ԻՄ ԱՄԵՆ ՕՐՎԱ ՄԵՋ ՄԻ ՔԻՉ ՍԱՀՅԱՆ ԿԱ…

Ապրիլի 14-ը Համո Սահյանի ծննդյան օրն է

Երբ աշխատանքային սեղանիս մոտ եմ ու մի քանի տող կարդալու ցանկություն եմ ունենում, ձեռքս ավելի շատ դեպի Սահյան է գնում: Կարդում եմ, վերընթերցում, ապրում, ապրումակցում: Հոգիս խաղաղվում է, լիանում, ու հարստանում եմ: Ամեն անգամ ինձ համար նոր ծալքեր են բացվում, նորովի ընկալումներ եմ ունենում: Սահյանական աշխարհը խոր ապրումների, ընկալումների, ներշնչանքի ու խոհերի զարմանալի հանրագումար է, զգայական համանվագ: Զարմանալի է Սահյանը. նրա տողերում պահը հաճախ դառնում է հավիտենական վիճակ: Սահյանի ժամանակային ընկալումներն անսահման են ու անպատկերացնելի: Այդ անսահմանության մեջ նա կարծես չի վախենում չլինելուց ու իր բաժին մահից: Դրանով հանդերձ՝ նա հավերժորեն անմահ է՝ ձուլված ու միախառնված աստվածաստեղծ բնությանը: Բանաստեղծին մերթ թվում է, թե այս հրաշք հողի վրա հազար անգամ հազար տարի է ապրել, մերթ թվում է՝ նախա-նախապապի ձեռք-մանգաղով քարանձավի քունքին աճած խոտն է հնձում: Մի պահ էլ կարծում է, թե հազար անգամ հազար տարի հետո է դեռ ինքն աշխարհ գալու: Ու այս առումով կործանումից անգամ ահուդող չունեցող Սահյանը վեր է ժամանակային անցողիկությունից: Նա հայոց ծագումի ու լինելության կենսագիրն է կարծես: Նրա տողերում մի հետաքրքրական ուղևորություն կա դեպի վաղնջական ժամանակների անհուշ հեռուները: Նա ապրում է ապուպապերի անջինջ հիշատակներով, իսկ հետո քարափների շուրթերին սարսուռ ու դող է դառնում: Սահյանը «հավիտենության ամենահեռու հեռաստանների» տերն ու տիրականն է իրեն զգում: Եվ որքան հին ու հավերժ են քերծ ու քարափները, մամռոտած ժայռերն ու ապառաժները, այնքան հավերժող է Սահյանը: Նրա ամեն մի տողը խմորվել է սեփական սրտից ու կյանքից, դարձել բացվող լույսի շող, բացված ծաղկի ցող, ԼՈՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ մի բուռ սրբագույն հող… Սահյանական քարոտ արահետները միշտ էլ ձգվելու են երկարորեն, և նրանցում շրջելու են թափառիկ կարոտները՝ հավետ որոնելով ծխանի ծուխ, թոնրահոտ լավաշի հոտ, առվի պռնկին բուսնած դաղձի բուրմունք… Եվ, այդուհանդերձ, ժամանակային անծիր սահմանասկզբում հավերժելու են քարափների երգչի երգերը՝ հողահոտ ու դաղձահոտ, արևոտ, ամպոտ ու ծիածանոտ:

Ամեն լույս առավոտ, երբ գրասեղանիս եմ մոտենում, ձեռքս առաջին հերթին ուղղվում է Սահյանին: Կարդում եմ, նորից եմ կարդում ու չեմ հագենում…

Նելլի ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *