ԻՆՉՈ՞Ւ Vorotan.am ԿԱՅՔԻՑ ՀՈԴՎԱԾ ՀԱՆՎԵՑ

Untitled-3

Լրագրողական եւ խմբագրական իմ երկարամյա աշխատանքի ընթացքում առաջին անգամ ստիպված ենք եղել հոդված հանել կայքից,  թեեւ թերթի տպագիր տարբերակում («Որոտան» հուլիսի 4, 2014թ., թիվ 6, 177) այն արդեն հրապարակվել էր:
«Շրջանավարտներս հիասթափված ենք» վերնագրով հրապարակումը հեռացնելով կայքից՝ հաշվի էինք առել մի քանի կարեւոր հանգամանք, իսկ բազմաթիվ հետաքրքրվողներին հավաստիացրել հետագայում անդրադառնալ դրան՝ լույս սփռելու այդ «առեղծվածի» վրա:
Նշենք, որ «Շրջանավարտներս հիասթափված ենք» վերնագրով հոդվածի հրապարակումից ժամեր անց դիտումների թիվն հատել էր 1600-ի սահմանը, հավանումների թիվը հասնում էր 300-ի: Այդ թվերն աճում էին րոպե առ րոպե…
Բայց՝ հոդվածը հանվեց կայքից: Ինչո՞ւ:
Միանշանակ է, որ հասունության ատեստատ ստացած, նոր կյանք մտնող շրջանավարտները հասկացել էին «Որոտանում» հրապարակայնորեն կարծիք հայտնելու իրենց քայլի ողջ լրջությունը, պատասխանատվությունը, այլապես իրենց կարծիքը բարձրաձայնելու համար չէին փորձի հանդիպել ա́յդ լրատվամիջոցի հետ:
Հիշեցնենք, որ վերը նշված հոդվածում հեղինակը, հանդես գալով մի քանի ընկերների անունից, այդպես էին պայմանավորվածությունը ձեռք բերել, հիասթափություն էր հայտնել Սիսիանի քաղաքապետարանից եւ քաղաքապետից՝ ավագ դպրոցի շրջանավարտներին վերջին զանգի արարողության ժամանակ խոստացած, այնուհետեւ զանազան՝ հարգելի եւ օբյեկտիվ պատճառներով հետաձգված, ապա՝ վերջնական օր նշելուց հետո էլ իրենց տված «օրիգինալ» միջոցառում կազմակերպելու խոստումը այդպես էլ չկատարելու համար:
Հրապարակումը «բում էր» առաջացրել…
Եվ սկսվել է «հաշվեհարդարային» մի գործընթաց հոդվածի տպագրումը նախաձեռնողների նկատմամբ՝ անսպասելի, զարմանալի, անակնկալ հետեւանքներով…
Ուրիշ որակում չենք կարող տալ հետագայում ծավալված զարգացումներին, քանի որ այն, իսկապես, հաշվեհարդարային է եղել՝ ավարտական քննությունների շեմին:
Հոդվածի հեղինակն էլ հայտարարվել է «երախտամոռ, ապերախտ»:
Իրականում, սակայն, նրանց «մեղքը» սեփական կարծիք ունենալն ու այդ կարծիքը բարձրաձայնելն է եղել ընդամենը…ինչը ցնցել է շատերին:
Ու սկսվել է նրանց «դատ ու դատաստանը», անշուշտ, քաղաքապետարանի «ամենաօրիգինալ» պաշտոնյայի՝ Սլավիկ Դադաշյանի ակտիվ դերակատարմամբ ու անմիջական մասնակցությամբ, ով նույնիսկ «Որոտանի» խմբագրին «քաղաքապետարան կանչելու եւ հերքում տպագրել պահանջելու» այնպիսի անհեթեթ դեր է վերապահել իրեն, որ քմծիծաղի է արժանի միայն…
Ասենք նաեւ, որ այդ ընթացքում ավագ դպրոցի շրջանավարտներից շատերը զանգահարում էին մեզ եւ իրենց սատարումը հայտնում հոդվածի հեղինակին ու բոլոր նրանց, ովքեր «հրավիրվել էին բացատրություն տալու», եւ հավաստիացնում, որ նրանց համախոհների թիվը շատ ավելի մեծ է:
Թե ինչ մեղադրանքներ հնչեցին ու գրվեցին «երախտամոռ», «ապերախտ», «արկածախնդիրների մասին», հայտնի են եւ պահպանված են գրառողների էջերում:
Սիսիանի ավագ դպրոցի կայք-էջում գրված է. «…ցավոք, սովորական սկիզբ չունեցավ ամփոփիչ մանկխորհը: Շրջանավարտներից մեկը՝ հումանիտար հոսքի աշակերտուհի Լիլիթ Հովհաննիսյանը  իրեն իրավունք էր վերապահել սեփական կարծիքը արտահայտելու որպես համադպրոցական դժգոհություն, ու իր «հիասթափությունը» դարձնելու անհասկանալի ամփոփիչ գնահատական: Բոլորը զուսպ զայրույթով տվեցին իրենց գնահատականը»:
Միանգամից ասենք, որ թեեւ մեր արխիվում պահպանվում է հոդվածը, եւ այն առկա է նաեւ տպագիր, հեղինակը բոլորվին էլ այն չի դիտարկել «որպես համադպրոցական դժգոհություն», ու իր «հիասթափությունը» չի դարձրել անհասկանալի ամփոփիչ գնահատական». նման միտք, նման գրառում այդ հոդվածում չկա:

Մյուս կողմից՝ եթե դա հեղինակի անհատական «հիասթափությունն» էր, ինչո՞ւ էին խառնվել իրար, ինչո՞ւ էին հեղինակից պահանջել հերքում գրել եւ ստիպել հրաժարվել հոդվածի հեղինակումից: Աղջիկը, սակայն, չի հրաժարվել:

Հոդվածում խոսք չկա «բոլոր» շրջանավարտների՝ հիասթափվելու մասին, եւ հեղինակը բոլորի անունից չէ, որ խոսել է, ինչն այդպես շահարկեցին ոմանք: Հեղինակը չի գրում՝ բոլոր շրջանավարտները, գրում է՝ շրջանավարտներս՝ Ս ստացական հոդով՝ շեշտելով այդ օրը հրապարակում եղած կոնկրետ խումբ, ովքեր որոշել էին բարձրաձայնել իրենց հիսաթափության մասին՝ զանգահարելով խմբագրություն:
Մանկխորհում փնովելով-դատափետելով հոդվածի հեղինակին՝ բոլոր շրջանավարտների անունից հանդես գալու իրավունք չունենալու համար, ավագ դպրոցի կայքում  գրել են՝ «Բոլորը (մանկխորհի մասնակիցները.-խմբ.)զուսպ զայրույթով տվեցին իրենց գնահատականը» խոսքը:
Իրո՞ք՝ «բոլորը»…Եվ մանկավարժորեն պատշա՞ճ է բոլորի փոխարեն թեկուզ՝ «զուսպ զայրանալը»…
Զարմանալի եւ ապշեցնող է նույն գրառման՝ «այն աշակերտը, որ սեփական գրքույկը հրատարակելու հարցում ստացել էր դպրոցի և քաղաքապետի ջերմ աջակցությունը, կարող էր ավելի համեստ լինել իր հիասթափության ու արտահայտման ձևի մեջ և բավարար համարեր միջոցառումների այն շարանըոր դպրոցն արդեն կազմակերպել էր» հատվածը:

Ստացվում է՝ աջակցելը պիտի ակնկալել որպես «ձայնազրկության» փոխհատուցում եւ մարդու՝ սեփական կարծիք ունենալու իրավունքի վաճա՞ռք…
Մինչդեռ՝ հայտնի է, որ քաղաքապետն աջակցել է ո́չ թե բանաստեղծական գրքույկի հրատարակմանը, այլ՝ տպագրվելուց հետո է գնել որոշակի քանակություն, ընդ որում՝ ո́չ սեփական գրպանից, ինչը, թեպետ, նույնպես աջակցություն է, բայց՝ տպագրելն ու տպագրածը գնելը տարբեր բաներ են: Եթե տարբեր չլինեին, տպագրությա́նն աջակցելու խնդրագիր չէին գրել տա քաղաքապետարանում, ինչն արդեն հիասթափեցնող է…
Ավագ դպրոցի ուսուցչուհիներից մեկն էլ, անունը նշելը հիմա էական էլ չէ, կարող եք ինքներդ գտնել ֆեյսբուքյան իր էջում, գերագնահատելով իր անձը կամ՝ ոտնահարելով մանկավարժի իր կոչումը, գրել է՝ «Ի՞նչ իրավունք եք ձեզ վերապահում խոսել դպրոցի անունից, ի՞նչ քաղաքականություն եք որդեգրելի՞նչ իրավունքովչ՞է որ Սիսիանի ավագ դպրոցըտնօրեն Նաիրա Ներսիսյանի գլխավորությամբ, միջոցառումների շարք ապահովեցդուք էլ հանդես եկաք ձեր երգ ու պարով, ուրիշ ի՞նչ պահանջներ ունեք»:

Ումի՞ց էր այս մանկավարժը այսպես «դոշ տված» պաշտպանում ավագ դպրոցի տնօրենին՝ աշակերտների՞ց…
Իսկ տնօրեն Նաիրա Ներսիսյանն ունե՞ր նման «էժանագին» եւ ոչ տեղին «պաշտպանության» կարիք, մանավանդ, երբ հոդվածում ընդհանրապես դպրոցի մասին խոսք էլ չկար…
Տպավորությունն այն է, որ գրառման հեղինակը, ի տարբերություն շրջանավարտների անկեղծ հիասթափության, քծնում է քաղաքապետին եւ տնօրենին՝ իրեն իրավունք վերապահելով «սահմանել ուրիշի՝ սեփական իրավունք ունենալու իրավունքը»: Տհաճ է ու հակամանկավարժական:
Բայց՝ քննարկվող թեմայի խնդիրը բոլորովին ուրիշ տեղ է, ինչը ոչ ոք… «չնկատեց», կամ՝ չնկատելու տվեց…
Այն, որ պաշտոնյաները խոստացել-խաբել էին նոր կյանք մտնող, լուսավոր պատկերացումներով երիտասարդներին՝ դառնալով նրանց հիասթափության եւ հոդված գրելու պատճառ, դա «զգուշորեն» շրջանցվեց եւ անտեսվեց բոլորի կողմից…
Միաժամանակ՝ փորձ արվեց ճնշել ազատ խոսքը, մարդու՝ ազատ արտահայտվելու իրավունքը:
Ցավոք, սկսեցին մեղադրել անգամ, թե շրջանավարտն ո՞վ է, որ կարծիք ունենա եւ գնահատական տա…Աղասի Հակոբջանյանին
«Դուք չէ, որ պիտի գնահատեք քաղաքապետին ու նրա կատարած աշխատանքները»,- գրել է վերոհիշյալ ուսուցչուհին: Բա՝ ո՞վ պիտի գնահատի, հարգելի մանկավարժ, եթե ոչ՝ այս քաղաքի բնակիչը, եթե ոչ՝ երիտասարդները: Համենայնդեպս՝ ոչ դու, որ, չարաշահելով քո իրավունքները, քեզ իրավունք ես վերապահում խոսել ուրիշի իրավունքից: Դո՞ւ ես որոշելու՝ ում թույլատրել՝ գնահատական տալ քաղաքապետին կամ՝ չտալ…Դա էլ է՞ մանկավարժի քո դրույքի մեջ մտնում…
Ինչ վերաբերում է նույն մանկավարժի գրած՝ «դուք էլ հանդես եկաք ձեր երգ ու պարովուրիշ ի՞նչ պահանջներ ունեք»  շողարձակ մտքին, եզրակացությունը դուք արեք…

Հոդվածի հրապարակումից մեկ-երկու օր հետո Սիսիանի մշակույթի տանը տեղի ունեցած արվեստի դպրոցի հաշվետու համերգի ժամանակ այս թեմայի շուրջ իր «լպրծուն» կարծիքն է հայտնել «օրիգինալ տոն» արտահայտության հեղինակը՝ Սլավիկ Դադաշյանը, հայտարարելով, թե «չկայացած» մարդկանց թելադրանքով մի երկու հոգի աղմուկ են դրել, թե ինչու շրջանավարտների տոն չարեցիք, ու իրեն բնորոշ ձեւերով «հանդիմանել» նրանց, թե ինչ պարտադիր էր տոնը, զոհված ունեինք…
Զինվոր էր զոհվել, բայց խոստացած տոնի՝ երեխաների պաշտպանության օրը, «դվա վադնոմի» մանիպուլյացիայով, ՄՊՍԿ-ի տարեկան հաշվետվությո՞ւնն էին «սաղացնում» սիսիանցիների վրա իբրեւ քաղաքային հերթական միջոցառում…
Զինվոր էր զոհվել… բայց երաժշտություն էր զլած հրապարակում…
Զինվոր էր զոհվել, բայց ճոխ հրավառություն արեցին…ինչպես շատ դիպուկ ներկայացվել էր հոդվածում՝ ասելու, մենք մեր ճոխ խոստումը կատարել ենք, դուք չէիք եկել…
Թե «չկայացած մարդիկ» ասելով ում է նկատի ունեցել բոլոր հասարակարգերի եւ բոլոր ղեկավար-տերերի օրոք «ջրի երեսին լողացող» սույն պաշտոնյան, ինքը կիմանա, բայց եթե «կայանալու» ձեւն էլ իր իմացած ու կիրառածն է, աստված հեռու պահի «կայացածի» նրա՝ անհասանելի տեսակից…
Եվ այս դիմապատկերին՝ երիցս փառք ու պատիվ այս երիտասարդներին, որ կայանալու բոլորովին այլ ճանապարհ են ընտրել՝ համարձակ են ու անկաշկանդ, ազնիվ ու սեփական կարծիք ունեցող, այդ մասին՝ բարձրաձայնող, ընկերոջը հետագա հարվածներիզ զերծ պահելու մղմամբ՝ լրատվամիջոցից հոդված հեռացնել տալու համառ կամքով, ինչը նրանց՝ արդեն կայացած լինելու անառարկելի հաղթաթուղն է…
Մեկ դիտարկում եւս.
Ոմն  Narek Khachatryan  այսպիսի մեկնաբանություն է գրել՝ amot amot Lilit Hovhannisyan@ tenc baner chi asel shoxovurt es erexu mi bar@ verce sargela esim inch te du el lragrox es getin@ mti 17 tarekan erexun ogtagorcum es qaxaqapetin pnovelu hamar getin@ mteq vor esor es erexen etqan stresi entarkvec henc cer patcharov… es erexeqin pxtorum es u paraktum eqa mardik eq gone hamaxmbveq mi arcunqi hasnenq urishnerin cicaxecnel eq talis mer Sisiancineris vra….
Ամոթը, նախ, բազում սխալներով գրված այս տգետ, անգրագետ , օտարամոլ-օտարագիր հեղինակին է:
Հայտնի խոսք կա, չէ՞, ամենքը իր չափով է չափում… Եթե Նարեկ Խաչատրյանն օգտագրոծվում է, ուրիշների մասին այլ կերպ մտածել չի կարող: Իսկ այսպիսի գրառում կատարելը, անշուշտ, նրա էության եւ մտածողության արտացոլանքն է, ով արժանի չէ անգամ պատասխանատվության կանչվել՝ զրպարտանքներ բարբաջելու համար…

Հ.Գ. Դառնամ եւ խորին կարեկցանքս ու ցավակցությունս հայտնեմ քաղաքապետարանամերձ այն մարդկանց, ովքեր շատ են ջանացել, շատ ցանկացել, շատ փորձել, որ խնդրահարույց հրապարակման նախաձեռնողները ոչ թե այդ մի քանի շրջանավարտը լիներ, այլ՝ լրատվամիջոցը նրանց ներքաշած լիներ, ինչը՝ չի ստացվել, չի հաջողվել, չեն կարողացել…
Ուստի դառնամ եւ հիացմունքս հայտնեմ այս երիտասարդներին, որ ոչ մի կերպ չծախվեցին, չվախեցան եւ չհրաժարվեցին իրենց արածից, ու հույսս բոլորեմ-լրեմ-ամբողջացնեմ՝ հավատով, որ Սիսիանի արժանապատիվ վաղը երաշխավորված է…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
30.06.2014թ.

 

1,890 դիտում

Մեկ Արձագանքման ԻՆՉՈ՞Ւ Vorotan.am ԿԱՅՔԻՑ ՀՈԴՎԱԾ ՀԱՆՎԵՑ համար

  1. zaven -ը գրել է:

    Ուշի ուշով ծանոթացա հրապարակմանը։ Թեպետ այնտեղ հիշատակված անձնավորությունների չեմ ճանաչում՝ ամեն ինչ պարզ է, քանզի սա համահայաստանյան երևույթ է և մոտակա ժամանակներում անլուծելի։ Սա է մեր ազգային նկարագրի բնորոշ մի տարրը, քծնել վերադասին, այպանելով ճշմարտությունը։ Դրա համար էլ ձեր քաղաքապետը լրիվ շանսերն ունի՝ վեընտրվելու։ Ցավոք։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *