Ի՞ՆՉ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԵՏՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ

Յուրաքանչյուր դպրոցական իր պայուսակում ունենում է 5-ից ավելի տետր` տարբեր երանգի եւ ձեւավորման…
Ինչպես մեր կյանքի շատ բնագավառներում, ցավոք, այստեղ էլ «անտարբերության» ամենակարող ձեռքը ի զորու է եղել անել ամենը, ինչը սխալ է, վնասակար:
Ի՞նչ են պատկերված աշակերտական տետրերի կազմերին` կիսամերկ, պճնված դերասանուհիներ, երգչուհիներ, սարսափ-ֆիլմերի հերոսներ…
Գեղագիտական ճաշակի եւ հարուստ ներաշխարհի զարգացման համար, հատկապես` դեռահասության տարիքում, մեծ ու ներազդող օրինակ են ազգային, պատմական, մշակութային, մարզական, գրական հերոսներն ու հերոսուհիները, որոնց կերպարում մարդկային ու հայրենասիրական բարձր արժեքներն են ու ընկալումները, իսկ ահա տետրերի վրա «Վինքս» հայտնի մուլտֆիլմի հերոսուհիների անբնական պատկերներն են, որոնց աղջիկների ծուռումուռ քայլվածքին նմանակում են մեր փոքրիկ պարմանուհիները` դա կարծելով «ընդօրինակելի» եւ «ժամանակակից»: Կրում են «Վինքսի» գլխարկներ, շապիկներ:
Ի՞նչ սովորի, ի՞նչ ներաշխարհով կամ` մտածելակերպով զարգանա դեռահասը, ում «շփումն» ամեն օր այսպիսի պատկերների եւ այսօրինակ «հերոսների» հետ է:
Սրանց կողքին, իհարկե, վաճառվում են նաեւ «Սկառլետ» ֆիրմայի տետրերի ընտրանին, որոնք ձեւավորված են Սարյանի հայտնի կտավների պատկերներով, Հովհ. Թումանյանի, Շարլ Ազնավուրի եւ ուրիշ մեծերի դիմանկարներով, բայց արի ու տես, որ «Սպայդեր մենը» եւ անճոռնի «Շրեկը» ավելի մեծ պահանջարկ ունեն մեր դեռահասների մոտ:
Դեռահասի հոգեկերտվածքը խաթարող, նրա մտածողությանը վնասող ու խանգարող այս իրողությունը, կարծում եմ, կարելի է կանխել` վերահսկելով այս բիզնեսը` զուտ որակի եւ տեսակի առումով: Միեւնույն է` աշակերտական տետրը լայն սպառման ապրանք է, եւ պահանջարկ ունի: Ուստի` ինչո՞ւ այդ բիզնեսով զբաղվող գործարարները չեն նախընտրում իրենց արտադրանքը գովազդել նաեւ մեր ազգային եւ համամարդկային արժեքներով` տետրի շապիկին դնելով մեր աշխարհահռչակ շախմատիստների, ծանրամարտիկների, գրական սիրված հերոսների դիմանկարները, Հայաստանի բնության ու տեսարժան վայրերի, պատմաճարտարապետական հուշարձանների պատկերները:
Սա էլ ազգային «բնավորություն է». ուրիշինը ավելի լա՞վն է…
Հայրենիքը սկսվում է քո տնից, իսկ հայրենիքի գանձերը պահպանելը սկսվում է դրանք ճանաչելուց: Ե՞րբ եւ ինչպե՞ս ճանաչել: Կարծում եմ` ինձ հետ համամիտ կլինեն շատերը, որ տետրերի կազմերը պետք է ձեւավորված լինեն տարիքային, դաստիարակչական, ճանաչողական շատ հարցեր հաշվի առնելով եւ վերահսկելով, տետրեր գնելիս էլ հարցնեն` ո՞ր առարկայի, կամ` ո՞ր տարիքի աշակերտի համար է…
Այս դեպքում «շրեկներն» ու «վինքսերը» այլեւս պահանջարկ չեն ունենա: Հուսա՛նք:

Խոնարհ ԳՐԻԳՈՐՅԱՆ
թիվ 2 միջն. դպրոցի ուսուցչուհի

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *