ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌՈՒՄ… ԱՐԽԻՎՆԵՐԸ

Մեր հարցազրույցը Հայաստանի Ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցչության ներկայացուցիչ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ է:

-Տիկին Պետրոսյան, ներկայացրեք, խնդրեմ, արխիվի գործառույթները եւ Սիսիանի արխիվային ֆոնդը:
– Նախ` արխիվի նպատակը փաստաթղթերի մշտական, անժամկետ պահպանությունն է: Տարիների, տասնամյակների ընթացքում հավաքվել եւ արխիվային մշակման են ենթարկվել տարածաշրջանի կառավարչական փաստաթղթերը, տնտեսական գրքերը, ծխամատյանները եւ անձնակազմին վերաբերող փաստաթղթերը (հրամանագրքեր, աշխատավարձի ցուցակներ, անձնական քարտեր):
Մեր տարածաշրջանում արխիվային փաստաթղթերն առաջին անգամ հավաքվել են 1928թ.-ին: Մեր արխիվում պահպանվող ամենահին փաստաթուղթը Անգեղակոթի տնտեսական գիրքն է` 1924թ., Սալվարդի տնտեսական գիրքը` 1926թ.: 1927թ.-ից սկսվել է արխիվավորվել տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերի տնտեսական գրքերը:
Սիսիանի շրջխորհրդի գործկոմի նիստերի արձանագրությունները պահպանվում են 1931թ.-ից` ներառյալ` 1996թ.-ը: Ավանային խորհրդի գրքերը` 1937թ.-ից` 1974թ.-ը: Քաղաքային խորհրդի գործկոմի գրքերը`1974-1996թ.թ. :
Պահպանված են շրջխորհրդի գործկոմի բոլոր բաժինների հրամանագրքերը, ինչպես նաեւ մինչեւ 1996թ.ը արտադրական գործունեություն ծավալած հիմնարկ-ձեռնարկությունների բոլոր փաստաթղթերը:
Սիսիանի տարածաշրջանի արխիվը բավականին հարուստ ֆոնդ ունի` 74, այդ թվում` գործավարական`57, անձնակազմին վերաբերող` 17: Ընդհանուր պահպանության փաստաթղթերի թիվը 8226-ն է: Արխիվ չեն մուտքագրվել այն հիմնարկ-ձեռնարկությունների փաստաթղթերը, որոնք ունեն իրավահաջորդներ:
Նախատեսել ենք ստեղծել նոր ֆոնդեր` նոր ժամանակների պատմությանը վերաբերող, ինչպես` Անկախ հանրապետություն, Արցախյան շարժում, Սյունյաց կանայք, Սիսիանի ավանդական գերդաստաններ-տոհմեր եւ այլն: Նպատակը` 88-96թ.թ.-ի մեր տարածաշրջանի պատմության արխիվային բացը լրացնելն է, համալրելը, ի մի բերելը, որն ընդգրկել ենք արխիվի ստեղծման 80-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում:
– Տիկին Պետրոսյան, կարծում եմ` շատերին կհետաքրքրի նաեւ կոմկուսշրջկոմի եւ ՀԼԿԵՄ շրջկոմի փաստաթղթերի ճակատագիրը: Պահպանվե՞լ են:
– Այ՛ո բայց` ոչ մեզ մոտ: Դրանք տեղափոխվել են Երեւան եւ պահպանվում են Հայաստանի Ազգային արխիվին կից հասարակական կազմակերպությունների արխիվում:
– Հաճախ եք 1996թ.-ը վկայակոչում: Իսկ դրանից հետո, ի՞նչ է, արխիվավորում չի՞ կատարվել եւ չի՞ կատարվում:
– Տարիներ շարունակ չէինք կարողանում արխիվավորել նախկին գյուղխորհուրդների եւ կոլտնտեսությունների փաստաթղթերը` գյուղապետերի անպատասխանատվության հետեւանքով, եւ չէր կատարվում փաստաթղթերն արխիվավորելու` պետական որոշումը: Սակայն անցյալ տարի սոցիալական ապահովագրության հիմնադրամի Սիսիանի տարածքային կենտրոնի եւ մեր համատեղ աշխատանքի արդյունքում վերոհիշյալ փաստաթղթերը փրկվեցին կորստից եւ մուտքագրվեցին արխիվ:
Այս փաստաթղթերում մարդկանց ճակատագրեր են, իսկ ճակատագիրը սեփականաշնորհելու իրավունք ոչ ոք չունի:
– Իսկ այժմ կա՞ գործընթացը:
– Ցանկացած հիմնարկ ձեռնարկություն, իրավաբանական անձ, գործատու իրավունք ունի իր մոտ պահել միայն վերջին 3 տարիների արխիվը, այնուհետեւ պարտավոր է այն հանձնել պետական արխիվի տարածքային ներկայացուցչություն: Նույնը` համայնքապետերը, տեղական ինքնակառավարման մարմինները: Վերջին համալրումները պարտադիր ապահովադիրներին գործերն են:
– Առաջին հայացքից կարող է թվալ, թե արխիվը մեռած կամ ի պահ տրված կյանք է, այդպե՞ս է:
– Արխիվը պատմություն է, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, նորից պատմություն դառնալու: Թվում է` մեռած, լռած կյանք: Բայց դա ապրած իրական կյանք է` իր ողջ ժամանակագրությամբ, հազարավոր մարդկանց ճակատագրով, գաղտնիքներով, իրավունքներով եւ այդ իրավունքի պաշտպանվածությամբ: Մարդը, քաղաքացին արխիվում գտնում է իր կորցրած վաղեմի-վաղեմի փաստաթղթերը եւ բերկրանք ապրում, ուրախանում: Դա մեռա՞ծ կյանք է: Ո՛չ: Պարզապես արխիվը լռում է շատ-շատ բաների մասին` անհրաժեշտ եղած ժամանակ խոսելու` փաստաթղթի տեսքով:
– Իսկ ինչի՞ մասին է լռում… արխիվը:
– Երբ թերթում եմ 1934-45թ.թ. արխիվային նյութերը, ապշում եմ: Ինչե~ր են պարունակում այդ լռած արձանագրությունները: 37թ.-ի մի արձանագրության մեջ գրված է, ասենք` հովիվ այսինչին զինովեւական կուսակցությանը հարելու համար պատժել` զրկելով աշխօրից: Պատկերացնո՞ւմ եք` ինչ ահավոր է, նախ` աշխօրից զրկելը, հետո` հովվի` զինովեւական լինելը, թե նա ինչ պատկերացում ուներ Զինովեւի մասին: Կամ` այսինչին հեռացնել կոլտնտեսությունից` հակախորհրդային քարոզչության համար: Զավեշտ է: Բայց դա եղել է մեր իրականությունը, ու այդ կյանքն այժմ լռում է… արխիվում, սակայն` պատրաստ խոսելու:
– Այսօր ի՞նչ խնդիր կա ծառացած արխիվային ներկայացուցչության առջեւ:
– Որպես այդպիսին` չկա, որովհետեւ գործընթացը պետականորեն եւ պետական որոշումներով է կարգավորվում: Փոխվել է վերաբերմունքը արխիվի նկատմամբ:
Տարածաշրջանում գործող ցանկացած հիմնարկ-ձեռնարկություն համարվում է արխիվի համալրման աղբյուր, եւ ըստ սահմանված կարգի լուծարման կամ անվանափոխության դեպքում փաստաթղթերը պարտավոր է հանձնել արխիվ: Եվ քանի որ մեր ֆոնդերը համալրված են, ցանկացած քաղաքացի ցանկացած պահի իրավունք ունի եւ կարող է վերականգնել իր կորցրած փաստաթղթերը: Արխիվն էլ պարտավոր է պատշաճին ծառայություն մատուցել, որովհետեւ դա նրա պետական պարտականությունն է:
Արխիվը համարվում է պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից, լիովին անձեռնմխելի է եւ պաշտպանված:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *