ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐԻ ՄԵՋ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ՍՏՐԵՍԱԾԻՆ Է

Քաղաքի թիվ 1 մանկապարտեզի` հատուկ կարիքներով երեխաների կենտրոնում կազմակերպվել էր «Ինչ է ստրեսը» թեմայով սեմինար, որին մասնակցում էին քաղաքի նախակրթարանների տնօրեններ, հոգեբաններ, մանկավարժներ, դաստիարակներ, այսինքն` մարդիկ, ովքեր անմիջապես առնչվում, աշխատում են երեխաների հետ: Ստրեսի` մարդու վրա ունեցած ներգործության (դրական թե բացասական առումներով) մասին բովանդակային մեկնաբանություն կատարեց կենտրոնի հոգեբան Նարա Սահակյանը, մասնավորաբար նշելով, որ դեռահասները, քանի որ ավելի հուզական են, փխրուն ու խոցելի, ավելի շատ են ենթարկվում ստրեսների, ուստի կարեւորեց նրանց հետ տարվող ճիշտ աշխատանքը, ճիշտ վերաբերմունքը եւ իրավիճակի ճիշտ գնահատումը: Նա կարեւորեց ճգնաժամային տարիքի դեռահասների եւ երեխաների հետ ճիշտ աշխատանքի կազմակերպումը` հոգեբանական առողջության եւ հոգեբանական ներդաշնակության հասցնելու առումով:
Խոսելով ստրեսի տեսակների, դրանց հաղթահարման ուղիների մասին, նա շեշտեց յուրաքանչյուր երեխայի հետ տարվող անհատական աշխատանքի կարեւորությունը` շեշտը դնելով  ծեծից, պատժի այլ տեսակներից հրաժարվելու եւ երեխայի հետ ջերմ ու մտերմիկ փոխհարաբերություններ կառուցելու մեթոդների վրա:
Մանկապարտեզի տնօրեն Արեւիկ Գասպարյանը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էր սեմինարը, նմանօրինակ թեմայի քննարկումը կարեւոր ու անհրաժեշտ համարեց այնքանով, քանի որ մեզանից յուրաքանչյուրը երաշխավորված չէ ստրեսներից, որովհետեւ ինքը` դարը եւ ճգնաժամային ժամանակաշրջանը, որի մեջ ապրում ենք, խիստ ստրեսածին են: Նա կարեւորեց նաեւ ծնողների հետ նման սեմինարների կազմակերպումը:
Սեմինարի մասնակից թիվ 4 նախակրթարանի տնօրեն Սեդա Նազարյանն առաջարկեց այդօրինակ սեմինարներ կազմակերպել նաեւ մյուս մանկապարտեզներում եւ կրթական օջախներում:
Սեմինարը գնահատվեց արդյունավետ եւ ուսանելի` համագործակցությունը շարունակելու ակնկալիքով:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *