ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ՔՎԵՆ

Հասարակության մեջ կա մի շերտ, որը, թերեւս, ամենից շատ կարիք ունի ուշադրության, ջերմ վերաբերմունքի եւ…հասկացված լինելու: Հաշմանդամնե՛րը: Սոցիալական, նյութական խնդիրներից զատ նրանց մեծագույն խնդիրը հասարակության մեջ ինտեգրվելն է, նրա լիիրավ անդամ զգալն ու … հասարակության մեջ իրենց տեղը գտնելը: Վերջին տարիներին, բարեբախտաբար, այս մասին շատ է խոսվում, եւ խնդիրն արդեն որոշակի հնչեղություն ունի:
Հաշմանդամների մասին շատ է խոսվում առավելապես այն ժամանակ, երբ արծարծվում է ժողովրդավար պետության, դեմոկրատական հասարակության կառուցման, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակություն ստեղծելու եւ նման այլ թեմաներ: Հաշմանդամների, սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց մասին խոսվում է առավելապես ընտրությունների ժամանակ` կարեւորելով նրանց` ընտրողի իրավունքների շահերի պաշտպանությունը եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Մարզի` ընտրելու իրավունք ունեցող 5500 հաշմանդամներ նույնպես ակնկալում են իրենց շահերի պաշտպանությունը, նույնպես կարեւորում են իրենց քվեն եւ նույնպես հասարակության ակտիվ գործընթացներին մասնակից դառնալու ցանկություն ունեն:
Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ-ն մարզում իրականացրել է «Ժողովրդավար պետությունում` ժողովրդավար ընտրություններ» ծրագիրը, որի շահառուներն էին մարզի 5500 ընտրելու իրավունք ունեցող հաշմանդամները: Ծրագրի նպատակն էր 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բարձրացնել Սյունիքի մարզի հաշմանդամների մասնակցության մակարդակը, մեծացնել ընտրատեղամասերի համապատասխանությունը հաշմանդամ-ընտրողների ֆիզիկական հնարավորություններին ճշտել  թիվ 37/38 ընտրատարածքների հաշմանդամ-ընտրողների ընտրացուցակները:
«Ժողովրդավար պետությունում` ժողովրդավար ընտրություններ» ծրագրի շրջանակներում  հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ-ն, խնդրով շահագրգիռ մարզի այլ հկ-ներ` Կապանի «Ողջի», Գորիսի «Ծիրանի փող», «Պեռաս», «Առաքելություն Հայաստան» Գորիսի մ/ճ, Մեղրիի «Կայան-Մեղրի», Սիսիանի Զարգացման կենտրոն, Զբաղվածության կենտրոն, Միջազգային փորձի ուսումնասիրության, «Առաքելություն Հայաստան» Սիսիանի մ/ճ, «Էկո-Սիս» կազմակերպությունների աջակցությամբ, հաշմանդամների համար իրականացրեց իրազեկման, բացատրական, տեղեկատվական բավականին լուրջ աշխատանք` արձանագրելով որոշակի տեղաշարժ թե՛ հաշմանդամի, թե՛ իրավասու պատկան մարմինների հոգեբանության, գործելակերպի մեջ: Հաշմանդամների համար դժվարամատչելի շենք-շինությունների 2-րդ հարկում գործող (ծրագրի սկզբում` 36, ծրագրի ավարտին` 16, նախկին 58 ընտրատեղամասից) շատ ընտրատեղամասեր տեղափոխվեցին` համապատասխանեցնելով շարժողական սահմանափակ հնարավորություններ ունեցող ընտրողների պահանջներին: Ծրագրային գործունեության ընթացքում նախագահական 9 թեկնածուների ուշադրությունը հրավիրեցինք հաշմանդամների հիմնախնդիրներին` դրանք ներառելու իրենց նախընտրական ծրագրերում, թեեւ նրանցից միայն մեկ թեկնածուի ծրագրերում էր այն ներառված: Ընտրացուցակների Ճշտման ժամանակ հայտնաբերվել են ընտրացուցակներից դուրս մնացած 1808 հաշմանդամի անուն, որոնք վերականգնվեցին լրացուցիչ ցուցակներում: Կարծում ենք` խնդրի մասին բարձրաձայնելը խնդրի լուծման ուղիներից մեկն է դառնում:
Տպագրվեցին և բաժանվեցին 1600 տեղեկատվական թերթիկ` հաշմանդամ-ընտրողների իրավունքների, ընտրության կարգի վերաբերյալ, որոնք տարածվել են կազմակերպված ֆորումների, կլոր սեղանների, հանդիպումների ընթացքում մեր և մեզ հետ համագործակցող կամավորների միջոցով: Տեղական լրատվամիջոցներով տպագրվեցին հոդվածներ եւ ցուցադրվեցին հեռուստահաղորդումներ` ծրագրային աշխատանքներին, հաշմանդամ-ընտրողների խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին իրազեկելու նպատակով:
«Եթե հաշմանդամն ի վիճակի էլ չէ ընտրության գնալ,- ասում է «Խարիսխ» ՀԿ-ի նախագահ Ս.Իսաջանյանը,- բայց իր անունը կա ցուցակում, զրկված չէ ընտրելու իրավունքից, դա արդեն տեղաշարժ է: Եթե հաշմանդամը իրազեկվում է ընտրության մասին, կարծիք հայտնելու հնարավորություն ունի, իր` ընտրողի ձայնը լսելի է դառնում, հոգեբանորեն դրական է անդրադարնում հաշմանդամի վրա: Չնայած` գործընթացների ավարտից հետո նա էլի մեն մենակ է մնում իր հաշմանդամության հետ եւ ինքը իր հետ, բայց հոգեբանական փոփոխություն արդեն կա» , – ավարտում է Ս.Իսաջանյանը:
Բայց հաշմանդամ-ընտրողը ցանկանում է, որ իրեն հիշեն ոչ միայն ընտրության օրը, որովհետև իր քվեն կարեվոր է, այլ` ընդհանրապես, հիշեն` ո’չ կարեկցելով, ո’չ խղճահարվելով, այլ` պարզ, մարդկային վերաբերմունքով, եւ … հավատի իրավունքով:

Ծրագրի համակարգող
Ռոզա Միրզոյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *