չկարողացավ ներկա լինել, ավագանու նիստ էր իր համայնքում»,- ասաց Բաբկեն Գեւորգյանը՝ նորատունկ ծառի հետ հողի մեջ դնելով զոհված ընկերների հիշատակը հավերժ անմար տեսնելու իր սրբազան ուխտը:
Նրան հետեւց Արմեն Բաբայանը՝ ասելով՝ «Սա էլ իմ ծառն է: Մենք միասին ենք անցել ենք պատերազմի ուղին: Այսպես էլ կլինենք միասին»:
Պանթեոնի մաքրման, բարեկարգման աշխատաների ամենահուզիչ եւ տպավորիչ կողմը, իմ կարծիքով, պատանի երկրապահների ներկայություններ էր: Նրանք աշխատում էին մեծերին հավասար, արժանապատիվ, անտրտունջ եւ ջանադիր:
Ի՞նչ է իր համար ծառատունկին եւ պանթեոնի մաքրման շախատանքերին մասնակցությունը մեր հարցին պատանի երկրապահ Նորիկ Պողոսյանն ասաց՝  «Սիրով ենք մասնակցում, քանի որ մենք պատանի երկրապահ ենք եւ պարտավոր ենք: Իսկ ծառատունկին մասնակցելով, պանթեոնի տարածքը մաքրելով՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր նահատակների հիշատակին»:
vorotan23032014-2Խոսելով կատարվող աշխատանքների մասին՝ Աշոտ Մինասյանը նշեց, որ նույն օրը ծառատունկ է կատարվում նաեւ Անգեղակոթի եւ Շաղատի պանթեոններում, հավելելով, որ տնկիները տրամադրել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակար Հակոբյանը:
Երբ, բնականաբար, խոսք բացվեց պանթեոնում վերջերս ավելացած Կարեն Գալստյանի թարմ շիրմաթմբի մասին, Աշոտ Մինասյանը նշեց. «Սա նշանակում է, որ մեր պատերազմը դեռ չի ավարտվել: Հրադադար է, բայց պատերազմը չի ավարտվել: Եվ որ նոր շիրմաթումբ է ավելացել, խոսում է այն մասին, որ եկել է մեզ փոխարինող նոր սերունդ, որը պատրաստ է հայրենիքի համար մարտնչելու, կանգնելու նրա համար, հայրենիքին տեր լինելու: Չեմ կարող ասել, թե՝ հպարտ եմ, որ եւս մեկ շիրիմ ավելացավ, բայց կարելի է ասել, որ հպարտ եմ, որ Սիսական աշխարհի նոր սերունդը այսօր պատվար է կանգնած մեր սահմաններին: Մեր երեխայի տարիքի երեխան, որը մեր զիվորն է, այսօր եկել է «ավելացնելու» մեր զոհվածների շարքերը»:
Մեր՝ նորանահատակ Կարենը կասեր՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից հետո իմ խոսքերին Աշոտ Մինասյանը հավելեց.
-Թող վերջինը լինի, իհարկե, բայց, ցավոք սրտի, վերջինը չէ, էլի զոհեր ունենալու ենք, քանի որ մենք ունենք  այսպես ասած՝ «հարատեւ թշնամի»:
Խոսելով ծառատունկին եւ պանթեոնի աշխատանքներին պատանի երկրապահների մասնակցության մասին՝ Աշոտ Մինասյանը նշեց. «Մեզնից հետո եկավ Կարենը, Կարենից հետո գալիս են այս պատանիները: Սրանք սերունդներն են, որ գալիս են իրար փոխարինելու: Մեր պանթեոնը ուզում ենք դարձնել այն սրբավայրը, որտեղ կարող է զինվորը երդում տալ: Հասկանալ հայրենիքի արժեքը, հասկանալ մեր ձեռքբերածի արժեքը, հասկանալ, որ այդ հողը ձեռք է բերվել արյունով, առաջին օրվանից դա պետք է զինվորը տեսնի, զգա: Զինվորական ծառայության առաջին օրվանից պանթեոնը պետք է դառնա նրա համար դաստիարակության օջախ: Իսկ սա ամենասուրբ օջախն է, որտեղ հանգչում են տղաները»:
Ծառատունկին մասնակցում էին Նորավանի, Շամբի, Ույծի Սիսիանի երկրապահները՝ հավատով, որ իրենց տնկած ամեն մի ծառի հետ եւ ամեն մի ծառի մեջ մշտարթուն են մնալու տղերքի հոգիները եւ Պանթեոնի բարձունքից են  հսկելու բոլորի խաղաղությունը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
23.03.2014


vorotan23032014-3 vorotan23032014-4
vorotan23032014-5 vorotan23032014-6

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *