ԻՄ ԿՅԱՆՔԻ 36-ՐԴ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ…

21268957_385070831895804_1557036095_n

Ախլաթյանի հիմնական դպրոցի ուսուցչուհի Ֆլորա Գեւորգյանի 36-րդ սեպտեմբերն է: Ասում է՝ ոչ մի առաջին զանգ չի կրկնել նախորդ առաջին զանգին, ու շատ տարբեր են իր բոլոր սեպտեմբերի մեկերը: Մերթ ուրախանում ես, որ նոր սերունդ պիտի կրթես, հայեցի դաստիարակես, քո իմացածը հաղորդես, նրան տանես գիտության անհայտ արահետներով, ու ինքդ նորից ու վերստին ապրես, վերապրես ուսուցանողի՝ հաճելի պահերը, մերթ տխրում ես, որ քո կյանքից մեկ տարի էլ հատիկ-հատիկ գնաց խառնվելու տարիների քո ամբարին՝ հաշտ, անխռով ու վաստակած: Իսկ կոնկրետ այս սեպեմբերի մեկի մասին ուզում է ուրախ, հաճելի բաներ ասել, մի պահ լռում է, ապա ասում՝ գիտես ի՞նչն է ուսուցչի ամենամեծ ցավը. որ տարեցտարի պակասում է դպրոցի աշակերտների թիվը: Ի՜նչ խանդավառությամբ էինք մտնում 20-30 հոգանոց դասարան, այսօր 3-4 աշակերտ կա մեկ դասարանում, ու ցավը անամոք է: Ասում է՝ թեեւ նույն խանդավառությամբ, նույն սիրով ու նվիրումով է դասարան մտնում, բայց սիրտը ցավում է… Հետո կրկին մանկավարժին, դասվարին հատուկ խանդավառությամբ, լավատեսությամբ ավելացնում է՝ բայց գիտե՞ս՝ այդ երկուսի համար էլ նույն սիրով եմ աշխատում, երկուսը լինի, թե՝ տասը, նրանք իմ ազգի սերմերն են, հունդերը, որ պիտի երկիրն ապրեցնեն, հողն ապրեցնեն, գյուղն ապրեցնեն, ազգն ապրեցնեն: Ասում է նաեւ, որ քանակի մեջ չէ որակը, այդ քիչն էլ կարող է որակյալ, առողջ սերմնահատիկ լինել, ու օրինակ է բերում, որ իր դուստրը, ուսմասվարի երկու տղաները, տնօրենի աղջիկը առանց կրկնուսույցի մոտ պարապելու, միայն դպրոցի տված գիտելիքներով, ընդուվել են բուհեր: Ֆլորա Գեւորգյանը չի ընդունում նաեւ այն կարծիքը, որ գյուղական դպրոցի աշակերտները զիջում են քաղաքի դպրոցների աշակերտներին, ու ասում է, որ իր շրաջանավարտներից շատ շատերը դարձել են իրավաբաններ, բժիշկներ, մանկավարժներ:

Ֆլորա Գեւորգյանը սկզբում աշխատել է Դարբասի դպրոցում, 1987-ից՝ Ախլաթյանի: Սիրում է իր կոկիկ, գեղեցիկ, մաքուր դպրոցը, իր աշակերտներին, այն միջավայրը, որտեղ ապրում-աշխատում է, եւ իր բարությամբ, իր կամեցողությամբ, իր նիրվածությամբ մի սրտաչափ էլ ինքն է ավելացնում շրջապատի բարին ու սրտակցությունը: Հարցին, թե առաջվա համեմատ չի՞ պակասել ուսուցչի հարգն ու պատիվը, նեղսրտում է, բացասական պատատսխան տալիս ու հավելում, որ գյուղում հարգում են ուսուցչին, պատկառանք կա նրա նկատմամբ, սեր կա, եւ գյուղացիները քաջ գիտեն, որ իրենց զավակների ճակատագիրը շատ ժամանակ հենց ուսուցիչներն են կերտում, ու նաեւ դրա համար երախտապարտ ու շնորհակալ են շատ…

Կյանքը, սոցիալական դժվարությունները, հազար տեսակ հոգսերն ու խնդիրները չե՞ն իմաստափոխել դպրոցի դերը, կրթության հարգը հարցին պատասխանում է, ասելով, որ դպրոցը կրթության նույն օջախն է, ուսուցիչը՝ սեւ ցելերի նույն ազնիվ ու արդար սերմնացանը, եւ ինքը ոչ միայն գիտելիք ու կրթություն է տալիս, այլեւ ապագա հայ մարդ է ձեւավորում, հայոց հողի վրա ամուր ոտքերով ու խորը արմատներով կանգուն հայ մարդ, եւ դա մեծ պարտավորվածություն է:

Ասում եմ՝ մի քիչ էլ խնդիրներից խոսիր, ասում է՝ դրանք միշտ էլ կան ու կլինեն, բայց ինքը կառչում է թեկուզ՝ փոքրիկ լավից, դրականից ու այդկերպ ապրում եւ աշխատում: Ախլաթյանի դպրոցը 46 աշակերտ ունի, ուրախանում է, որ այս տարի 3 առաջինցի կա, ասում է՝ տեսնո՞ւմ ես՝ ինչի վրա եմ ուրախանում: Նաեւ ցավ է ապրում, որ ուսուցիչը գոնե 10 ժամ պիտի ունենա՝ 0,25 դրույք աշխատավարձ ստանալու, բայց անգամ նման բաները չեն կարող կոտրել, պակասեցնել այն սերը, նվիրումը, որ միայն ուսուցչին է յուրահատուկ, մանկավարժին:

Ասում է՝ Ախլաթյանի դպրոցը լավ ավանդույթներ ունի, հրաշալի մարդիկ է տվել ազգին, գիտությանը, ու այդ դպրոցի ավանդույթները պահպանել-շարունակելը նույնպես մեծ պատասխանատվություն է: Կրթությունից, ուսումից ու դաստիարակությունից բացի, ինչպես ինքն է ասում, իր համար կարեւոր եւ առաջնային է նաեւ հայ մարդ ձեւավորել-դաստիրակաելը, որովհետեւ հայոց հողի վրա պիտի միայն ու միայն հայեցի ապրել…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

690 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *