ԻՄ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՇԱՏ ԿԼՍԵՔ…

2018թ. օգոստոսի 5-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում, 5:2 հաշվով հաղթելով  ադրբեջանի ներկայացուցչին, ազատ ոճի ըմբշամարտիկ Վազգեն Թեւանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հեռուստացույցով դիտում էի այդ մենամարտը: Հատկապես երկու հանգամանք գրավել էին ուշադրությունս` մարզիկի Թեւանյան ազգանունը (մայրիկիս ազգանունն էլ է) եւ ադրբեջանցի մարցակցին հաղթելը: Հետաքրքրվեցի, «փորփրեցի» Եվրոպայի չեմպիոնի ազգանվան ակունքները, արմատները, եւ ով զարմանք` մայրկիս կողմից հեռավոր ազգական էր, ում պապը վաղուց դուրս է եկել Անգեղակոթից եւ ապրում է Արարատում, որտեղ էլ ծնվել-մեծացել է Վազգենը: Այս ամենը տպավորվեց հիշողությանս մեջ ու մնաց… Ամիսներ անց, վերջերս, պատահաբար հանդիպեցի Վազգենին, հաճելի էր Եվրոպայի չեմպիոնի հետ ծանոթանալը, զրուցելը, իմանալը, որ Վազգենը, թեեւ երբեք չի եղել Անգեղակոթում, բայց տեղյակ էր իր արմատների մասին, ու հեռավոր բարեկամի հետ հանդիպումը հաճելի անակնկալ էր նաեւ նրա համար: Եվրոպայի չեմպիոնի հետ զրուցելու եւ նրան հայրենակիցներիս ներկայացնելու պատեհ առիթը բաց չթողեցի…

– Վազգեն, ի՞նչ զգացողություններ ունեիր, քանի որ ոչ միայն Եվրոպայի չեմպիոն էիր դարձել, այլև հաղթել էիր ադրբեջանի ըմբիշին :

-Զգացողություններս բառերով արտահայտել հնարավոր չէ: Անասելի հպարտություն, ուրախություն եւ պատասխանատվություն. ահա այն ամենը, ինչ զգում էի այդ պահին: Ուրախ էի, որ կարողացա հասնել նպատակիս եւ հպարտ, որ Եվրոպայում հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացավ եռագույնը: Ընդհանրապես գորգում տարբերություն չեմ տեսնում, թե ով է հակառակորդս, քանի որ մտածում եմ միայն հաղթանակի մասին, բայց դուք ճիշտ եք հոգեբանական գրոհ եւս կար:

– Ի՞նչ փոխվեց չեմպիոն դառնալուց հետ:

– Ընդհանուր առմամբ` ոչինչ, ես նույն Վազգնենն եմ, նույն հոգեբանությամբ, նույն մարդկանցով շրջապատված, միայն թե` սպորտում հաղթանակած:

– Ինչպե՞ս սկսվեց քո ուղին դեպի սպորտ եւ ինչո՞ւ` ըմբշամարտ:50460013_1978072562498572_6685933391629516800_n

– Փոքր տարիքից եմ զբաղվել սպորտով, ավելի կոնկրետ` տասը տարեկանից, իսկ ըմբշամարտն ընտրեցի ավագ ընկերներիս խորհրդով: Սկզբում սպորտը իմ առօրյա կյանքի մի մասն էր՝ պարապմունքներ, մարզումներ, այնուհետև կյանքիս անբաժանելի մասը` էլի պարապմունքներ, էլի մարզումներ, հետո արդեն` մրցաշարեր, իսկ հիմա, կարծում եմ, որ առանց սպորտ կյանքս անիմաստ կդառնա, քանի որ գրանցած հաղթանակներս ինձ ստիպում են առաջ շարժվել, ոչնչի առաջ կանգ չառնել, միշտ  բարելավել արդյունքներս նորանոր հաջողություններ գրանցելու համար:

– Նշեցիր հաղթանակներդ, պատմիր դրանց մասին:

Առաջին հաղթանակս 2010 թվականին էր Վրաստանում: Հիշում եմ ՝ անչափ ուրախ վերադարձա տուն: 2015 թվականին եւս հաղթանակ ունեցա Եվրոպայում, դարձյալ ուրախ էի: Մինչ Եվրոպայի չեմպիոն դառնալս ունեցել եմ եւս երեք գոտեմարտ` 1: 8 հաշվով հաղթել եմ բուլղարացի մարզիկին, 1: 4 հաշվով` ուկրաինացի, 1: 2 հաշվով` ֆրանսիացի մարզիկներին: Հաղթանակներս ինձ ուժ են տալիս :

– Ո՞վ է ոգեւորում քեզ:

Ընտանիքս, հարազատներս, մարզիչս, ընկերներս: Ես երջանիկ մարդ եմ, շրջապատված լավ, հարազատ, սրտացավ մարդկանցով:

– Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

-Հիմա մասնակցում եմ ուսումնամարզական հավաքի Ծաղկաձորի մարզահամալիրում, այնուհետեւ` դարձյալ մարզումներ: Առաջիկայում կան մրցաշարեր, եւ պետք է լավ մարզավիճակում լինեմ:

– Ո՞րն է Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանի երազանքը:

-Կարծում եմ` յուրաքանչյուր մարզիկի երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին եւ ցույց տալ լավագույն արդյունքը: Բայց ես իմ երազանքի մասին չեմ ասի, որ կատարվի, այդ ժամանակ կհանդիպենք ու մանրամասնորեն կներկայացնեմ: (ժպտում է):

– Առայժմ այսքանով ավարտենք մեր զրույցը: Թե՛ կյանքում, թե՛ սպորտում մաղթում եմ քեզ անկոտրուն կամք, որպեսզի շարունակես նվաճել հաղթական բարձունքներ՝ բարձր պահելով հայ ազգի պատիվը: Ինձ հաճելի էր զրուցել քեզ հետ:

– Նմանապես, մենք դեռ կհանդիպենք, եւ դուք իմ մասին դեռ շատ կլսեք…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *