Ի՛ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ 1990 Թ. ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ՍՏՈՐՈՏԻՆ

1-28

19990 թ. հունիսի 8-ին Սիսիան Վարպետին տեսության էր եկել շրջկոմի նախկին առաջին քարտուղար Կիմ Արմենակի Հովհաննիսյանը: Համո Սահակիչի հետ համագյուղացիներ եւ շատ ջերմ բարեկամներ էին: Որոշ տեղեր պտտվելուց հետո կեսօրն անց վերադարձանք ջրային տնտեսության հյուրանոց` Համո Սահյանի կացարանը: Շրջխորհրդի նախագահ Միշան Աղաջանյանն այստեղ հյուրերի համար սեղան էր բացել: Դեռ սեղանին չէինք մոտեցել, ինձ կանչեցին հեռախոսի մոտ: Զանգահարողը շրջխորհրդի նախագահի առաջին տեղակալ Դորվարդ Աղայանն էր.
-Մեր ինքնապաշտպանական ջոկատները Վաղուդիի յայլաղում հայտնվել են ռուսական զորախմբի շրջափակման մեջ: Գեսիկը ռացիայով հաղորդել է, որ վատ բաներ են սպասվում եւ խնդրում են մեր օգնությունը, -ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ հրամանատարությունը պահանջում է մեկ ժամվա ընթացքում հանդիպում շրջանի ղեկավարության հետ: Այդ ամենը պատմեցի հյուրերին: Նրանց տրամադրությունը մեկեն փոխվեց: Սարսափելիորեն խոժոռվեց Վարպետը:
Երբ դուրս էինք գալիս, միայն ավելացրեց`
-Զգո՛ւյշ եղեք:
Աղաջանյանի հետ անմիջապես ուղեւորվեցինք յայլաղ: Ես այդպիսի բան չէի տեսել: Օդում, ուղիղ տղաների գլխավերեւում, պտտվում էին 9 «կոկորդիլոս» ուղղաթիռներ, իսկ մեկը նստած էր կանաչի վրա: Հետո իմացանք, որ դա հրամանատարի` գեներալ Սաֆոնովին նոր փոխարինած Լեռնային Ղարաբաղի ռուսական բանակի զորախմբի հրամանատար գեներալ Ժուկովի ուղղաթիռն է: Զինվորները օղակի մեջ էին վերցրել Վուրգ Ոսկանյանի եւ Հովիկ Ազոյանի, ինչպես նաեւ հոկտեմբերյանցի Կորյուն Ղումաշյանի ջոկատների տղաներին:
Շրջապատման մեջ էր գտնվում շուրջ 80 կամավոր:
Փորձեցինք անցնել զինվորների շղթան եւ մոտենալ ուղղաթիռին: Ավտոմատները մեզ վրա պահած` արգելեցին ներս մտնել: Ներկայացրեցի շրջկոմի առաջին քարտուղարի վկայականը: Չանցավ: Հետո մեկնեցի ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի վկայականս: Ռացիայով չգիտեմ ում հետ հաղորդակցվելուց հետո թույլատրեցին ներս մտնել: Տղաները խոտերի վրա  նստած կամ պառկած էին: Ով հասցրել էր, թաքցրել էր զենքը, ով`ոչ, նրանից արդեն առգրավել էին այն:
Բանակցությունները բավականին երկար տեւեցին: Գեներալը մերթընդմերթ դուրս էր գալիս մեր վիլիսից, մտնում ուղղաթիռ (ըստ երեւույթին գործողությունները համաձայնեցնում էր ինչ-որ մեկի հետ ) եւ կրկին ետ վերադառնում:
Հիմնականում նա մեր առջեւ 2 խնդիր էր դնում. տղաներին համոզել առանց դիմադրության հանձնել ամբողջ զենքը եւ 10-15 առավել ակտիվիստների ցուցակ տալ` Շուշի տանելու եւ զենք ձեռք բերելու հանգամանքները պարզելու համար: Բնական է, որ մենք ներկայացրեցինք զենքի այն քանակությունը, որն արդեն իրենց ձեռքում էր, իսկ տղաներին տանելու եւ բացատրություն պահանջելու համար առաջարկեցինք մեր թեկնածությունները: Մենք նրան նաեւ բացատրեցինք, որ դրանք զինված բանդաներ չեն, ինչպես իրենք էին բնորոշում, այլ` տարբեր գյուղերից հավաքված կամավորներ, որոնք եկել էին իրենց ֆերմաները պաշտպանելու ադրբեջանական ելուզակներից:
Մենք նաեւ ներկայացրեցինք այն բոլոր հետեւանքները, որ կարող էին տեղի ունենալ տղաներից որեւէ մեկին Շուշի տանելու դեպքում: Մի խոսքով` մեր բախտը բերեց: Նրանք հեռացան միայն այն պայմանով, որ այլեւս այդ ջոկատները սարերում չպետք է երեւան: Ամեն ինչ կարող էր ուրիշ կերպ ընթանալ, մասնավորապես երբ հետո իմացանք, որ Վուրգը տղաներին հրահանգել էր, որ գերեւարության փորձի դեպքում պետք է հանեին քարերի տակ թաքցրած զենքերը եւ կրակ բացեին:
…Վերադարձանք հյուրանոց: Վարպետը դեռ այլայլված էր: Բազկաթոռին նստած` գլուխը կախ ծխում էր: Մոխրամանի պարունակությունից երեւում էր, որ այդ մի երկու ժամվա ընթացքում մի քանի տուփ արդեն դատարկել էր: Իսկ սեղանը մնացել էր այնպես, ինչպես թողել էինք:
-Եկա՞ք,- դեռ տագնապի հնչերանգով հարցրեց նա:
-Ամեն ինչ բարեհաջող է անցել, Համո Սահակիչ, վե՛ր կացեք ընդմիջում անենք,- առաջարկեց Աղաջանյանը:
Մեր դեմքից նա արդեն  ամեն ինչ կռահել էր:
-Վե՛ր, Կի՛մ, տղերքի կենացը պետք է խմենք,-ասաց նա եւ արդեն բավականին աշխույժ մոտեցավ սեղանին:
-Մե՞ր կենացը, Վարպե՛տ,- հարցրեցի ես:
-Չէ՛, տղերքի՛ կենացը,- պատասխանեց նա:
Խոսքը շրջապատումից ազատված ազատամարտիկների մասին էր:

Խմբագրության կողմից.-Մարտին Բաղդասարյանի «Ազատագրում» գիրքը Հ. Առաքելյանին է նվիրել շրջափակման մեջ ընկած «Մեծն Տիգրան» ջոկատի անդամներից մեկը` «Լավագույն ու դաժան օրերի հուշերով եւ շնորհակալություն բոլորիս կողմից» մակագրությամբ, 2009 թ. հունվարի 21-ին:

 

194 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *