ԻՆՉՈ՞Ւ ԱՊՐԻԼԻ 14-Ը ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ՀԱՄԱՍԻՍԻԱՆՅԱՆ ՏՈՆ

Սյունիքի մարզպետարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ Համո Սահյանի պուրակում կազմակերպվեց Սահյանի ծննդյան 99 ամյակին նվիրված միջոցառում:

Ներկա էին եւ Սահյանի պոեզիայի ու նրա մարդկային նկարագրի մասին խոսեցին բանասիրական գիտությունների դոկտորներ Կիմ Աղաբեկյանը, Դավիթ Գասպարյանը, Սահյանի ընկեր ու բարեկամ, պետական գործիչ, նրա պոեզիայի խորագիտակ Վլադիմիր Մովսիսյանը, քույրը` Հասմիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, թիվ 4 դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը, այլք:
Ի տարբերություն նախորդ տարիների, Սահյանի ծննդյան այս տոնակատարությունը ինքնատիպ էր նրանով, որ այն փորձեցին տոնի վերածել ԵՊՏՀ համալսարանի ուսանողները: Սահյանի դիմապատկերով շապիկներ կրող երտասարդները հնչեցրեցին նրա գողտրիկ տողերը, հնչեցին Սահյանի բանաստեղծություններով գրված հրաշալի երգերի ձայնագրություններ` հայ երգարվեստի նշանավոր գործիչների կատարմամբ:

Բանասիրական գիտությունների դոկտոր` Դավիթ Գասպարյան

Բանասիրական գիտությունների դոկտոր` Դավիթ Գասպարյան

Ապրիլի 14-ը Սահյանով լեցուն օր դարձնելու եւ սիսիանցիներին  պոեզիայի տոն պարգեւելու այս նախաձեռնության ջատագովներից մեկը` ԵՊՏՀ  ռեկտոր Կորյուն Աթոյանը իր խոսքում ասաց. «Մեծերը մեզանից տարբերվում են նրանով, որ նրանք, մեզ նման լույս աշխարհ գալով, մեզ նման չեն հեռանում աշխարհից: Նրանք ապրում են մեզ հետ, մեր մեջ, մեր կողքին»:
Սիսիանցիները Սահյան շատ են սիրում: Շատերը բերանացի գիտեն նրա   բանաստեղծությունները: Ու սիրում են ոչ թե նրա համար, որ Սահյանն իրենց հայրենակիցն է, այլ` իրենք նաեւ շատ Սահյանական են` ընկալումների, վերաբերմունքի, գնահատումների առումով: Հողի, քարի, մարդկայինի պաշտամունք ունեն: Գուցե` բնաշխարհից է, լեռնաշխարհից, օդ ու ջրից, ապուպապից, «հողոտ, հողածին» լինելուց:
Ու յուրաքանչյուր սիսիանցի  թե իր, թե` բոլորի համար երազում է այն օրը, որ Սահյանի ամյակներն էլ, ոչ միայն` կլոր, վերածվեն համասիսիանյան տոնի` պոեզիայի տոնի, մշակութային տոնի, հոգեւորի տոնի: Երազում են ու … սպասում:
Այս տարի էլ էինք սպասում: Տոնը, կարծես, ակնկալելի էր:
Եղանակն էլ բարեհաճ էր եւ …անանձրեւ, ի տարբերություն նախորդ տարիների:
Հյուրերը` պատվարժան մարդիկ, հիմնականում` գրականության ասպարեզից, Սահյանագետ, Սահյանասեր: Ելույթները` հոգեպարար, բառը, միտքը` իր ետեւից տանող: Հիացմունքը` ներկաների դեմքին դրոշմված: Հիացմունք` ոչ միայն Սահյանի պոեզիայի հանդեպ, այլեւ` գեղեցիկ խոսքի, մտքի, խոհի, խորհի:
«Եսmarch-3 խոնարհվում եմ այս հողի առաջ, այս ժողովրդի առաջ, որ Համո Սահյան է տվել: Այս հողի հարստությունն է Սահյանը` նետված աշխարհին: Եվ ուրախ եմ, որ այս անպոետիկ մեր ժամանակներում Համո Սահյանը պոեզիայի այսքան սիրահարներ է հավաքել իր արձանի շուրջ»,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Աղաբեկյանը, ու բոլորս համամիտ ենք նրա հետ:
Խոսելով Սահյանի պոեզիայի արժեքների, խորքերի եւ խորհուրդների մասին` գրականագետն ավելացնում է`«Սահյանը մեզ համար լոկ մարդ չէ, լոկ քաղաքացի չէ, Սահյանը հայրենիք է, Սահյանը մայրենի լեզու է, Սահյանը խորհուրդ է», ու բոլորս համամիտ ենք նրա հետ:
Խոսում է նրա Հասմիկ քույրը, ու երանի ենք տալիս մեր աչքերին, որ Սահյանից մի «մասնիկ-մասունք» ենք տեսնում, խոսում է Վլադիմիր Մովսիսյանը, ու երանի ենք տալիս նրան, որ տասնամյակներ շարունակ նրա  ընկեն ու բարեկամն է եղել:
Խոսում է տարիքով ավելի երիտասարդ  ԵՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ասում, որ Սահյանն իրեն ուղեկցում է իր ծնված օրվանից, մտքում ասում ենք` մեզ էլ, արտասանում են, մենք` էլ` մտքով կամ` ցածրաձայն կրկնելով ասմունքողին …
Բայց… Բայց ինչո՞ւ ապրիլի 14-ը, միեւնույն է, համասիսիանյան տոն չի դառնում` մեզ համար, Սիսիանի համար, երկրի համար, պոեզիայի համար, մշակույթի համար, հոգեւորի համար:
Ինչո՞ւ: Դուք կարո՞ղ եք ասել:
Ասում են` հարյուր ամյակին են սպասում: Իննսունն անցել է, տեսել ենք, վախենամ…
…Եթե ներկա չլինեին հյուրերը, երեւանից եկած համալսարանական ուսանողները, քաղաքային համայնքի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները, մի քանի աmarch-4յլ անձինք, պիտի մտածեիր, որ ցանկացած դպրոց ի վիճակի էր նման միջոցառում կազմակերպել:
Սահյանի պուրակը պիտի լեփ-լեցուն լիներ, պիտի ժողովրդին տեղ չլիներ, պիտի համասիսիանյան խանդավառություն ու տոն լիներ, պիտի… Չեղավ: Ինչո՞ւ:
Եվ` ոչ միայն: Դեռ ընթացող միջոցառումը կեսից լքեցին պաշտոնյաները, երբ ավարտվել էր արդեն «պաշտոնական» մասը, նրանց հետեւից, բնականաբար, կամ` ոչ բնականաբար, հեռացան ենթակայության կառույցների աշխատողները, քաղաքապետարանի աշխատակիցները: Եվ … ստացվեց այնպես, որ…Սահյանի պուրակում մնացին միայն Երեւանից եկած համալսարանական ուսանողները` մինչեւ վերջ կատարելով իրենց նախատեսած բոլոր համարները, սպառելով իրենց ծրագիրը:
Ու թվաց, թե տոնը, կարծես, միայն նրանցն էր: Վերջում մնացել էին նրանք, Սահյանի  Հասմիկ քույրը, մեկ էլ …Սահյանը:
ՆԱ այդ օրը մյուսներին …բացակա դրեց:
Հարյուրամյակին համասիսիանյան մշակութային ու պոեզիայի տոն կդառնա՞ Ապրիլի 14-ը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
14․04․2013թ․

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *