ԻՄ ԸՆԿԵՐ ՍՄԻԹԻ ԱՄԱՆՈՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ
Անցել էր մի քանի տարի, կարոտն ինձ կրկին բերեց Սիսիան: Ամանորի նախօրյակն էր: Ինձ հետ էր նաեւ ամերիկացի գործընկերս` Սմիթը: Օդանավում այնքան էի պատմել Սիսիանի մասին, որ Սմիթը, ինձանից առավել ոգեւորված, ինձանից առավել կարոտած, ժամ առաջ ուզում էր հասնել ու տեսնել աշխարհի ամենաէկզոտիկ, ամենագեղեցիկ, ամենամաքուր ու ամենահյուրընկալ քաղաքը: Կեսօրին հասանք Սիսիան: Սմիթը, որը երբեք կեսօրվա ժամին փողոցներում այդքան անգործ մարդիկ չէր տեսել, թյուրիմացաբար մտածեց, որ, միգուցե, մեզ են դիմավորում, լայն ժպտում էր բոլորին եւ ձեռքով ողջունում:


ՄԵՂԱՎՈՐԸ ՎԱՆԴԱԿԱՎՈՐ ՏԱԲԱՏՍ ԷՐ
Առաջին քայլը, որ պետք է անեինք, վարձով բնակարան գտնելն էր: Սմիթը առաջարկեց գտնել համապատասխան գործակալություն, որտեղ մեզ կօգնեին: Գործակալությո՞ւն: Նայելով տարիների մեջ գրեթե չփոխված քաղաքին, մտածեցի` շա՞տ եմ չափազանցրել (հետագայում այս միտքը ինձ անընդհատ ուղեկցում էր): Գտանք «գործակալությունը»: Ինձ ծանոթ շենքի բակում, ինձ ծանոթ մշտական նստարանին նստած էին «հազարափեշակ» գործակալները` շենքի սիրասուն տիկնայք: Նրանք էին տարածքի անցակետը, զագսն ու դատարանը, թաղայինն ու կոմունալը: Ցանկացած օդանավակայանի ցանկացած անցակետ կնախանձեր նրանց մասնագիտական հայացքի խորաթափանցությանը, որը կարողանում էր անսխալ որոշել անգամ անթափանց պայուսակների պարունակությունը, քաշն ու արժեքը: Դեռ հեռվից քննախույզ հայացքները որսացել էին անծանոթ հյուրերին` մեզ: Եվ մինչ կմոտենայինք, նրանք խոժոռ հայացքներովի «ռենտգենյան ճառագայթներով» անցկացրել էին իմ վանդակավոր տաբատն ու Սմիթի անիմաստ ժպիտը: Մինչ Սմիթը ապշահար հայացքը հառել էր այգի կոչվող աղբանոցում ջարդված ապակիների մեջ, քամուց օդում պտտվող մոմլաթե կեղտոտ տոպրակների ետեւից վազող մանուկներին, ես հասցրեցի ճշտել, որ մեր նախկին հարեւան Շուշոն իր բնակարանը վարձով է տալիս: Մի կերպ խուսափելով մուտքի` քամուց ճոճվող կիսակոտրված երկաթե դռան հարվածից` նետվեցինք շքամուտք: Շուշոն երջանիկ էր. տունը մեզ վրա  ամսեկան 40.000 դրամ արժեցավ (հետո միայն պարզեցինք, որ Սիսիանում տների վարձը ամենեւին էլ այդքան չէ, այլ` կիսով չափ պակաս): Ինչեւէ, կամ` իմ վանդակավոր տաբատն էր մեղավոր, կամ` ընկերոջս, մեղմ ասած, անիմաստ  ժպիտը:


«ՎԱ՜Յ, ՄԱՄԱ ՋԱՆ»
Առավոտյան, սովորության համաձայն, որոշեցի մեկ գավաթ սուրճս վայելել խոհանուցի պատուհանի մոտ, ու… «Վա~յ, մամա ջան, խոհանոցի պատուհանից բացվող տեսարանը Սմիթի համար կլինի շոկեհարված»,- մտածեցի ես, լավ է գոնե առաջինը ես տեսա, ճիչս կոկորդումս զսպելով` սարսափահար դիտում էի ուղիղ խոհանոցի պատուհանի տակ, աղբակույտի մեջ հազիվ զանազանվող աղբարկղի մոտ ծավալված շուն-կատու դարավոր հակամարտությունը: Պատճառն ամենեւին էլ չկարված գդակը չէր, այլ` «համեղ» պատառներով լի հենց նոր վերեւի հարկից նետված տոպրակը: Պատուհանը քողարկել չհասցրեցի, Սմիթը, նետվող տոպրակի սուրոցից եւ շների ու կատուների հաչամլավա ողբաձայնից սարսափահար, նետվեց խոհանոց, պատասխան չունեի, իսկ սուրճս վաղուց արդեն սառել էր…


ՎԵՐՋԻՆ ՍԱՌԱԾ ՄՈԾԱԿԸ
Արդեն երկու օր էր` Սմիթը լուռ էր. շա՜տ էի չափազանցրել, երեւի: Տհաճ տպավորությունները ցրել էր պետք: Դուրս եկանք զբոսնելու, քայլերը, կարծես ինձ հակառակ, ճակատագրի հեգնանքով ուղղվեցին ջրային «խամրած» մամռակալ հայելիներ: Այնքան զարհուրելի չէին գորտերի կռկռոցն ու ջրից տարածվող գարշահոտությունը, որքան Սմիթի լայնացած բիբերի չկողմնորոշված արտահայտությունը. եւս մեկ շոկեհարված: Երկար-բարակ չմտածելով (ընկերոջս փրկել էր պետք) տակից դուրս եկա.
-Կեցցե՛ն, կեցցե՛ն, բավականին արդյունքի են հասել,- «հպարտորեն» արտահայտվեցի:
-Ի՞նչ,- սառած շուրթերով մի կերպ արտաբերեց խեղճ ընկերս:
– Սա գիտափորձ է, Սմի՛թ, երբ ես մեկնեցի Ամերիկա, նոր էր սկսվել: Նպատակն է ճշտել, թե հոսող գետը ինչքան ժամանակում ամբողջովին կմամռակալի, եւ թե մարդը ինչքան կարող է դիմանալ գարշահոտությանն ու մոծակների հարձակմանը:
Այդ պահին, ի ապացույց իմ խոսքերի, որտեղից որտեղ, բառացիորեն պղտոր ջրում ձուկ փնտրող, ռետինե երկարաճիտ կոշիկներով մի տղամարդ հայտնվեց մեր տեսադաշտում.
– Տեսնու՞մ ես` որքան հետեւողական են, – շարունակեցի խոսքս,- ահա այսպես ամեն օր ստուգում են մամուռի հաստությունը:
Խոսքերս համոզիչ էին (կամ,միգուցե, ընկերս ձեւացրեց, որ` հավատաց, հասկանալով, թե որքան անհարմար զգացի): Սմիթը «վերակենդանացավ», գորտերի սիմֆոնիան մի պահ ընդհատվեց նրա լուսանկարչական ապարատի չխկչխկոցից: Գարշահոտությունից թմրած ուղեղիս թելադրանքով ձեռքս ակամա տարա դեմքիս` սատկացնելու վերջին սառած մոծակը:


Ա՜Յ, ՀԻՄԱ ՈՐ… ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵԿԱՎ
Սմիթի` Սիսիանում գտնվելու վերջին օրն էր: Մինչ ես իրերն էի դասավորում, ինչպես ժողովուրդն է ասում, սատանայի թելադրանքով Սմիթը միայնակ իջավ սիգարետ գնելու: Մի քանի րոպե անց ցնցվեցի դռան շրխկոցից, Սմիթն էր, գունատված, արագ-արագ անկապ բառերով փորձում էր ինչ-որ բան հասկացնել. «մնացի.. հաստատ չեմ կարողանա փախչել… օկուպացված բանկոմատներ… զինվորականներ.. խառնաշփոթ.. թալանվող խանութներ…փախա՛նք… դեռ կհասցնենք»: Մի կերպ պոկվելով Սմիթի դողահար ձեռքերից` նետվեցի բակ: Շենքի բակի փոքրիկ կրպակը եւս մարդաշատ էր, գերակշռում էին զինվորական համազգեստով մարդիկ, մի՞թե Սմիթը ճիշտ էր: Կրպակի հաստամարմին տիրուհին քափուքրտինք մտած պարտատետրում ինչ-որ բաներ էր ջնջում, հանում-գումարում ու բարձրաձայն գոհունակությամբ արտահայտվում. «այ՜, հիմա որ… Նոր տարին եկավ»: Ինձ համար ամեն ինչ պարզ էր. զինվորականները աշխատավարձ էին ստացել, քաղաքն աշխուժացել էր, ամանորյա շունչ էր զգացվում:


ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ
Կեսօր էր: Սմիթի ճամպրուկներն արդեն դասավորված էին դռան մոտ: Տաքսին, որ պետք է մոտենար առավոտյան ժամը 8-ին, դեռեւս չկար: Սմիթի անհանգիստ շարժուձեւից ամոթահար, 10 րոպեն մեկ փորձում էի տեղեկանալ, թե վերջապես ինչ եղավ մեքենան: Հեռախոսավարուհին ամեն անգամ արհեստական քաղաքավարությամբ, հոգնած ձայնով համոզում էր, որ մեքենան ճանապարհին է, եւ քիչ անց կլինի շենքի մոտ: Այդ «քիչ անցը» տեւեց գրեթե 3 ժամ: Այն տպավորությունն էր, որ մեքենան կամ այլ երկրից էր գալիս, կամ էլ` ճանապարհին անանցանելի խցանումներ էին:
Որոշված էր, պետք էր դուրս գալ` մեքենա փնտրելու: Նման դեպքերում թե Սմիթի հայրենիքում եւ թե բոլոր քաղաքակիրթ վայրերում մարդիկ գնում են ավտոկայան: Դե, իսկ մեր ավտոկայան ասվածը բանուկ փողոցի մի անկյունում «իրար վրա լցված» մեքենաներն ու երթուղային տաքսիներն են: Նման էքստրեմալ պայմաններում, սրընթաց մեքենաներից խուսափելով, ետ ու առաջ թռչկոտելով, հասանք մեքենաների «կույտին»` մեր ներկայությամբ խառնաշփոթ առաջացնելով: Տաքսու վարորդները աջից ու ձախից սկսեցին քաշքշել ընկերոջս պայուսակները, վարորդներից մեկն անգամ հասցրեց աճպարարորեն դրանք խցկել մեքենայի մեջ: Մեր գլխավերեւում խաչվեցին վիրավորանքներն ու հայհոյանքները.
-Ա՛յ ախպեր, ես էի առաջինը մոտեցել, կլիենտ ես փախցնում,-գոռում էր ձեռնունայն մնացած վարորդը:
Սմիթի հարցական դեմքը մոտավորապես ասում էր.«չմեռանք, կռվի պատճառ էլ դարձանք»: Ինչեւէ, մինչ երկուսը վիճում էին, երրորդ` առավել ճարպիկը Սմիթին` պայուսակախառն  «առավ-թռավ»:
Այսքանով  ավարտվեց Սմիթի ամանորյա արկածները Սիսիանում: Այդպես էլ խեղճ ընկերս երեւի չհասկացավ, թե այդ հինգ օրը երա՞զ էր, իրականությո՞ւն, հեքիա՞թ, թե` մղձավանջ: Միայն հասցրեց վերջին պահին մեքենայի պատուհանից բացականչել` ձեզ մոտ ամեն ինչ շատ հետաքրքիր էր, ես էլի կգաաաա~մ…

Տարեմուտի եւ Նորամուտի ողջերթով`
ԶԱՐՄՈՒՀԻ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *