ԹՈՂ ՇԵՆ ՄՆԱ ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊՅԱՆ ՄՅՈՒՌՈՆՈՎ ՕԾՎԱԾ ՀԱՅ ԴՊՐՈՑԸ

DSC06781

Սիսիանի տարածաշրջանի 403 աշակերտի համար սեպտեմբերի 1-ի դպրոցական զանգը հնչում է առաջին անգամ: Թեեւ նախորդ ուսումնական տարվա համեմատ այս ուսումնական տարում 43-ով ավելի է առաջինցիների թիվը, բայց, ընդհանուր առմամբ, մտահոգիչ է հատկապես տարածաշրջանի գյուղական դպրոցների վիճակը: Որպես տխուր ավանդույթ՝ այս տարի եւս առաջին դասարան չունեն Լծենի, Արեւիսի, Մուցքի հիմնական դպրոցները, իսկ տարածաշրջանի 6 գյուղական դպրոց ունի 10-ից պակաս աշակերտ: Տարածաշրջանի գյուղական դպրոցներում այս ուսումնական տարին կավարտի ընդամենը 70 աշակերտ: 403 առաջին դասարանցիներից 213-ը կհաճախեն Սիսիանի 4 հիմնական դպրոցներ, 190-ը՝ գյուղական: Փոքր գյուղական դպրոցներից պակաս մտահոգիչ չէ նաեւ մեծ գյուղերի դպրոցների առաջին դասարանների աշակերտների թվի նվազումը: Նոր ուսումնական տարում 22 առաջինցի կունենա Բռնակոթի դպրոցը, 21-ը՝ Անգեղակոթի, 20-ը՝ Շաքեի, 17-ը՝ Շաղատի: 7 առաջին դասարանցի կունենա ժամանակին տեղ ու դադար չունեցող՝ Դարբասի հիմնական դպրոցը: «Թեեւ Սիսիանի տարածաշրջանի բոլոր դպրոցներն ապահովված են անհրաժեշտ դասագրքերով, բայց չկան մաթեմատիկայի, ինֆորմատիկայի եւ ֆիզիկայի մասնագետներ: Խնդիրը լուծելու համար շատ գյուղական դպրոցներ աշխատանքի են հրավիրում թոշակառու ուսուցիչների: Եթե քաղաքում կան մասնագետներ, բայց չեն մասնակցում մրցույթների, ապա գյուղական դպրոցների համար մասնագետներով ապահովելը դարձել է լրջագույն խնդիր»,- ասաց Սիսիանի տարածաշրջանի ԿԳ աշխատողների արհմիության նախագահ Խաչիկ Խաչումյանը:

Եւ, այնուամենայնիվ, սեպտեմբերի 1-ը տոն է, գիտության, դպրության, գիտելիքի տոն, եւ ուսումնական տարին ազդարարող առաջին զանգի ղողանջները խառնվում են ուրախության, բերկրանքի, շնորհավորանքների, ծաղիկների ու տոնական խանդավառության հետ, որն առավելապես հիշարժան կմնա նաեւ Սիսիանի թիվ 2 դպրոցի 64, 1-ին դպրոցի 40, 4-րդ դպրոցի 55 եւ 5-րդ դպրոցի 53 առաջինցիների կյանքում:

Գիտելիքի, գրի եւ դպրության տոնի առթիվ դպրոցներում հնչեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը: Շնորհավորելով ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին, 21192540_1921931931465939_2399139805711270774_nմասնավորաբար՝ առաջին դասարանցիներին, Սիսիանի թիվ 5-րդ դպրոցում Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նշեց, որ բարձր է գնահատում ուսուցչի դերը մեր պետության կայացման մեջ եւ անթաքույց ուրախությամբ ընդգծեց սիսիանցի դպրոցականների ձեռքբերումները: «Օգոստոսի 29-ին բոլորս տեսանք Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների պարգեւատրումը ՀՀ նախագահի կողմից: Ավագ դպրոցի 15 մեդալակիրներն ու օլիմպիադայի 8 հաղթողները, սակայն, միայն ավագ դպրոցինը չեն, այլեւ՝ բոլոր դպրոցներինը, որտեղ սովորել են այդ աշակերտները եւ գիտելիքների բեռով տեղափոխվել ավագ դպրոց: Դա բոլորիդ աշխատանքի արդյունքն է»,-նշեց համայնքապետը:

Շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարությանը, ծնողներին, ուսուցիչներին եւ ողջունելով գիտելիքի, գրի եւ դպրության տոնի առթիվ՝ թիվ 5 դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ սեպտեմբերյան այս օրը, իր տպավորություններով, հատկապես երկար կհիշվի առաջինցիների կյանքում: Առաջին դասարանցիներին համեմատեց բազմերանգ, բազմագույն ու բազմաբույր ծաղկեփնջի հետ, որը պետք է սիրել, խնամել, պահպանել: Տոն լինելուց զատ՝ ուսումնական տարվա սկիզբը համարեց նաեւ մեծ պատասխանտվության օր, հորդորելով սերնդին կրթել եւ դաստիարակել ոչ թե լատինամերիկյան, հնդկական սերիալներով, այլ՝ Սահակ-Մեսրոպյան դպրոցով, Եղիշեով, Մերգելյանով, Համբարձումյանով, հայրենիքի ամեն թփով ու քարով: «Մեր երեխաների ապագան ու դաստիարակությունը ձեր ձեռքերում է,– դիմելով ուսուցիչներին եւ ծնողներին՝ ասաց Հովիկ Ալեքսանյանը: –Մեզ պետք է գիտելիք: Գիտելիքի ակունքը ուսուցիչն է, գիտելիք ստանալու վայրը՝ դպրոցը: Թող շեն մնա Սահակ-Մեսրոպյան մյուռոնով օծված հայ դպրոցը եւ տանի այն առաքելությունը, ինչին կոչված է»,-ասաց տնօրենը:

Գիտելիքի, գրի եւ դպրության տոնը ծնողների անունից շնորհավորեց Աննա Գրիգորյանը: Սյունիքի մարզետարանի եւ դպրոցի տնօրինության կողմից նվերներ ստացան առաջին դասարանցիները:

 «Որոտան»

 

657 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *