Ինչո՞ւ է Ս. Զատկին նախորդող շաբաթը կոչվում «Ավագ»

Հայոց Եկեղեցու ծիսական կյանքում Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է «Ավագ», որովհետև այն տարբերվում է տարվա մյուս շաբաթներից:

«Ավագ շաբաթը» մեզ պատմում է Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերի մասին` Նրա ուսուցումների, մատնության, չարչարանքների, մահվան, թաղման և հարության մասին: Նմանապես այս շաբաթվա ամեն օրն է անվանվում «Ավագ»` ունենալով օրվան պատշաճ հատուկ սուրբգրային ընթերցվածները և խորհուրդը:

Քրիստոնյայի կյանքում կարևոր այս շաբաթը պատեհ առիթ է` անդրադառնալու մեր կյանքին և հոգևոր մեր վիճակին` խորհրդաբար ապրելով Տիրոջ վերջին օրերը և երբեք չմոռանալով Հարության ավետիսի մասին:

Ավագ երկուշաբթի

Նվիրված է աշխարհի արարչագործությանը: Օրվա ավետարանական ընթերցումներում հիշատակվում է Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը և անպտուղ թզենու պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:18-22):

Թզենու պտուղը խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը պատժվելու է անպտուղ թզենու նման:

Օրվա խորհրդով նախ պետք է ի խնդիր հավատի մաքրության սովորենք պատշաճ վերաբերմունք դրսևորել սրբությունների հանդեպ և բարի գործերով մշտապես վկայենք մեր հավատը, փաստենք մահվան հանդեպ Քրիստոսի հարության հաղթությունը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *