ԻՄ ՏՈՒՆԸ ՍԻՍԻԱՆՆ Է,- ԱՍՈՒՄ Է ԴՈՆ ՄՔԳԻՆ

Սեպտեմբերին լրանում է խաղաղության կորպուսի կամավոր Դոն Մքգիի՝ Հայաստանում աշխատելու եռամյա պայմանագրի ժամկետը: Բայց նա չի ցանկանում վերադառնալ իր երկիր՝ Ամերիկա, ուզում է մնալ եւ ցմահ ապրել …Սիսիանում: Ասում է, որ կդիմի մեր երկրի կառավարությանը, եւ շատ ուրախ կլինի, որ իրեն տան այդ հնարավորությունը: Զգալով իմ՝ իրեն հառած զարմացական հայացքը, փորձում է պատասխան գտնել, այնքան համոզիչ պատասխան, որ որեւէ այլ հարցի կարիք չլինի: Ասում է, որ շատ է սիրում Սիսիանը, սիսիանցիներին, եւ, համոզված է, որ իրեն էլ Սիսիանում են սիրում: Թեեւ կամավորներ էլի կան այստեղ, բայց, ասում է, որ իր նկատմամբ առանձնակի ջերմ եւ բարեկամական վերաբերմունք կա: «Գուցե դա նրանից է, որ ես տարիքով մեծ եմ, իսկ այստեղ մեծերին շատ լավ են վերաբերվում, ավելորդ բաներ թույլ չեմ տալիս, հանգիստ եմ, եւ ինձ դրա համար էլ հարգում են»,-ասում է Դոնն ու ավելացնում, որ հենց դրա համար էլ իրեն Սիսիանում շատ ապահով ու հարմարավետ է զգում, եւ հիմա իր տունը համարում է Սիսիանը: Հարցիս, թե չի՞ կարոտում իր երկիրը, խորազնին նայում է աչքերիս մեջ, որ թերահավատության նշույլ չլինի ու բացասական պատասխան տալիս: Բայց ավելացնում է, որ կարոտում է  2 թոռնիկներին ու տարեկան մեկ-երկու անգամ գնում է նրանց տեսնելու: Տալիս եմ նաեւ հակառակ հարցը՝ իսկ իր երկիր գնալիս կարոտո՞ւմ է Սիսիանը: Նույն խորաթափանց հայացքով նայում է ինձ ու հայերեն ասում՝ հա: Հետո բացատրում է, թե ինչու է կարոտում, ինչին է կրոտում…

Դոնն աշխատում է «Սալվարդ» հիմնադրամում, աջակցում գյուղատնտեսական, կառավարման, երիտասարդների կրթական ծրագրերին, օգնում նաեւ նույն շենքում տեղակայված «Վորլդ վիժն» գրասենյակին, աշխատանքի բերումով շատ է շփվում տարբեր մարդկանց, 10924154_903866009648384_9079678825121154179_oգյուղացիների հետ ու տեսնում է, թե ինչ դժվար ու ծանր աշխատանք են անում եւ զարմանում ու հիանում է այդ մարդկանցով, որ կարողանում են չնչին գումարով այդքան շատ գործ անել, այդքան շատ աշխատել ու արդյունք ստանալ: Պատմում է, որ դա իրեն հիշեցնում է իր մանկությունը, իր ծնողների դաժան աշխատանքը, երբ իր մանկության տարիներին էլ Ամերիկան նույնքան աղքատ երկիր էր, ու մարդիկ ծանր էին ապրում: «Հիմա ես մեծ մարդ եմ, եւ այնքան լավ եմ հասկանում նրանց»:

Կրկին որսում է իմ զարմացական հայացքը, երբ խոսում է իր մանկության եւ մեծ մարդ լինելու մասին, ու, զարմանքս փարատելու համար, թերեւս առաջին անգամ, իր ասելով, որեւէ մեկին ասում իր տարիքը, ինչից ավելի եմ ապշում՝ յոթանասու՜ն տարեկա՞ն…մի 20 տարի հաստատ սխալվել էի մինչ այս զրույցը:

Պատմում է, որ երբեմն հանդիպում է Հայաստանի այլ վայրերում ապրող եւ աշխատող մյուս կամավորների հետ, եւ ամեն անգամ համոզվում, որ իր բախտը շատ է բերել, որ իրեն բաժին է ընկել Սիսիանը, որ ապրում եւ աշխատում է սիսիանցիների հետ:

Թե ամենից շատ ինչն է հավանում Սիսիանում իմ հարցին պատասխանում է՝ «Սիսիանը շրջապատված է սարերով, շատ գեղեցիկ է, այստեղ ամեն ինչ պատմություն է: Ուխտասարը, Զորաց քարերը, բնությունը բացառիկ հետաքրքիր եւ գեղեցիկ է: Իսկ մարդիկ… Ինչքան տաղանդավոր մարդիկ կան Սիսիանում… «Սիսիան կերամիքսի Վահագնը, պարի Արմանը, Աշոտը Ավագյանը…»: Հետո պապիկի անսքող հիացմունքով նայում է մեր զրույցը թարգմանող ավագ դպրոցի աշակերտուհի Լիլյա Մամիկոնյանին եւ ասում՝ «Հայ թոռնիկներ շատ ունեմ, բայց Լիլյան իմ երրորդ թոռնիկն է»:

Պատմում է, որ սիսիանցի իր ընկերները հաճախ են իրեն հրավիրում իրենց տներ: Ինքը հայերեն չի խոսում, նրանք՝ անգլերեն, բայց հրաշալի «զրուցում են», միմյանց հասկանում, սեղան նստում, կենացներ ասում: Սովորել է խորոված անել, նույնիսկ՝ տոլմա պատրաստել, թեեւ լավ չի ստացվում…

Հայկական եւ ամերիկյան բարքերն ու հոգեբանությանը շատ տարբեր են, բայց ինքը շատ է սիրում մեր փոխհարաբերությունները, հայկական ջերմությունը, միմյանցով հետաքրքրվելը, միմյանց նկատմամ10931214_904005622967756_5156854866527776423_nբ անտարբեր չլինեը, եւ դա իրեն շատ է դուր գալիս: «Վերջերս գիշերը տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո առավոտյան իմ բոլոր հարեւանները եկան եւ ներողություն խնդրեցին, որ ինձ չեն զգուշացրել տնից դուրս գալու մասին: Շատ շոյված էի…»:

Բնակարան կգնի՞ Սիսիանում իմ հարցին բացասական է պատասխանում, հետո հիմնավորում, որ ամերիկյան իր հոգեբանությանն ու մտածողությանն ավելի բնորոշ է վարձով բնակվելը, որ հետո կարողանա այն փոխել… Իսկ մենք սիրում ենք սեփական տունն ունենալ, դա էլ մեր հողին մեր հարատեւ կապվածության հոգեբանության մի մասնիկն է…

Պարապ կամ ազատ ժամանակ չի ունեմում, սիրում է լուսանկարել ու նկարները նվիրել: Սիսիանի 2-րդ դպրոցում ունի խոսակցական անգլերենի խմբակ, նրանց հետ է շատ ժամանակ անցկացնում, իր շենքի բակի երեխաների հետ է երբեմն խաղում դիմացի այգիում, եւ ասում է, որ Հայաստանում մեծերին մի քիչ այլ կերպ են վարվում՝ լավ են վերաբերվում, հարգալից, եւ մեծն այստեղ երբեք իրեն ավելորդ չի զգում: Իսկ իր երկրում թոշակի անցնելուց հետո դու այլեւս ոչ մեկին հետաքրքիր չես:

Ամենից շատ ափսոսում է, որ իր պատանության, ուսումնառության տարիներին ոչինչ չի իմացել հայերի եւ Հայաստանի,Մեծ եղեռնի մասին: Բայց իր սեփական բիզնեսն ունենալու ժամանակ երբ եղել է Թուրքիայում, Տրապիզոնում, իմացել է, որ այնտեղ քրիստոնյաներ են ապրել, որոնց տեղահանել են, իսկ այնտեղի հայկական եկեղեցիների մասին էլ ասել են, որ կաթոլիկ եկեղեցիներ են: Բայց հիմա շատ է կարդում եւ շատ բան գիտի հայոց պատմությունից, Մեծ եղեռնից: Աբսուրդ է համարում Գալիպոլիի ճակատամարտը Ապրիլի 24-ի օրվա հետ հարմարեցնելու՝ թուրքական կառավարության քաղաքականությունը…

Իր երկրում ունեցել է սեփական՝ համակարգչային բիզնես, բայց համալսարանական կրթությամբ ժուռնալիստ է…եւ զրույցի ընթացքում ինքն էլ մի քանի հարց տվեց ինձ՝ ասելով, որ համակարգչային թարգմանող ծրագրի օգնությամբ կարդում է իմ հոդվածները եւ շատ հավանում…

Երկար, երկար տեւեց մեր զրույցը: Հետո, երբ պիտի ավարտեինք այն, հարցրեցի, որ հիմա պիտի գնա տուն ճա՞շ պատրաստի: Ժպտաց ու ասաց՝ չէ: Երեկոյա՞ն է պատրաստելու,- նորից հետաքրքրվեցի ես:

Դոնը, դեմքի շատ հետաքրքիր արտահայտությամբ, ասաց.

-Երբ որ բարձրանում եմ իմ բնակարան, եւ շենքի մուտքից տոլմայի հոտ եմ առնում, արդեն գիտեմ, որ հրավիրված եմ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

24.01.2015

2 մեկնաբանություն ԻՄ ՏՈՒՆԸ ՍԻՍԻԱՆՆ Է,- ԱՍՈՒՄ Է ԴՈՆ ՄՔԳԻՆ հոդվածին

  1. Նելլի Հովսեփյան says:

    Շնորհակալություն բարի, չափազանց բարի հարցազրույցի համար. շատ տպավորվեցի…

  2. Լիլիա Մամիկոնյան says:

    Հաճելի միջավայր, հաճելի հարցազրույց … Մեր սիրելի Դոն պապիկին տեսնելիս համոզված եմ` բոլորս էլ ինքնաբերաբար ժպտում ենք:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *