Ինձ թվում էր բոլոր նկարիչներին Զախար են ասում…

Զախարը…
Այս օրերին շատ են խոսում հայտնի սիսիանցիների մասին: Համարյա բոլորին էլ ճանաչում եմ, բոլորից էլ փորձել եմ մի բան սովորել: Այ Քալանթար պապից սովորել եմ առույգ ու կայտառ մնալու, լավատեսության նուրբ արվեստը, իսկ բժշկուհի Օլյայից` սիրված ու հարգված լինելու գաղտնիքը, թեպետ նրա հետ առանձնապես շփում չեմ էլ ունեցել, բայց միշտ զգացել եմ նրա կշիռը Սիսիանի մեջ:

Իսկ Զախար Խաչատրյանից սովորել եմ, թե ինչպես իրեն պետք է պահի սիսիանցին: Այնպես, ինչպես իր պահվածքն էր, իր կեցվածքը:
Լուս ու մութ տարիներին հաճախ էի տեսնում նրան, նա դասավանդում էր Գեղարվեստի ֆակուլտետում: Հասնում էր մասնաշենք, ուղղում կոստյումը, ձեռքով շտկում մազերը, բարևում բոլորին ու էլ չէր երևում: Իսկ ես հիշում էի, որ նրա մասին մեր տանը շատ էին խոսում: Որովհետև իմ քույրիկ Լիլիթը շատ լավ նկարում էր, իսկ իմ քեռի Վիգենը ասում էր մորս.-Լարիս, էրեխու նկարները բեր տանենք Զախարը նայի: Ու, չգիտես ինչու, ինձ թվում էր բոլոր նկարիչներին Զախար են ասում:

Հետո տեսա նրան` ճերմակ մազերով այդ նկարչին, ում Աստված ճերմակ գույնով էր ստեղծել ու հասկացա, որ նա հենց նկարիչ Զախարն է, ով իր գույնը բերեցգեղարվեստի աշխարհ:
Սիսանցիները նրա կնոջը անունով չէին դիմում, ասում էին` Զախարի կինը, իր տղա Ավագին` Զախարի տղա:
-Այ մարդ, ես դրա նման կով կթող չեմ տեսել. մատները նենց արագ է շարժում ,-ասում էր նրանց հարևան Քալանթարի 

տղա Վիգենը Ավագի մասին:
Իսկ Եփրեմվերդին առաջին անգամ Զախարի կնոջ ձեռքին եմ տեսել. նա ծանոթներին գուշակություններ էր անում և դրանով կարծես ուզում էր լրացնել ոչնչով աչքի չընկնող Սիսիանի` իննսունականների բացը:
Հիմա այնքան ուրախ եմ, որ նրանց ուրիշ ճարտարապետությամբ աչքի ընկնող տունը թանգարան է դարձել ու դուռը բացող կա, որ մեծարանք կա այս ընտանիքի հանդեպ:

Խոնարհումս բոլոր նրանց, ովքեր սկսել են գնահատել միշտ ստվերում իրենց պահած, բայց Սիսիանը իրենց անունով ճանաչեցրած անզարդ սիսիանցիներին:

 

Lusine Vardanyan-ի էջից

Լուսանկարները` Արեւհատ Ամիրյանի

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *