ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ` ՉԼՈՒԾՎՈՂ ԽՆԴԻՐ ՉԿԱ

1-26

Փնտրում  եմ  մարդկանց  գյուղապետարանին  կապելու  ամենակարճ  ճանապարհը, իսկ  այդ  ճանապարհը  պարզությունն է,  անկեղծությունը,  հստակությունը,  վստահությունը: Թեեւ  ընդամենը  5  ամիս  է`  զբաղեցնում  եմ  Հացավանի  համայնքապետի  պաշտոնը,  բայց նոր  մարդ  չեմ  Հացավանում: Նախ`  որ  իմ  ծննդավայրն է,  իմ  գյուղն  է,  հետո` միշտ  էլ կապս  ամուր է եղել հողի հետ, գյուղի հետ, տարիներ շարունակ հենց այս  համայնքում  եմ հող վարձակալել, կաղամբ ու կարտոֆիլ մշակել: Էական  չէ, թե համայնքի ղեկավարը կին է, տղամարդ է: Էականը մարդու պատասխանատվության զգացումն է  ստանձնաձ գործի նկատմամբ: Ամեն օր  Սիսիանից գալիս եմ գյուղ, երբեմն ասում են` ի՞նչ պարտադիր է: Գտնում եմ, որ շատ պարտադիր է. ես չեմ  եկել ժամանակ  անցկացնելու, եկել եմ աշխատելու, ամսվա վերջին էլ, ինչպես բոլոր նորմալ աշխատանքային հարաբերություններում, աշխատավարձ ստանալու, այլապես` կգնայի եւ կշարունակեի իմ կարտոֆիլը մշակել: Ուզում եմ, որ նույն հոգեբանությունը մյուսների մեջ էլ արմատավորվի: Մարդիկ հողի հարկ չեն վճարել, չեն էլ պահանջել համայնքում որեւէ բան  փոխել: Իսկ  ես հակառակն եմ անում. վճարեք հարկերը եւ պահանջեք գործ: Փոփոխությունն  էլ արդեն զգացվում է. վերջին 2 ամսվա ընթացքում հավաքվել է այնքան հարկ, որքան նախորդ 10 ամսվա: Չեմ թողնում, որ աշխատավարձի պարտքը կուտակվի. մարդն աշխատել է, պիտի վճարի, եւ չեմ հասկանում նրանց, որ աշխատավարձի պարտքեր են կուտակում: Համայնքային ապարատը չենք ուռճացրել. աշխատանքի ենք ընդունել այնքան մարդու, որքան որ կարող ենք վճարել:
Չեմ դժգոհում այսօրվա տնտեսական վիճակից ոչ թե նրա համար, որ  այն  լավ է կամ վատ է , եւ չեմ էլ սիրում դժգոհողներին : Չգիտեի՞ն` ինչ բեռի տակ են մտնում, որ հետո դժգոհում են: Ինձ երբեմն էլ հանդիմանում են` էս  երկրից չես՞: Էս երկրից եմ ու զգում եմ, որ լավ լինի, վատ լինի, դժգոհում են, էություն է դարձել: ՈՒզում եմ, որ իմ լավատեսությունը, համակի մյուսներին: Սա շատ ավելի կարեւոր եմ համարում, քան` նյութական որեւէ խնդրի  լուծում:
Չեմ հասկանում տնտեսական ճգնաժամ  ասվածը գյուղում: Հողը կա, ծառը կա, ջուրը կա, ամեն ինչ իր տեղում է, հոգեբանությունն է սպառողի դարձել: Դպրոց գնացող գյուղական երեխան հագ ու կապով չի զիջում քաղաքի երեխային: Իսկ ո՞վ ասաց, որ ապրելը  հեշտ է, վաստակելը հեշտ է: Դժվար է, բայց պիտի կարողանալ նաեւ դժվարը իմաստավորել:
Իմ  կարծիքով` չլուծվող խնդիր չկա. կա խնդրի լուծումից խուսափելու հազար ու մի պատճառաբանություն: Գյուղը մանկապարտեզի կարիք ունի, բայց մանկապարտեզի շենք չունենք: Ասենք` չունենք ու հարցը թողնենք երեսնիվա՞յր. հարցին մի լուծում տվել ենք, որը, կարծում եմ, վատ ելք չէ եւ գոհացնում է. ստեղծել ենք մի խաղասենյակ, կահավորել, գորգ ու խաղալիք գնել, 10-12 մանկապարտեզահասակ երեխա ամեն օր սիրով գալիս են խաղում, զբաղվում, մի բան սովորում, իսկ երբ կկարողանանք, մանկապարտեզ էլ կբացենք, ինչին չեմ կասկածում: Եվ  այսպես` բազմաթիվ հարցեր:
Թեեւ գենդերային ասվածին միանշանակ չեմ վերաբերում, բայց կին լինելը ձեռքերս չի կապում  եւ ինձ չի կաշկանդում դիմել հնարավոր կառույցներին, բոլոր հիմնադրամներին, ծրագրերին` գյուղի համար մի լավ բան անելու: Եթե ստանձնել եմ այս աշխատանքը, նաեւ այդ հանգամանքն եմ հաշվի առել: Ստեղծել ենք ամուր եւ վստահելի աշխատանքային մի թիմ, որի նպատակը մեկն է` աշխատել: Համայնքը մի մեծ տուն է, իսկ առանց կնոջ հոգատար ձեռքի  եւ հետեւողականության այն կդառնա թափթփված, չխնամված: Վստահ եմ, որ իմ երազած, իմ ցանկացած համայնքը կստեղծվի: Շատերին իմ  խանդավառությունը տարակուսանք է պատճառում. ասում են` նոր ես, դրա համար ես խանդավառ: Չէ՛, այդպես չէ, նույն խանդավառությամբ էլ իմ կաղամբն ու կարտոֆիլն եմ մշակել: Իսկ ինչի՞ է պետք այն աշխատանքը, որից չես խանդավառվում, որով չես խանդավառում:
Ուզում եմ, որ մարդիկ դուրս գան «հումանիտար  օգնության» թմբիրից եւ հավատան իրենց արածին այնպես, ինչպես որ ես եմ հավատում, որ մեր աշխատանքի արդյունքը մի օր անպայման տեսնելու ենք:

Շուշան   ՄԱՐԳԱՐՅԱՆ   
Հացավանի  համայնքապետ

 

269 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *